Նրանք կնախապատրաստվեն ռումինացիների հետ խաղերին
Նոյեմբերի 17-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի ընթացիկ մրցաշրջանի իր վերջին հանդիպումը: Մեր ֆուտբոլիստներն ընտրական մրցաշարի 5-րդ տուրում ուժերը կչափեն Ռումինիայի ազգային հավաքականի հետ: Վերջինս ընտրական 1-ին խմբի առաջատարն է: Անցկացրած չորս հանդիպումներում ռումինացիները վաստակել են 9 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ ֆինները, սակայն նրանք մեկ հանդիպում ավելի են անցկացրել: Ռումինիայի ընտրանին սեփական հարկի տակ միեւնույն 2-1 հաշվով հաղթել է ֆիններին ու մակեդոնացիներին, հյուրընկալվելիս խոշոր հաշվով (5-1) առավելության է հասել Անդորրայի ֆուտբոլիստների նկատմամբ եւ միակ պարտությունը կրել է չեխերի հետ արտագնա խաղում (0-1):
Փաստորեն, նոյեմբերի 17-ին մրցելու են առաջին խմբի առաջատարն ու հետնապահը: Ցավոք, Հայաստանի ազգային հավաքականն անչափ անհաջող է հանդես գալիս ընտրական այս շրջափուլում եւ հայտնվել է մրցաշարային աղյուսակը եզրափակողի դերում: Մեր ֆուտբոլիստները 0-3 հաշվով զիջել են մակեդոնացիներին ու չեխերին, երկու անգամ պարտվել ֆիններին (0-2, 1-3): Անկեղծ ասած, հաշվի առնելով մեր ընտրանու անհաջող մրցելույթները, առաջիկա հանդիպման բարեհաջող ելքի հույսերը չնչին են, թեեւ ռումինացիների կազմում բացակայելու են առաջատար մի քանի ֆուտբոլիստներ Ադրիան Մուտուի գլխավորությամբ:
Այսօր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կկայանան հետաձգված 3 հանդիպումները, իսկ նոյեմբերի 13-ից մեր ազգային եւ երիտասարդական հավաքականները կսկսեն նախապատրաստությունն ընտրական մրցախաղերին: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին հրապարակել է ուսումնամարզական հավաքի հրավիրված ֆուտբոլիստների նախնական ցանկը: Այդ ցանկում բացակայում են Արթուր Պետրոսյանն ու «Ալանիայի» հիմնական կազմում կրկին տեղ զբաղեցրած Ալբերտ Սարգսյանը: Բացառված չէ, որ նրանք, այնուամենայնիվ, հրավիրվեն հավաքական: Որոշ ընդմիջումից հետո կրկին հավաքական է հրավիրվել Աղվան Մկրտչյանը: Նախնական ցանկում ընդգրկված են հետեւյալ 18 ֆուտբոլիստները:
Դարպասապահներ
Արմեն Համբարձումյան («Սլավիա» Բուլղարիա), Ապուլա Բետե («Փյունիկ»):
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Կարեն Դոխոյան («Կռիլյա սովետով» Ռուսաստան), Հարություն Վարդանյան («Արաու» Շվեյցարիա), Արթուր Մկրտչյան («Դարիդա» Բելառուս):
Կիսապաշտպաններ
Ռաֆայել Նազարյան («Դարիդա» Բելառուս), Դավիթ Գրիգորյան («Միկա»), Կարեն Ալեքսանյան, Աղվան Մկրտչյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Համլետ Մխիթարյան (ՌԻՊՕ Բելառուս), Արտավազդ Քարամյան («Ռապիդ» Ռումինիա):
Հարձակվողներ
Արմեն Շահգելդյան («Միկա»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Անդրեյ Մովսիսյան («Մոսկվա» Ռուսաստան), Արա Հակոբյան («Ստալ» Ուկրաինա), Արման Քարամյան («Ռապիդ» Ռումինիա):
ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի է հրավիրել 17 ֆուտբոլիստի: Առաջին անգամ հավաքական են հրավիրվել արարատցի Վահե Թադեւոսյանը եւ կիլիկիացի Սարգիս Մովսիսյանը: Ահա հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
Դարպասապահներ
Արմեն Խաչատրյան («Փյունիկ»), Արթուր Հարությունյան («Բանանց-2»):
Պաշտպաններ
Վալերի Ալեքսանյան, Ռոբերտ Արզումանյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Արտաշես Բաղդասարյան («Կիլիկիա»), Վահագն Մինասյան («Կոտայք»), Արարատ Առաքելյան («Բանանց»):
Կիսապաշտպաններ
Մխիթար Գրիգորյան, Խորեն Վերանյան, Բալեպ Բա Նդումբուկ, Լեւոն Փաչաջյան (բոլորն էլՙ «Փյունիկ»), Արման Մինասյան, Հրաչյա Վարդազարյան (երկուսն էլՙ «Կոտայք»):
Հարձակվողներ
Ալեքսանդր Պետրոսյան («Փյունիկ»), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Վահե Թադեւոսյան («Արարատ»), Սարգիս Մովսիսյան («Կիլիկիա»):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ