Երեկ երեկոյան ժամը 17-ին սկսված գործադուլը բողոքի ակցիա է կառավարության նոյեմբերի 3-ի որոշման դեմ, որով ինտերնետ ծառայության մենաշնորհը վերապահվեց «Արմենտելին»: Նախատեսվում է այն շարունակել մինչեւ այսօրվա ժամը 17-ը: Ինտերնետ հեռախոսակապ տրամադրող կազմակերպությունների կազմկոմիտեի անդամ Մուշեղ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ իրենք մտադիր են բողոքի միջոցառումները շարունակել շաբաթ օրը, Ազատության հրապարակում ժամը 15-ին` միտինգով կամ ցույցով: Այս առթիվ քաղաքապետարանին երեկ առավոտյան դիմում է հղվել, սակայն դեռ պատասխան չի ստացվել:
Կազմկոմիտեի նախաձեռնությամբ հավաքվել են շուրջ 10 հազար ստորագրություններ, որոնցով դիմելու են ԱԺ նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին, ՀՀ վարչապետին ու օմբուդսմենին: Իսկ եթե այդ ամենը օգուտ չտա, ապա «կդիմեն այնպիսի ակցիաների, որ հաստատ ուշադրություն կդարձնեն»:
Կ. Դ.