«Առանց դենդրոլոգի գիտության ոչ մի ծառ չի հատվելու Երեւանում»
Երեւանի քաղաքապետարանում երեկ լրագրողների հետ հանդիպելու հերթը հասել էր բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանին:
Հիգիենիկ հակահամաճարակային եւ բնապահպանական, ջրմուղ-կոյուղու տեսչությունների վերջին ստուգումներով պարզվել է, որ Հրազդանի կիրճում, Գետառի ափերին գործող 35 տնտեսվարող սուբյեկտներից (ձեռնարկություններ եւ սննդի օբյեկտներ), 26-ը չունեն ջրահեռացման թույլտվություններ: Դրանց նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր, ժամկետներ են տրվել գործունեությունը կարգավորելու համար: Տեսչական ստուգումների ընթացքում պարզվել է նաեւ, որ
Երեւանի 24 արտադրական ձեռնարկություններից 10-ում չեն գործում նախնական մաքրման կայանները: Ընդհանրապես ոչ միայն քաղաքապետարանը, այլեւ ջրային մակերեսներին առնչվող նախարարություններն ու պետական այլ կառույցները, նաեւ տեսչական ծառայությունները մտադիր են հաջորդ տարի ստուգումներ անցկացնել ու վերահսկել նմանօրինակ բոլոր կազմակերպությունները:
Քաղաքապետարանի մշտական գլխացավանքի առարկա կանաչ տարածքների խնդրին անդրադառնալով` Ռոմիկ Կոսեմյանը նշեց, որ այս տարի նկատվում է բնակչության ակտիվության աննախադեպ աճ բնապահպանական խնդիրների հանդեպ: Ապօրինի ծառահատումների, աղբի պրոբլեմի հետ կապված օրական 10-15 ահազանգ է լինում: «Նրանց միջամտության շնորհիվ այս տարի հաջողվել է կանխել 15 ապօրինի ծառահատում», հիշատակեց վարչության պետը:
Իբրեւ նորույթ նշվեց չոր ծառերի մաքրման նոր «սկզբունքի» մշակումը: Այսուհետեւ համայնքները, ըստ նախօրոք մշակված ծրագրերի, քաղաքապետարան պետք է ներկայացնեն ըստ հասցեների եւ ըստ քանակի կտրվելիք չոր ծառերի ցանկը: Այս տարի այդ կարգով ներկայացվել է 735 ծառի հատում, 640-ն արդեն հեռացվել է: Նույնիսկ մեկ չորացած ու հիվանդ կամ վթարային վիճակում հայտնված ծառ ոչ կազմակերպությունները, ոչ անհատները չեն կարող կտրել առանց քաղաքի դենդրոլոգի գիտության ու հսկողության: Այս տարի նման 25 դիմում է եղել, 24-ը մերժվել է:
Հաջորդ տարի քաղաքապետարանը կանաչ գոտիների ստեղծումն ու պահպանումը հայտարարելու է գերակա ասպարեզ: Ափսոս, որ պահպանելու քիչ բան է մնացել: Համենայն դեպս, պատժամիջոցների խստացված մեխանիզմով, հաջորդ տարվանից 50 սմ-անոց բնով ծառի հատման համար օրինախախտը կպատժվի 1000 դոլար տուգանքով: Դա վերաբերում է հասարակ ծառատեսակներին, հազվագյուտ կամ անհետացող տեսակների դեպքում տուգանաչափը կրկնակի մեծ կլինի:
Քաղաքապետարանի մասնագետները նույնիսկ Երեւանի կանաչ տնկարկների պաշտպանության օրենք են մշակում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ