«Նոյեմբերի 8-ին մենք ականատես եղանք կազմակերպված գործողության, որը ես չեմ կարող բնութագրել այլ կերպ, քան տեղեկատվական ահաբեկչություն: Բնակչության մեջ խուճապ էր առաջացել, միայն ես այդ օրը պատասխանել եմ մոտ 1000 հեռախոսազանգի», նշում է Սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության ծառայության պետ Ալվարո Անտոնյանը: Առողջապահական կազմակերպություններից հայտնել են, որ այդ օրը եղել են բազմաթիվ կանչեր: 19-ամյա Ռուզան Բադալյանը պատմում է, որ երկուշաբթի ընկերներով տոնում էին իրենց համակուրսեցիներից մեկի ծննդյան օրը, երբ մատուցողուհին մոտենում է եւ հայտնում, որ անմիջապես լքեն տարածքը, քանի որ շուտով ուժգին երկրաշարժ է սկսվելու: «Մենք ուղղակի սարսափած էինք», պատմում է Ռուզանը:
Լուրը տարածվել էր նաեւ մարզերում` Վանաձորում, Գյումրիում, Կապանում: Նման մասշտաբային միջադեպ գրանցվել է առաջին անգամ: Մինչ այս եղել են դեպքեր, երբ առանձին անհատներ մտել են շենքեր եւ մարդկանց անհիմն հայտարարել, որ երկրաշարժ է լինելու: Ալվարո Անտոնյանը մարդկանց կոչ արեց նման դեպքերում անհապաղ դիմել ոստիկանություն: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, արդյոք այս առնչությամբ գործ հարուցվել է, թե` ոչ: «Ինձ նույնիսկ զանգահարել էին «Էլեկտրացանց» ընկերությունից եւ հարցնում էին, արդյոք անհրաժե՞շտ է հոսանքազրկել մի շարք կառույցներ», ասում է Ալվարո Անտոնյանը: Մինչդեռ Սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության ծառայության գլխավոր սեյսմոլոգ Ավետիս Առաքելյանը նշում է, որ անհնար է կոնկրետ կանխատեսել, թե որ օրը, որ ժամին է երկրաշարժ տեղի ունենալու: «Այդ ուղղությամբ փորձեր են կատարվում: Այսօր մենք միայն կարող ենք երկարաժամկետ կանխատեսումներ կատարել, գծագրել սեյսմիկ շրջանցման քարտեզը, այսինքն որոշել, թե ինչ ուժգնության ցնցումներ կարող են տեղի ունենալ: Այդ կանխատեսումները 90 տոկոսով ճիշտ են», ասում է Ավետիս Առաքելյանը: Սակայն այդ կանխատեսումները չեն կարող այնքան օգտակար լինել, որքան բնակիչների պատրաստվածությունը: Այս ուղղությամբ թեպետ որոշակի քայլեր ձեռնարկվում են, սակայն պատրաստվածությունը դեռեւս հեռու է կատարյալ լինելուց, որի արտահայտությունն էլ բնակիչների խուճապն էր:
Ծառայությունը հրատարակում է սեյսմապաշտպանության վարքականոնների վերաբերյալ գրքույկներ, իսկ այս ուսումնական տարվանից դպրոցներում եւ բուհերում անցկացվում են սեյսմապաշտպանության հիմունքներին նվիրված դասընթացներ:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ