Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցներն անցկացրին 7-րդ եւ 8-րդ տուրերի հանդիպումները: Հայ շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկան Նունե Դարբինյանը (մինչեւ 14 տարեկաններ), Սուսաննա Սարգսյանը (մինչեւ 12), Գարուշ Մանուկյանը (մինչեւ 16) եւ Արման Փաշիկյանը (մինչեւ 18), որոնք տոնեցին 2-ական հաղթանակ: Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող են հանդես գալիս կրտսեր տարիքային խմբում ընդգրկված շախմատիստները: Այսպես, մինչեւ 10 տարեկան տղաների մրցավեճում Դավիթ Շահինյանը, Տիգրան Պետրոսյանն ու Խաչատուր Երանյանը 5,5 միավորով առաջատարների շարքում են: Այստեղ աղյուսակը 7 միավորով գլխավորում են չին շախմատիստ Յու Յանգույին եւ ֆրանսիացի Ջուլես Մուսարդը: 5,5-ական միավոր ունեն նաեւ մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Վարդանյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Նրանք առաջատարիցՙ չինացի Ժաո Նանից հետ են մնում 2 միավորով: 14 տարեկանների մրցաշարում Հրայր Սիմոնյանն ու Հովիկ Հայրապետյանը եւս վաստակել են 5,5-ական միավոր եւ լավ հնարավորություն ունեն պայքարելու մեդալների համար: Այստեղ առաջատարները չորս շախմատիստներ են, որոնք վաստակել են 6,5-ական միավոր: Նույնը կարելի է ասել նաեւ Ավետիք Գրիգորյանի մասին, որն ընդամենը մեկ միավորով է հետ մնում մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատարներ Վալենտին Յոտովից ու Մաքսիմ Ռոդշտեյնից (6,5-ական միավոր):
Մեր շախմատիստուհիներից առավել բարձր արդյունք ունի Նունե Դարբինյանը: Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Նունեն 5,5 միավորով 13-րդ տեղում է: Այստեղ 7-ական միավորով առաջատարներն են հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալին եւ ռուսաստանցի Ելենա Թահիրովան: Բավական հաջող է հանդես գալիս իննամյա Մարիա Գեւորգյանը: 7-րդ տուրում նա 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Տրին Նարվային: Սակայն ցավոք հաջորդ տուրում Մարիան պարտվեց Պրիա Մոհանային եւ այժմ 5 միավորով 19-րդ տեղում է: Այստեղ իր հաղթարշավն է շարունակում վրաց շախմատիստուհի Մարի Արաբիձեն, որը 100 տոկոսանոց արդյունք ունեցող միակ մասնակիցն է: Նրա չեմպիոնությունն արդեն կասկած չի հարուցում: Ավարտական 3 տուրերում կարծում ենք մեկ միավորն էլ նրան բավական կլինի ուժեղագույն ճանաչվելու համար: 2-րդ տեղում ընթացող ադրբեջանցի Սեւինջ Սամադզադեն ունի 6,5 միավոր: Ցավոք, հաջող մեկնարկից հետո Սիրանուշ Անդրեասյանը չկարողացավ շարունակել հաղթարշավը: Վերջին երեք տուրերում համաշխարհային օլիմպիադայի մասնակիցը վաստակեց ընդամենը կես միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ