«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2004-11-04 | #197, 2004-11-05 | #198, 2004-11-06


ՄՐՑԱՄԱՐՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն ի պատասխան Գարի Կասպարովի ներկայացրած վերջնագրի պաշտոնապես հաստատել է, որ Կասպարով-Կասիմջանով շախմատային մրցախաղը կկայանա հունվարին Դուբայում, ինչպես եւ նախատեսված էր: Սակայն մրցամարտը կմեկնարկի նշված ժամկետից մեկ շաբաթ ուշՙ հունվարի 14-ին: Դա արվել է Գարի Կասպարովի խնդրանքով: Աշխարհի 13-րդ չեմպիոնը մասնակցելու է նոյեմբերի 14-ին Մոսկվայում մեկնարկելիք շախմատի Ռուսաստանի հերթական առաջնությանը, որը բավական ուժեղ կազմ է հավաքել: Ուստի Կասպարովին հնարավորություն է տրվել մինչեւ Դուբայի մրցախաղը հանգստանալ:

Կասպարովը Մոսկվայում հանդիպել է Դուբայի մրցախաղի կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ եւ նրանցից ստացել մրցանակային հիմնադրամի ապահովման երաշխիքներ: Մրցանակային հիմնադրամը 1 մլն 200 հազար դոլար է, որի 20 տոկոսը կփոխանցվի ՖԻԴԵ: Մոտ օրերս Իլյումժինովն ու Կասպարովը կմեկնեն Դուբայ, որտեղ կմասնակցեն մամուլի ասուլիսին, այնուհետեւ միասին կվերադառնան Մոսկվա:

Այսպիսով, արդեն հաստատապես կարելի է պնդել, որ աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար կիսաեզրափակիչ մրցախաղը կկայանա: Հունվարի 14-ին կկայանա մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրը Կասպարովն ու Կասիմջանովը կնստեն խաղատախտակի շուրջ: Մրցակարգով նախատեսված է 12 պարտիա դասական շախմատի կանոններով: Յուրաքանչյուր 2 պարտիայից հետո նախատեսված է հանգստյան օր: Եթե մրցախաղն ավարտվի ոչ-ոքի, ապա փետրվարի 2-ին կանցկացվի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ արագ շախմատի կանոններով: Եթե դրանք էլ չորոշեն հաղթողին, ապա մրցակիցներն ուժերը կչափեն կայծակնային մրցախաղում:

Իլյումժինովը նաեւ տեղեկացրել է, որ շուտով երկու գրոսմայստերներին կհանձնվեն պայմանագրերը, որոնք նրանք պետք է ստորագրեն մինչեւ դեկտեմբերի 1-ը: Հիշեցնենք, որ այս մրցախաղի հաղթողը եզրափակիչում կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետՙ վիճարկելով աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4