«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2004-11-06 | #199, 2004-11-09 | #200, 2004-11-10


ԿԱՐԵՎՈՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ, ԱՅԼԵՎ ՉԻՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը Եվրոպալատի` հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընտրվեց այդ կառույցի լիիրավ անդամ: Եվրոպալատը հիմնադրվել է 1958 թվականին եւ իր կազմում ընդգրկում է շուրջ 4000 անդամ: ԱՊՀ երկրներից Եվրոպալատի անդամ են միայն Ռուսաստանը, Բելառուսը եւ Մոլդովան: «Այս պալատին անդամակցելը նոր հնարավորություն է ստեղծում տեղ գտնելու եվրոպական շուկայում», նշում է Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը:

Եվրոպական շուկայում հաստատվելու նպատակով ՀՀ ԱԱՊ-ի ներկայացուցիչները հոկտեմբերի սկզբին մեկնել էին Հոլանդիա, ուր բացվել է ԱՊՀ երկրների բիզնես պլացդարմ: Թեպետ Հոլանդիայում իրենց ներկայացուցիչներն ունեն ԱՊՀ երկրների բոլոր ԱԱՊ-ները, սակայն ողջ ինֆորմացիան կուտակվում է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում, քանի որ վերջինս է թե՛ ծրագրի առաջարկողը, թե՛ իրականացնողը: Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել աշխարհում իր մեծությամբ երկրորդ «Ատրադիուս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչների հետ: Այս ընկերությունն ապահովագրում է ե՛ւ մինչեւ 10 մլն դոլարի սահմաններում վարկ վերցնող ընկերությանը, ե՛ւ բանկին: «Քննարկեցինք մեր պալատի կազմած «Վստահելի գործընկեր» ծրագիրը, որի էությունը հետեւյալն է` որեւէ ընկերությանը տալով «Վստահելի գործընկեր» վկայագիրը, մենք նրա գործը փոխանցում ենք «Ատրադիուս» ընկերությանը, որի համար այդ վկայագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա ապահովագրման համար», ասում է Մարտին Սարգսյանը:

Հայաստանի ԱԱՊ-ի ներկայացուցիչները հանդիպել են նաեւ Հոլանդիայի «300-ի ակումբի» գործարարների եւ ներդրումային կազմակերպության ղեկավարության հետ, որոնց ներկայացրել են 20-ից ավելի ծրագրեր: Դեկտեմբերին նախատեսվում է Հոլանդիայի գործարարների փոխադարձ այցը Հայաստան, որի ընթացքում կստորագրվեն կոնկրետ պայմանագրեր:

«Եվրոպական շուկայում հաստատվելու քայլերից բացի, մեզ համար չափազանց կարեւոր է օրըստօրե հզորացող չինական շուկայում տեղ գտնելը: Այսօր արդեն Շանհայը աշխարհի կարեւորագույն տնտեսական գոտիներից է: Նախագահի Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպում ենք ունեցել տեղի ԱԱՊ-ի նախագահի հետ եւ պայմանավորվածություն ենք ձեռք բերել բացելու մեր պալատի ներկայացուցչությունը», նշում է Մարտին Սարգսյանը:

Հայաստանի կառավարության որոշման համաձայն Արշակունյաց եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում ՀՀ ԱԱՊ տարածք է տրամադրվել` մշտական գործող ցուցահանդեսային կենտրոն ստեղծելու նպատակով: «Տարածքը վերակառուցման կարիք ունի եւ մենք բանավոր պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ռուսաստանի ԱԱՊ-ի հետ համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ», փաստում է Մարտին Սարգսյանը: Նախագծի համաձայն կենտրոնում լինելու է ոչ միայն գործող ցուցահանդես, այլեւ կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ եւ բիզնես ֆորումներ: Այս կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա անդամակցելու Համաշխարհային ցուցահանդեսային ասոցիացիային եւ մասնակցելու միջազգային էքսպո-ցուցահանդեսներին:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4