Բջջային կապի երկրորդ օպերատորը ի հայտ եկավ մեկ գիշերվա ընթացքում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Պարզվում է, ընդամենը մեկ օրվանից էլ պակաս ժամանակահատվածում, ավելի ճիշտՙ մեկ գիշերվա ընթացքում հնարավոր է միջազգային մրցույթ հայտարարել, ամփոփել այդ մրցույթի արդյունքները, հրապարակել հաղթողի անունը եւ այն էլ այնպիսի կարեւոր եւ տեխնիկապես բարդ ոլորտում, ինչպիսին շարժական (բջջային) կապի ծառայությունն է: Այդ գերօպերատիվ որոշման հեղինակը Հայաստանի կառավարությունն է, որը նոյեմբերի 3-ին հաստատեց «Արմենտելի» լիցենզիայի խմբագրված տարբերակը եւ ստեղծեց մրցութային հանձնաժողով բջջային կապի ծառայությունների մատակարարման լիցենզիա տրամադրելու նպատակով, իսկ նոյեմբերի 4-ին արդեն հայտարարեց մրցույթի հաղթողի անունը: Անգամ հաշվի չառնվեցին այնպիսի «մանրուքներ», որ հունական ՕՏԵ-ն դեռեւս չի հաստատել այդ պայմանավորվածությունները եւ կողմերը դեռ չեն ստորագրել հաշտության համաձայնագիրը: Ո՞րն էր կառավարության նման շտապողականության պատճառը:
Այն, որ բջջային կապի նման խիստ շահութաբեր ոլորտի հանդեպ իշխանությունները առանձնահատուկ հետաքրքրություն էին դրսեւորում, կարելի է եզրակացնել, վերլուծելով «բջջային կապի «Արմենտելի» մենաշնորհը վերացնելուն» ուղղված կառավարության վերջին ամիսների ամբողջ գործունեությունը: Նախ «Արմենտելի» բաց ժողովի ժամանակ կառավարության ներկայացուցիչներիՙ իրենց ոչ բնորոշ ակտիվությունը եւ բջջային կապի ոլորտն ապամենաշնորհելու մասին ժողովը նախագահողի եզրակացությունը հասկանալ տվեցին Հայաստանի իշխանությունների ակնկալիքներն այս հարցում: Սա հաստատվեց հետագայում, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սկսեց խոսել միայն երկրորդ օպերատորի մուտքի հնարավորության մասին, դա հիմնավորելով մեր շուկայի փոքր լինելու հանգամանքով: Անդրադառնալով այդ հարցին, այն ժամանակ նշեցինք, որ Հայաստանում բջջային կապի ոլորտում նոր, արհեստական մենաշնորհ է ուրվագծվում: Իսկ որպես տրամաբանական հետեւություն այն բանի, որ բացի վերին իշխանություններից, ոչ ոք չի կարող հավակնել դրան, նշել էինք հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ բջջային կապի ամենախոշոր ընկերության սեփականատերը նախագահ Շեւարդնաձեի փեսան էր, եւ որտեղ մենաշնորհի բացակայության պայմաններում գործում էին երկու հիմնական ընկերություններ:
Արդեն ավարտված բանակցությունները ՕՏԵ-ի հետ եւ բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորի մուտք գործելու եւ արդեն երկու օպերատորների մինչեւ 2009 թ.-ը առանց մրցակիցների գործելու պայմանավորվածությունները հաստատեցին մեր արած այն կանխատեսումը, որ շուկայում ձեւավորվելու է նոր, իշխանությունների մասնակցությամբ մենաշնորհ:
Եվ վերջապես, կառավարության մի գիշեր տեւած մրցույթը եւ այդ «մրցույթի» «Ղարաբաղ-տելեկոմի» հաղթող լինելու փաստերը որեւէ կասկած չեն թողնում, որ հաղթողը նախապես հայտնի էր: Հիշեցնենք, որ լիբանանյան այս ընկերությունը շուրջ երեք տարի հեռահաղորդակցության, այդ թվում բջջային կապի օպերատորն է Լեռնային Ղարաբաղում, հետեւաբար ընկերության ղեկավարությունը սերտ հարաբերություններ ունի ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի ղեկավարների հետ:
Ընթերցողների վերջին կասկածները ցրելու համար փոքրիկ թվաբանական հաշվարկ կատարենք: Հայաստանում բջջային կապի մոտ 300 հազար հնարավոր բաժանորդներ կան: Եթե յուրաքանչյուր բաժանորդից օպերատոր երկու ընկերություններն ունենան ամսական առնվազն 10 դոլար մաքուր շահույթ, ապա ամսական ընդհանուր շահույթը կկազմի մոտ 3 մլն դոլար: Այսինքն, եթե երկու օպերատորները ունենան հավասար թվով բաժանորդներ, ապա նրանց նվազագույն մաքուր շահույթն ամսական 1,5 մլն դոլար կկազմի: Հասկանալի է, որ նման շահութաբերություն ունեցող ոլորտը չի կարող հայտնվել պատահական մարդկանց կամ ընկերությունների ձեռքում:
Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ սա «Արմենտելի» զիջումն էր Հայաստանի իշխանություններին: Իսկ նման զիջումներն հենց այնպես չեն արվում, մանավանդ որ «Արմենտելը» եւս մեկ տարով գրեթե անփոփոխ է թողել րոպեավճարի ներկայիս չափը եւ անվճար խոսակցության ժամանակը: Փոխարենը կառավարությունը հրաժարվել է միջազգային ելքի (տվյալների փոխանակման) մենաշնորհի վերացումից եւ վերջնականապես «Արմենտելին» զոհաբերել ինտերնետ կամ IP հեռախոսակապը:
Ի դեպ, «Ղարաբաղ-տելեկոմի» մասին: Տպավորություն չստեղծվի, թե դեմ ենք ընկերության գործունեությանը Հայաստանում, հատկապես եթե նկատի ունենանք, որ այն բավականին որակյալ եւ էժան բջջային կապ է մատակարարում Լեռնային Ղարաբաղում: Խնդիրն այլ է, որի մանրամասներին արդեն անդրադարձանք վերեւում: