Իսկ «Շիրակին» հարկ կլինի հրաժեշտ տալ բարձրագույն խմբին
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտական տուրը տվեց մարզասերներին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Թեեւ առաջնության ավարտին դեռ չորս հանդիպում կա անցկացնելու, սակայն արդեն հայտնի են բոլոր մրցանակակիրներն ու բարձրագույն խմբին հրաժեշտ տվող թիմը:
Ավարտական տուրում վճռորոշ էին «Բանանց»-«Արարատ» եւ «Կոտայք»-«Շիրակ» հանդիպումները: Առաջինում պետք է որոշվեր բրոնզե մրցանակակիրը, երկրորդ խաղումՙ բարձրագույն խմբին հրաժեշտ տվող թիմը: Նշենք, որ այդ հանդիպումներում իրենց նպատակին հասնելու համար «Բանանցին» ու «Շիրակին» բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Արարատցիների հետ խաղում «Բանանցն» արդեն 8-րդ րոպեին բացեց հաշիվը. նպատակին հասավ Հովհաննես Դեմիրճյանի հեռահար հարվածը: Արարատցիների ջանքերը հաջողությամբ պսակվեցին 32-րդ րոպեին, երբ Վահե Թադեւոսյանը գրավեց «Բանանցի» դարպասը: Մնացած ժամանակահատվածում հաշիվը մնաց անփոփոխ: Այսպիսով, երկու թիմերն էլ վաստակեցին հավասար միավորներ: Մրցակարգի համաձայն, այդ դեպքում առավելությունը տրվում է միմյանց միջեւ հանդիպումներում ավելի շատ միավորներ վաստակած թիմին: Այս ցուցանիշով մրցանակային 3-րդ տեղը գրավեց «Բանանցը», որն արարատցիներին հաղթել էր 2 անգամ, պարտվել մեկ խաղում: «Բանանցը» Հայաստանի առաջնություններում 4-րդ անգամ դարձավ բրոնզե մրցանակակիր: Հաջողություն պետք է համարել նաեւ «Արարատի» 4-րդ տեղը զբաղեցնելը, քանի որ թիմը մեկամյա ընդմիջումից հետո էր մրցասպարեզ դուրս եկել եւ կարողացավ արժանավայել խաղ ցուցադրել:
«Կոտայքը» «Շիրակի» հետ վճռորոշ խաղում իրեն հիանալի դրսեւորեց: Աբովյանցիներն առաջին իսկ րոպեներից նետվեցին բուռն գրոհների եւ արդեն 9-րդ րոպեին խաղը շահում են 2-0 հաշվով, շնորհիվ Գոռ Միրզախանյանի եւ Վադիմ Ղահրամանովի խփած գոլերի: Ճիշտ է, շիրակցի Արտյոմ Բեռնեցյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն մինչեւ ընդմիջում Հարություն Հարությունյանը խփեց 3-րդ գնդակը: Ընդմիջումից հետո էլ «Կոտայքի» առավելությունն ակնհայտ էր, թեեւ նոր գոլ չգրանցվեց: Հաղթելով 3-1 հաշվով, «Կոտայքը» շնորհիվ առաջնությունում տոնած ավելի շատ հաղթանակների մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Շիրակին» եւ պահպանեց իր տեղը բարձրագույն խմբում: Իսկ շիրակցիներին հարկ կլինի հրաժեշտ տալ ուժեղագույնների խմբին: Իհարկե, ցավալի է այդ փաստը, քանի որ «Շիրակը» մեր առաջնությունների ամենատիտղոսակիր թիմն է: Ցավոք, թիմը հայտնվել է ֆինանսական անմխիթար վիճակում, որի հետեւանքով մրցաշրջանի սկզբում «Շիրակի» մի քանի փորձառու ֆուտբոլիստներ հեռացան ակումբից, ինչը ազդեց գյումրեցիների մրցելույթների վրա: Ցանկալի կլիներ, որպեսզի ֆուտբոլի ֆեդերացիան հաշվի առնելով այս ամենը, նաեւ այն, որ «Շիրակը» փաստորեն Հայաստանի մարզերը բարձրագույն խմբում ներկայացնող միակ թիմն է (Աբովյանի «Կոտայքում» եւ Աշտարակի «Միկայում» հիմնականում երեւանցի ֆուտբոլիստներ են հանդես գալիս), գյումրեցիներին թույլատրեր մյուս մրցաշրջանում էլ խաղալ ուժեղագույնների խմբումՙ ավելացնելով թիմերի քանակը: Փորձը ցույց է տալիս, որ 8 թիմով ազգային առաջնությունների անցկացումն իրեն չի արդարացնում, հետաքրքրությունն էլ մրցաշարի նկատմամբ գնալով նվազում է:
«Կոտայք»-«Շիրակ» հանդիպումից հետո աբովյանցիների գլխավոր մարզիչ Մարտիրոս Խաչատրյանին խնդրեցինք իր կարծիքը հայտնել. «Այսօրվա վճռորոշ խաղում տղաներն իրենց գերազանց դրսեւորեցին եւ կատարեցին առաջադրանքը: «Կոտայքը» մեծ ներուժ ունեցող երիտասարդ կոլեկտիվ է եւ հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում անհամեմատ ավելի հաջող հանդես կգա: Դրա համար անհրաժեշտ է համալրել կազմը փորձառու ֆուտբոլիստներով: Այդ նպատակով բանակցում ենք ասիական երկրների, Ուկրաինայի հետ: Առաջնության հետնապահ թիմերը պայքարող թիմեր են եւ նրանց շնորհիվ մրցաշարում լարվածությունը պահպանվեց մինչեւ վերջ: Ուստի ավելի նպատակահարմար կլինի ավելացնել բարձրագույն խմբի թիմերի քանակըՙ այն հասցնելով 10-ի»:
«Միկա»-«Դինամո-Զենիթ» հանդիպման ելքը երկու թիմերի համար էլ այլեւս նշանակություն չուներ: Խաղի ելքը վճռեց «Միկայի» հարձակվող Արմեն Շահգելդյանի խփած միակ գոլը: «Կիլիկիա»-«Փյունիկ» խաղն ավարտվեց ոչ-ոքիՙ 2-2: «Կիլիկիայից» գոլերի հեղինակը Նշան Էրզրումյանն էր, «Փյունիկից» աչքի ընկան Ալեքսանդր Պետրոսյանն ու Էդգար Մանուչարյանը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 26 | 21 | 5 | 0 | 88-24 | 68 |
2. Միկա | 26 | 15 | 7 | 4 | 37-22 | 52 |
3. Բանանց | 27 | 12 | 7 | 8 | 40-35 | 43 |
4. Արարատ | 28 | 12 | 7 | 9 | 40-33 | 43 |
5. Դ.-Զենիթ | 27 | 7 | 6 | 14 | 21-48 | 27 |
6. Կիլիկիա | 27 | 6 | 5 | 16 | 31-49 | 23 |
7. Կոտայք | 27 | 5 | 6 | 16 | 28-52 | 21 |
8. Շիրակ | 28 | 4 | 9 | 15 | 27-49 | 21 |
Ռմբարկուները
Գալուստ Պետրոսյան «Փյունիկ» | 21 |
Էդգար Մանուչարյան «Փյունիկ» | 21 |
Նշան Էրզրումյան «Կիլիկիա» | 18 |
Լեւոն Փաչաջյան «Փյունիկ» | 13 |
Արմեն Շահգելդյան «Միկա» | 12 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ