Գտնում է հանձնաժողովի նախագահը
Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն ուշացրել է պարզաբանումները, իսկ KPMG-նՙ անկախ աուդիտորական հաշվետվությունը համայնքային զարգացման ծրագրի ուսումնասիրության վերջնական զեկույցի բարձրացրած խնդիրների առնչությամբ: Սրանով էլ պայմանավորվել է ՀՀ ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի (ՎԴՄՕ) միջանկյալ զեկույցի ուշացումը: Այն երեկ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: Ըստ էության, զեկույցը վերահաստատեց մարտի 30-ին ներկայացված նախորդ զեկույցի տեխնիկական եզրակացության հիմնական մասը եւ ավելացրեց ֆինանսական տեղաշարժերի ապօրինության եւ անարդյունավետության փաստարկները:
Հանձնաժողովի նախագահի հավաստմամբՙ շատ ավելի ժամանակ է պահանջվել ֆինանսական, քան տեխնիկական կողմի ուսումնասիրման համար: Ու թեեւ վարկային մասով փաստաթղթերի ծավալն ու քանակը եղել են աննկարագրելի շատ, սակայն մարդասիրական օգնությունների առնչությամբ փաստաթղթերն ուղղակիորեն չեն գտնվել: Իսկ Երեւանի «Ջրմուղ-կոյուղին» եւ KPMG ընկերությունը հարցումների պատասխանները հասցեագրել են միմյանց: Եվ որքան էլ Վահան Հովհաննիսյանի կարծիքով Ազգային ժողովի իրավասությունները սահմանափակ են եւ կան դրանք ավելի սահմանափակելու միտումներ, այնուամենայնիվ, հանձնաժողովը կարողացել է ապացուցել, որ Երեւանի «Ջրմուղ-կոյուղին» գրեթե ամբողջովին կախման մեջ է ՀՀ կառավարությունից եւ օտարերկրյա օպերատորիՙ «Էյ Յութիլիթիի» ներգրավումը Համաշխարհային բանկի հանրային զարգացման ծրագրի իրականացման գործում ամենեւին էլ չի թեթեւացրել ՀՀ կառավարության հոգսերը կապված ջրմուղի հետ: Ավելին, առանց կառավարության ֆինանսավորման ջրմուղն այսօր կարող է հայտնվել սնանկի կարգավիճակում, չնայած օրենսդրական պատշաճ հիմքի շնորհիվ իրականացվում է ջրմուղի ողջ եկամուտները կազմող ջրի սպառման վարձավճարների գանձումը 100 տոկոսով:
Հանձնաժողովը որոշման նախագիծը խորհրդարան կներկայացնի հաջորդ եռօրյայի ընթացքում, քանի որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հարակից զեկույցի հետ կապված հարցերն այս եռօրյայում ժամանակ չլինելու պատճառով չեն ստացել իրենց պատասխանները եւ չեն լսվել պատգամավորների համապատասխան ելույթները: Ինչեւէ, Վահան Հովհաննիսյանի անձնական կարծիքով, հարկավոր է Հայաստանից դուրս քշել «Էյ Յութիլիթի» ընկերությանը, այլապես Երեւանում խմելու ջրի մատակարարման եւ ջրի որակի հարցում բարելավում ակնկալելն ուղղակի անհարիր կլինի:
Հանձնաժողովի նախագահը փաստեց, որ հանրապետականների մեծ ակտիվությամբ եւ մասնագիտական գործի արդյունքում են գրանցվել զեկույցում ներառված շատ բացահայտումներ եւ խոսք անգամ չի կարող լինել կոալիցիայի անդամ մյուս երկու կուսակցությունների ընդդեմ հանրապետականների միավորված լինելու մասին: Իսկ ընդդիմադիր պատգամավորների աշխատանքի պակասը զեկույցի առնչությամբ Վահան Հովհաննիսյանը ձեռնտու չհամարեց, քանի որ նրանք կարող էին շատ ավելին նկատել եւ փաստել: Հատկապես որ սա հնարավորություն էր արխիվային շատ փաստաթղթեր, կառավարության որոշումներ, ֆինանսական հաշվետվություններ ուսումնասիրելու:
Զեկույցը ներկայացնելուց առաջ հանձնաժողովի նախագահը փաստեց, որ ամենեւին էլ նպատակ չի եղել գլուխներ թռցնելու կամ քաղաքական շահարկումներին տեղիք տալու: Չնայած թե՛ մեկը, թե՛ մյուսը նախորդ զեկույցից հետո արձանագրեցին:
Հանձնաժողովի աշխատանքների ժամկետի երկարաձգումը Վահան Հովհաննիսյանը նպատակահարմար համարեց, քանի որ ուսումնասիրում պահանջող շատ ծրագրեր կան եւ խնդիրը հետին թվով մեղավորներ գտնել ու պատժելու մեջ չէ, կարեւորը կանխարգելումն է: Մինչեւ տարեվերջ հանձնաժողովը կներկայացնի «Լինսի» ճանապարհաշինական ծրագրի եւ ոռոգման ջրի հետ կապված զեկույցները:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ