Թարգմանիչ Նուբար Չալըմյանը վերհիշում է ՊԱԿ-ի առաջնորդի երկուՙ 1979 եւ 1980 թթ. կարճատեւ այցելությունները Երեւան
Այսօր Հայաստանում քչերը գիտեն, որ Յասեր Արաֆաթը երկու անգամՙ 1979 եւ 1980 թթ. կարճատեւ այցով եղել է Երեւանում, Մոսկվայից Բեյրութ ուղեւորվելու ժամանակ: Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, արեւելագետ-թարգմանիչ Նուբար Չալըմյանը երկու դեպքում էլ ուղեկցել է Արաֆաթին որպես թարգմանիչ: Ինչպես է վերհիշում Չալըմյանը Պաղեստինի ազատագրական կազմակերպության ղեկավարին:
«1979 թ. էր, ինձ ասացին, որ պետք է ուղեկցեմ Յասեր Արաֆաթին: Նրան դիմավորեցի օդանավի շարժասանդուղքի մոտ: Մենք բոլորս գիտեինք, որ Արաֆաթը ՊԱԿ-ի ղեկավարն է, պայքարող է, մարտիկ: Այդ ժամանակ նա երիտասարդ էր: Առաջին բանը, որ ես նկատեցի, նրա տաբատի կողքից շղթայով կախված ատրճանակն էր: Նա կոկիկ, մաքուր, զինվորական համազգեստով էր», հիշում է Չալըմյանը:
Արաֆաթը Մոսկվայից Երեւանով ուղեւորվում էր Բեյրութ: Երկու թիկնապահներն ամեն կերպ փորձել են տեղավորվել խորհրդային ժամանակների համար ամենաներկայացուցչականՙ «Չայկա» ավտոմեքենայում, առաջնորդի կողքին: Երբ Արաֆաթին ասվել է, որ Հայաստանն անվտանգ երկիր է, վերջինս համաձայնել է մեքենայի մեջ մնալ առանց թիկնապահների:
«Ես թարգմանիչն էի: Արաֆաթի հետ շրջում էին նաեւ Կենտկոմի արտասահմանյան երկրների բաժնի վարիչ Լեւոն Մանասերյանը, նրա տեղակալ Հենրիկ Լիլոյանը, ինչպես նաեւ արտգործնախարար Ջոն Կիրակոսյանը: Ծրագիրն այսպիսին էրՙ Արաֆաթին ծանոթացնել Երեւանի տեսարժան վայրերին: Ճանապարհին նկատեցի, որ Արաֆաթը շատ ուշադիր է նայում մեր շենքերին: Պաղեստինի առաջնորդն ասաց, որ ինքը մասնագիտությամբ շինարար է եւ շինարարի աչքերով է նայում գեղեցիկ քարերով շենքերին: Մենք ասացինք, որ դա տուֆ քարն է, որտեղից ենք հանում, ինչ քար է, բոլոր մանրամասնություններով», հիշում է Չալըմյանը:
Փաստորեն, Երեւանում գտնվելու մի քանի ժամերին Արաֆաթը չի իջել «Չայկայից»: Երեւանի տեսարժան վայրերին ծանոթացնելուց հետո վերադարձել է օդանավակայանի «դեպուտատական», որն այդ ժամանակ մի փոքր սրահ էր: Այդ սենյակում Արաֆաթի համար ճոխ հայկական սեղան են բացել:
«Ռամադանի օրերն էին: Արաֆաթն անմիջապես ասաց, որ ծոմի մեջ է, իրավունք չունի ուտելու: Մեր կողմից փորձեցին համոզել, որ ոչինչ, կարող է ուտել, Հայաստանում է: Արաֆաթն ասաց, որ անհնար է, չի կարող ուտել: Մերոնքՙ թե լավ, գոնե թող այդ երկու երիտասարդներն ուտեն: Բնական է, որ թիկնապահները հրաժարվեցին մոտենալ սեղանին, քանի որ առաջնորդը չէր մոտենում», ասում է Չալըմյանը:
Ստեղծվել էր անբնական, անհարմար վիճակ: «Պատկերացրեք, ձեր տունը մարդ եք հրավիրել, իսկ նա չի ուտում: Սեղանին ամեն ինչ կար. խորոված, կոնյակ, հայկական մրգեր: Որոշվեց զամբյուղի մեջ ամեն ինչից քիչ-քիչ դնելՙ գաթաներ, կոնյակներ, մրգեր եւ նրա հետ ուղարկել»:
Երկրորդ անգամ Արաֆաթը Հայաստան է եկել 1980 թ., կրկին մի քանի ժամով, Մոսկվայից Բեյրութ ուղեւորվելիս: Երկրորդ անգամ կրկին նրան թարգմանել է Չալըմյանը: «Ես հստակ հիշում եմ, ներկայացուցչական պատվիրակություն էր, 11 հոգի, ՊԱԿ-ի ղեկավարությունն էր Արաֆաթի ղեկավարությամբ Մոսկվայում բանակցել Բրեժնեւի հետ: Եթե չեմ սխալվում Խորհրդային Միությունը զենքի հերթական խմբաքանակն էր խոստացել տրամադրել պաղեստինցիներինՙ ընդդեմ Իսրայելի»:
Երկրորդ այցելության ժամանակ Արաֆաթին հյուրասիրում են «Հրազդան» հյուրանոցում: Հայաստանի արտգործնախարար Ջոն Կիրակոսյանը կես ժամանոց կենաց է ասում, խոսում Հայ դատի մասին, որ հայ եւ պաղեստինցի ժողովուրդների ճակատագրերը նման են: Պատասխան բաժակ է բարձրացնում Արաֆաթը: Սեղանին եղել է նաեւ բաստուրմա: Արաֆաթին հարցրել են, թե գիտի՞ ինչ է բաստուրման: Պաղեստինի առաջնորդը պատասխանել է, որ ամբողջ արաբական աշխարհում բաստուրման հենց հայերն են պատրաստում:
«Երկրորդ այցելությունից հիշում եմ մի քանի ուշագրավ պահեր: Որպես թարգմանիչ Արաֆաթին կրկին դիմավորեցի օդանավի շարժասանդուղքի մոտ: Ռուս սահմանապահը Արաֆաթի թիկնապահին հարցրեց, թե ինչ է նրա պորտֆելի մեջ: Թիկնապահը պատասխանեց, որ իրավունք չունի բացելու, բացատրեց, որ հրազեններ են, որոնք ավտոմատ գնդակոծում են», հիշում է Չալըմյանը:
Այն օդանավով, որով Երեւանից Բեյրութ էր թռչում Արաֆաթը, մի քանի տասնյակ սփյուռքահայ երեխաներ ճամբարն ավարտելուց հետո ուղեւորվում էին Լիբանան: «Երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, օդանավակայանի անվտանգության հարցերով պաշտոնյան մոտեցավ, զեկուցեց մեր կողմի ղեկավարին, որ ինքնաթիռը պատրաստ է եւ արդեն 2–3 ժամ օդանավի մեջ են մի քանի տասնյակ ճամբարականները: Այսպիսի հարց տրվեցՙ հանկարծ մեր երեխաներին օդում մի բան չպատահի՞: Պատկերացրեք, դեռ այն ժամանակ մարդիկ մտածում էին ահաբեկչության մասին», ասում է Չալըմյանը:
Յասեր Արաֆաթի Հայաստան առաջին այցելության մասին մամուլում ոչ մի տող չի գրվել: Երկրորդ անգամ «Սովետական Հայաստան» թերթը շատ կարճ տեղեկություն է տվել, որ Արաֆաթը մեկ-երկու ժամով եղել է Երեւանում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ