«ՀԴՄ-ների մասին» օրենքի ընդունմամբ դրա մի մասը կբերվի հարկման դաշտ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ազգային Ժողովում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» օրենքը փաստորեն տապալվեց: Պատկերացնելու համար այդ օրենքի կարեւորությունը նշենք միայն մեկ հանգամանքՙ համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի մանրածախ ապրանքաշրջանառության 34 տոկոսը, որը գումարային առումով կազմում է 243 մլրդ դրամ, կատարվում է տոնավաճառներում: Այսինքն, այս ոլորտն, ըստ էության, գրեթե ամբողջությամբ դուրս է հարկման դաշտից: ՀԴՄ-ների ներդրման դեպքում այստեղ կատարվող ապրանքաշրջանառությունը գոնե մասամբ կարձանագրվի: Իսկ դա նշանակում է, որ հիշատակված ստվերային շրջանառվող գումարներից կլինեն գոնե որոշ հարկային մուտքեր: Սակայն հենց այս հանգամանքն էլ հավանաբար չի ոգեւորում մեր պատգամավորներից շատերին, որոնց ջանքերով օրենքը չընդունվեց եւ վերադարձվեց կառավարություն:
Բարեբախտաբար, կառավարությունն այս անգամ վճռական է տրամադրված եւ կրկին խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել այս օրինագիծը: Հիշեցնենք, որ նախկինում կառավարությունը մի քանի անգամ որոշումներ էր ընդունել ՀԴՄ-ների տեղադրման մասին, բայց վճռականություն չէր ունեցել կյանքի կոչելու: Ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ՀԴՄ-ների ներդրման ընթացքը սկսվել է 1998 թ.-ից: Դրանք տեղադրվել են մոտ 15 հազար տնտեսվարող սուբյեկտներում, բայց գործընթացն անավարտ է մնացել:
Հարկային ծառայության պետի տեղակալը նշեց, որ օրենքով սահմանվել է այն հաջորդականությունը, որով այդ մեքենաները պետք է տեղադրվեն: Մասնավորապես 2005 թ.-ի ապրիլի 1-ից դրանք կներդրվեն բժշկական կազմակերպություններում, հանգստյան տներում, գեղեցկության սրահներում, հյուրանոցներում, տոնավաճառների կրպակներում եւ խանութներում, 2007 թ.-ի հուլիսի 1-իցՙ տոնավաճառներից դուրս Երեւանի մինչեւ 7 քմ բոլոր կրպակներում եւ հանրապետության մյուս վայրերում մինչեւ 10 քմ կրպակներում: Սոցիալական նկատառումներով մինչեւ 1000 բնակիչ ունեցող բնակավայրերում ՀԴՄ-ների տեղադրումն առաջարկված է 2010 թ-ից:
Ի՞նչ խնդիրներ են լուծվելու այդ մեքենաների տեղադրմամբ: Նախ արձանագրվելու է միլիարդավոր դրամներ կազմող ստվերային ապրանքաշրջանառությունը: Արմեն Ալավերդյանը խուսափեց ասել, թե գումարային առումով դա որքան կկազմի, նշելով, որ դա կախված է, թե տոնավաճառային տարածքներում ինչ արժողությամբ ապրանքներ են վաճառվում: Սակայն նա հաստատեց, որ ստվերային շրջանառությունը մանրածախ առեւտրում կազմում է 40-50 տոկոս:
Հաջորդն անհավասար մրցակցային դաշտի վերացումն է: Ինչպես արդեն նշեցինք, խանութներում ՀԴՄ-ներ արդեն տեղադրվել են: Հետեւաբար, այս օրենքի ուժի մեջ մտնելով ստեղծվում է համեմատաբար հավասար մրցակցային դաշտ: Բանն այն է, որ տոնավաճառների բաց տարածքներում առեւտուր կատարող ֆիզիկական անձանց մոտ ՀԴՄ-ներ դեռեւս չեն տեղադրվի, քանի որ նրանք չունեն մշտական կարգավիճակ: Արմեն Ալավերդյանն այդ կապակցությամբ նշեց, որ միտումները բերում են խանութների եւ կրպակների ստեղծմանը: Միաժամանակ, նրա հավաստմամբ, մեկ այլՙ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով, որի նախագիծը նմանապես խորհրդարանում է, սահմանվում է, որ ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար հարկ է ունենալ պետական գրանցում:
ՀԴՄ-ներ տեղադրելով, հարկային պետի տեղակալի հավաստմամբ, նաեւ սպառողների շահերի պաշտպանության խնդիրն է լուծվում: Դրամարկղային կտրոնի առկայությամբ սպառողը որոշակիորեն պաշտպանված կլինի եւ հնարավորություն կունենա վերադարձնելու գնված անորակ ապրանքը:
Անդրադառնալով օրենքի տապալմանը, Արմեն Ալավերդյանը նշեց, որ ընդունելու համար անհրաժեշտ էր 66 ձայն, սակայն կողմ քվեարկեցին միայն 59 պատգամավոր: Մինչ քվեարկությունն, օրինագիծը հանգամանորեն քննարկվել էր ֆինանսաբյուջետային հանձնաժողովում, պատգամավորական խմբակցությունների եւ անհատ պատգամավորների հետ եւ առաջարկված նախագիծը չուներ ոչ մի լուրջ առարկություն: Այնպես որ, մեր զրուցակցի հավաստմամբ, նման որոշումն անսպասելի էր:
Ինչպիսի՞ մոտեցում էին ցուցաբերել քվեարկության ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորները: Հայտնի է, որ հենց այս կուսակցությունն ու նրա նախագահ, ներկայիս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն են մշտապես խոչընդոտել ՀԴՄ-ների տեղադրման մասին որոշումների իրականացմանը, իրենց «համեստ» ներդրումը կատարելով հարյուր միլիարդավոր դրամների ստվերային շրջանառության պահպանման գործում: Սակայն այս անգամ վերոնշյալ խմբակցության անդամները, բացի մեկից, կողմ են քվեարկել օրինագծին: Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ նրանք ներկայացրել են իրենց առաջարկները, որոնց առնչությամբ կառավարության հետ փոխհամաձայնություն է ձեռք բերվել:
Հարկային ծառայության պետի տեղակալը հույս հայտնեց, որ խորհրդարանի հերթական նիստին ներկայացրած օրենքի նախագիծն այս անգամ կընդունվի: Օրենքի վերջնական ընդունման դեպքում կարելի է արձանագրել, որ ստվերի դեմ պայքարում եւ հավասար մրցակցային դաշտի ապահովման հարցում որոշակի առաջընթաց կունենանք: Այդուհանդերձ, վերոնշյալ խնդիրներն ամբողջությամբ չի կարելի լուծված համարել, քանի դեռ բացօթյա առեւտուր իրականացնողները շարունակելու են գործել նախկին ձեւով: Ակնհայտ է, որ նրանց առայժմ անսասան արտոնյալ վիճակը ուղղակիորեն բխում է տոնավաճառների տերերի շահերից, որոնք, ինչպես եւ առեւտուր իրականացնողները, առանձնապես չեն այրվում հարկեր վճարելու ցանկությամբ: