«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2004-11-10 | #201, 2004-11-11 | #202, 2004-11-12


«ՓՅՈՒՆԻԿԻ» ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ կայացան բարձրագույն խմբի առաջնության հետաձգված երեք հանդիպումները: Թեեւ մարզական առումով դրանք այլեւս ոչինչ չէին վճռում, սակայն անցան բավական թեժ մրցապայքարում: Առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ «Կիլիկիայի» հանդիպումը: Կար մի քանի հանգամանք. նախՙ նախորդ տուրում այս թիմերի միջեւ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (2-2): Բացի այդ, «Փյունիկը» հիանալի հնարավորություն էր ստացել գերազանցելու «Շիրակի» անպարտելի խաղերի քանակով (59) ռեկորդը, իսկ Էդգար Մանուչարյանըՙ դառնալու առաջնության լավագույն ռմբարկու: Սակայն ոչ «Փյունիկի», ոչ էլ Մանուչարյանի ակնկալիքները չարդարացան: «Կիլիկիան» հանդիպմանը ներկայացավ որպես մարտունակ կոլեկտիվ եւ լուրջ դիմադրություն ցույց տվեց չեմպիոնին: Ճիշտ է, առաջին խաղակեսում փյունիկցիները նկատելի առավելություն ունեին եւ կարող էին մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն միայն էդգար Մանուչարյանը երեք անգամ չօգտագործեց գոլային պահերը, երկու անգամ էլ Տիգրան Դավթյանը վրիպեց:

Ընդմիջումից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց: Բեկումնային եղավ 57-րդ րոպեն, երբ «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը սեփական տուգանային հրապարակում պարզ իրադրությունում սխալվեց եւ կորցրեց գնդակը: Սերգեյ Էրզրումյանն անմիջապես օգտվեց նվիրատվությունից եւ գրավեց «Փյունիկի» դարպասը: Պարտության վտանգը ստիպեց փյունիկցիներին անցնել վճռական գործողությունների: Սակայն «Կիլիկիան» հմտորեն էր պաշտպանվումՙ սուր հակագրոհների կազմակերպման առիթը չկորցնելով: Եվ եթե հյուրերը մի փոքր հաշվենկատ գործեին, ապա կարող էին եւ երկրորդ գնդակը խփել: Իսկ «Փյունիկին» այդպես էլ չհաջողվեց ճեղքել մրցակցի զանգվածային պաշտպանությունը եւ ընթացիկ առաջնությունում առաջին անգամ խաղադաշտը թողեց պարտված: Այսպիսով, «Փյունիկի» ռեկորդը չկայացավ: Իսկ «Կիլիկիան» դարձավ միակ թիմը, որին հաջողվեց պարտության մատնել չեմպիոնին: Ի դեպ, նախորդ երկու հանդիպումներում էլ «Կիլիկիան» «Փյունիկից» երկու միավոր էր վաստակել:

Արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներ «Միկայի» եւ «Բանանցի» մրցավեճը շատերի համար անսպասելի ավարտվեց աշտարակցի ֆուտբոլիստների խոշոր հաղթանակով (4-0): «Միկայից» աչքի ընկավ Դավիթ Գրիգորյանըՙ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Մեկ գնդակ էլ խփեց Գրիգոր Գրիգորյանը: Նշենք, որ 64-րդ րոպեից «Բանանցը» խաղադաշտում խաղում էր 10 հոգով: Մյուս խաղում «Կոտայքը» կամային հաղթանակ տոնեց «Դինամո-Զենիթի» նկատմամբ: Այդ խաղում մրցավարը նշանակեց 11 մետրանոց 3 հարված, որոնցից 2-ը անվրեպ իրացրեց դինամոյական Լեւոն Սարգսյանը, իսկ «Կոտայքից» աչքի ընկավ Գագիկ Սուքիասյանը: Հրաչյա Վարդազարյանի եւ Արսեն Բալաբեկյանի խփած գոլերի շնորհիվ «Կոտայքը» հաղթեց մրցակցին (3-2): Այսպիսով, առաջնության ավարտին մնաց անցկացնելու ընդամենը 1 խաղ: Նոյեմբերի 21-ին կայանալիք «Միկա»-«Փյունիկ» հանդիպումով ֆուտբոլի ՀՀ 13-րդ առաջնությունը կհատի վերջնագիծը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ27215188-2568
2. Միկա27167441-2255
3. Բանանց28127940-3943
4. Արարատ28127940-3343
5. Դինամո-Զ.28761523-5127
6. Կիլիկիա28751632-4926
7. Կոտայք28661631-5424
8. Շիրակ28491527-4921

Ռմբարկուները

Գալուստ Պետրոսյան«Փյունիկ»21
Էդգար Մանուչարյան«Փյունիկ»21
Նշան Էրզրումյան«Կիլիկիա»18
Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»13
Արմեն Շահգելդյան«Միկա»12
Դավիթ Գրիգորյան«Միկա»11

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4