«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2004-11-10 | #201, 2004-11-11 | #202, 2004-11-12


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՈՍԿԵ ՍԱՔՍՈՖՈՆԸ» 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Նշանավոր սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանի 70-ամյակին նվիրված հանդիսությունը Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում երկակի տպավորություն գործեց: Մի կողմից հաճելի էր, որ երկրի ոչ պաշտոնական «սաքս սիմվոլին» (չպետք է շփոթել «սեքս» բառի հետ) շնորհավորանք էր ուղղել անձամբ նախագահ Պուտինը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ պաշտոնական ու անպաշտոն երեւելի անձինք: Բայց, պատկերացրեք, ամբողջ երեկոյի ընթացքում գոնե մեկ անգամ չհիշատակվեց, որ հիրավի լայնորեն ճանաչված երաժիշտը, կոմպոզիտորը, դիրիժորըՙ Գեորգի Արամովիչը հայ է: Պարզ է, որ խոսքը չի վերաբերում ազգային գործոնի դատարկ տարփողմանը: Բնավ: Կարող եք չկասկածել, որ եթե հոբելյարը վրացի լիներ, կարեւոր չէ, եթե նույնիսկ մոսկովյան «լցարկման», ինչպես որ Գարանյանը, ազգային մոտիվներն ու երանգները պարտադիր ձեզ կգտնեին: Նույնիսկ Իսրայելից հատուկ եկել էին շնորհավորելու նրան: Հայաստանիցՙ ոչ ոք: Գոնե դեսպանությունը երեւար... Ո՜ւր էր: Եվ այդ այն դեպքում, երբ Գարանյանը, ի տարբերություն, ասենք, «հայ» երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, երբեք չի հրաժարվում իր արմատներից եւ տարբեր առիթներով, այդ թվում նաեւ հարցազրույցներում միշտ նշում է իր ազգային պատկանելությունը: «Երբ ես գալիս եմ Հայաստան, ասում է նա, ես ինձ թունդ հայ եմ զգում»:

Ինչի համար է ասվում այս ամենը: Մենք այսօր ոչ Հայաստանում, ոչ էլ Մոսկվայում չունենք համազգային մասշտաբի վառ անհատականություններ, ինչպիսիք էին, ասենք, Վիկտոր Համբարձումյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Տիգրան Պետրոսյանը: Ուրեմն, գուցե ուշադիր լինենք թեկուզ աչքի ընկնող հայերի նկատմամբ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4