«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2004-11-04 | #197, 2004-11-05 | #198, 2004-11-06


ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՀԻՄԱ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ

«Մենք մինչ հիմա տեղյակ չենք հանրապետության նախագահի իրական վերաբերմունքին»

Կառավարության հոկտեմբերի 21-ի որոշումը վարձակալական պայմանագրերի ժամկետը 10 տարով երկարաձգելու վերաբերյալ չմարեց կրքերը Դալմայի այգիների շուրջ: Խնդրին հետամուտ հասարակական կազմակերպությունները եւ վարձակալները դարձյալ դժգոհ են: Դարձյալ կառավարության շենքի մոտ եւ քաղաքապետարանի շուրջը Դալմայի այգիների բողոքավորների խմբեր են:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ազգում» հրապարակել է բնապահպանների դիրքորոշումը Դալմայի այգիների հետագա ճակատագրի վերաբերյալ: Նոր որոշման առթիվ նա ասաց.

- Թյուր կարծիք առաջացավ, թե պայքարի արդյունքում կառավարությունը վերջապես զիջումներ կատարեց: Իրականում ոչինչ չփոխվեց, քանի որ այդ որոշումը փաստացի 2003 թ. կառավարական թիվ 1941/Ա որոշման առանձին դրույթների տրամաբանական շարունակությունն էր: Նախկին որոշումը եւս հիմնավորված չէր եւ հակասում է ՀՀ օրենքներին:

Ըստ հավաստի աղբյուրների, նոր ապօրինի որոշումն էլ դեռ որոշում չէ, որոշում է այնքանով, որ այդ մասին հրապարակում է եղել մամուլում: Այն նույնիսկ թվագրված չէ:

Դալմայի այգիների տարածքը համարվում է 533 հա-ն, իսկ պահպանվող տարածքովՙ 780 հա: 256 հա-ն պիտի պահպանվի իբր: Սակայն այդ 256 հա-ի վրա հիմնականում գյուղատնտեսական մշակաբույսեր են աճում, անասնակեր, իսկ մոտ 15 հա ամայի տարածք է, ճահճուտներ:

Գյուղատնտեսական ու ազգագրական արժեքի բարձր հողատեսքերն ու կանոնավոր այգիները գտնվում են այդ 256 հա-ից դուրս, դրանք Դալմայի այգիների հիմնական սերուցքն են: Առանց փորձաքննության, առանց պետական եւ հասարակական մարմիններում լուրջ քննարկումների, դրանք արդեն հիմա դրվում են շինարարության տակ: Բանը հասել է այնտեղ, որ արդեն 2 ամիս քաղաքապետարանն այդ տարածքներն ապօրինաբար աճուրդի է հանել:

Կրկնում եմ, Դալմայի այգիների ամենաարժեքավոր հատվածներում հիմա հողահատկացումներ են կատարվում, եւ մեծ կռիվներ են վարձակալների եւ այն մարդկանց միջեւ, ովքեր աճուրդով գնել են այդ հողերը: Ոչնչացնում են հնագույն այգիները: Կոչնչանա արդեն 3000 տարվա պատմությամբ ինքնահոս ոռոգման համակարգը, քանի որ այդ տարածքները շինարարության համար հարթեցվելու են:

- Իսկ ի՞նչ է լինելու 256 հա-ի ճակատագիրն ըստ ձեզ:

- Դա արդեն Դալմայի այգի չի կոչվի, այլ ընդամենը կդառնա 256 հա հողակտոր, որը ճանապարհային հանգույցի կվերածվի` շրջապատված բնակելի եւ հասարակական կառույցներով: Այստեղ կառուցվում է արագընթաց ճանապարհ, որն առաջին վճարովի ճանապարհը կլինի Հայաստանում: 2 խոշոր ճանապարհներ Հարավ-արեւմտյան թաղամասը պիտի կապեն քաղաքի հետ, եւ մոտավորապես 20 կմ տեղական նշանակության ճանապարհներ կլինեն: Այսինքն, այստեղ արդեն այգեգործությամբ զբաղվելն անհնար կլինի: Նախ այն պարզ պատճառով, որ այդպիսի հագեցած ճանապարհային ցանցին կից գյուղմթերք արտադրելն անթույլատրելի է: Եվ երկրորդ` ըստ ծրագրի այդ տարածքում պիտի կառուցվեն զանազան սպասարկման շինություններ ու ծառայություններ: Այսինքն, 256 հա-ն պահպանելու հայտարարությունները կեղծիք են, դա նույնպես կառուցապատման տակ է ընկնելու:

- Այդ 256 հա թիվը որտեղի՞ց է առաջացել:

- Դա ոչ մի բացատրություն չունի, կամայական գծագրական հաշվարկ է: Երբ Նարեկ Սարգսյանին ու մյուսներին փորձեցինք բացատրել, որ իրենց գծագրած այն տարածքը, որ կառուցապատման տակ է դրվում, ամենաարժեքավոր հատվածն է, չուզեցին ոչ լսել, ոչ այգիներ գալ մեզ հետ:

- Կանաչների միությունը ինչ է մտադիր ձեռնարկել:

- Որեւէ գործուն միջոցի դիմել մեզ խանգարում է այն հանգամանքը, որ մինչ այսօր տեղյակ չենք, թե ինչպիսին է հանրապետության նախագահի իրական վերաբերմունքը: Մենք դիմել ենք նախագահին, եղել ենք աշխատակազմի ղեկավարի մոտ, ազգային անվտանգության գծով խորհրդականի, նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի մոտ: Բոլորը հավաստիացնում են, որ Դալման, իհարկե, կպահպանվի, բայց հետո ընդհանրապես լռում են: Վ. Բարսեղյանի բջջայինը արդեն 5 ամիս չի պատասխանում:

Մենք մոլորության մեջ ենք` չգիտենք, մեր բազմաթիվ բողոքները, այդ թվում եւ մտավորականության հայտնի դիմումը, չե՞ն ներկայացվում նախագահին, թե՞ նախագահը տեղյակ է եւ հատուկ մեր բողոքներին չի պատասխանում: Մենք բազմիցս խնդրել ենք հանդիպում մեր միության փորձագետների եւ նախագահի միջեւ, որ նա լսի մեր կարծիքը, բայց նախագահն ընդհանրապես լռություն է պահպանում:

Կանաչները գործը հանձնել են գլխավոր դատախազին, այն հիմնավորմամբ, որ ոտնահարվում են ոչ միայն վարձակալների իրավունքները, այլեւ պետական շահերը, քանի որ ընթանում են կոռուպցիայի ու հովանավորչության մեծ իրողություններ Դալմայի այգիների կտրվածքով:

- Ես զրուցել եմ վարձակալների հետ, նրանց, ում պայմանագրերը 10 տարով երկարաձգվել են, նրանք խիստ դժգոհ էին այդ ժամկետից:

- Հողերը վարձակալության են հանձնվում ամենաքիչը 25 տարով: Դա օրենքի խախտում է: Քաղաքապետարանը, բացի աճուրդով վաճառվող հողերից, լայնածավալ հողահատկացումներ է անում տեղական ու արտասահմանյան կազմակերպությունների, «Հայռուսգազարդին» պարտքի դիմաց հող է տալիս Դալմայի այգիներից: Դալմայի այգիների հարցում քաղաքապետարանը շրջանցում է ՀՀ օրենքները: Մեր իմացած տվյալներով, կառավարությունը միայն դակիչի դեր է կատարում, եւ ըստ շրջանառվող լուրերի, պատճառը տնտեսական ոլորտների վերաբաշխումն է:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4