«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2004-11-05 | #198, 2004-11-06 | #199, 2004-11-09


ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Հունաստանում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է տարիքային 5 խմբով (10-18 տարեկաններ): Հայաստանն այդ մրցաշարում բավական ներկայացուցչական կազմ ունի: Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցավեճի են բռնվել մեր հանրապետության 21 շախմատիստներ (8 աղջիկ, 13 պատանի): Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Արդեն տեղի է ունեցել 5 տուր: Մեր շախմատիստներից առայժմ առավել հաջող են հանդես գալիս Սիրանուշ Անդրեասյանն ու Ռոբերտ Աղասարյանը, որոնք 5 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր: Սիրանուշ Անդրեասյանը մասնակցում է մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարին: Նա մեր հավաքականի կազմում բավական հաջող մրցելույթներ ունեցավ վերջերս Կալվիայում կայացած շախմատի համաշխարհային 36-րդ օլիմպիադայում: Հունաստանում էլ նա շարունակում է հաջող խաղալ: 5 տուրից հետո նա հույն շախմատիստուհի Սալոմե Մելիայի եւ վիետնամցի Նգուեն Պամի հետ գլխավորում է աղյուսակը:

Ռոբերտ Աղասարյանը մասնակցում է ամենակրտսեր տարիքային խմբի (մինչեւ 10 տարեկաններ) մրցումներին: Նա 4,5 միավորով բաժանում է 2-6-րդ տեղերը: Այստեղ 100 տոկոսանոց արդյունքով առաջատարը չին շախմատիստ Յու Յանգույին է: Տարիքային այս խմբում մեր մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Խաչատուր Երանյանՙ 4, Դավիթ Շահինյան, Տիգրան Պետրոսյանՙ 3,5-ական միավոր: Մինչեւ 12 տարեկան տղաների մրցավեճում Հայկ Վարդանյանն ու Սամվել Տեր-Սահակյանն ունեն 3,5-ական, Հայկ Թամազյանըՙ 2,5 միավոր:

Հաջող է խաղում նաեւ Հրայր Սիմոնյանը, որը մինչեւ 14 տարեկանների մրցաշարում 4 միավորով առաջատարների շարքում է: Աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստներ (4,5-ական միավոր): Մեր մյուս ներկայացուցիչըՙ Հովիկ Հայրապետյանն ունի 3,5 միավոր: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարի մասնակից Ավետիք Գրիգորյանը վաստակել է 3,5 միավոր, իսկ Գարուշ Մանուկյանն ու Հրանտ Մելքումյանն ունեն 3-ական միավոր: Մինչեւ 18 տարեկանների մրցավեճում միջազգային վարպետ Արման Փաշիկյանի արդյունքն է 3 միավոր: Մեր աղջիկների ցուցանիշներն այսպիսին են. Լիա Մարտիրոսյանՙ 2,5 միավոր (մինչեւ 16 տարեկաններ), Նունե Դարբինյանՙ 3,5, Վարդուհի Քալաշյանՙ 3, Արմինե Բաբայանՙ 2 (14), Սուսաննա Սարգսյանՙ 2 (12), Մարիա Գեւորգյանՙ 3, Արփի Ազիզբեկյանՙ 1 (10):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4