«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2004-11-11 | #202, 2004-11-12 | #203, 2004-11-13


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ ԴՈՒՐ ԳԱԼ

Բայց ոչ մեկին դուր չեն գալիս

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը գտնում է, որ Հայաստանում նոր քաղաքական ուժի հայտնությունը հնարավոր է ընդդիմադիր դաշտի վերաձեւավորման միջոցով: Այդ նոր բուրգում լինելու է ե՛ւ խորհրդարանում ներկայացված, ե՛ւ չներկայացված ընդդիմությունը: Կարեւորն այս դեպքում լինելու է պոպուլիզմից ձերբազատումը, գաղափարների ու սկզբունքների իրատեսությունը, այնպես որ դրանք առաջարկողներն առաջինն իրենք հավատան իրենց ասածին: Եվ նրանց «մեծ ֆինանսական միջոցներ պետք չեն, որպեսզի կարողանան այլընտրանքային ծրագիր ներկայացնել հասարակությանը»: Այլընտրանքային ուժը Վազգեն Մանուկյանն այսօր տեսնում է այն մարդկանց մեջ, ում հետ ճանապարհ է անցել 1988 թվականին եւ դրանից առաջ: «Ոչ թե նրանք են, ովքեր քաղաքականությունը իբրեւ փեշակ են ընտրել, այլ մինչ հիմա իրենց գաղափարներին հավատարիմ մարդիկ»: Այդ կոհորտայի մեջ Վ. Մանուկյանը տեսնում է նաեւ Աշոտ Մանուչարյանին ու Պարույր Հայրիկյանին:

Սորոսի հիմնադրամի կողմից քաղաքական ներդրումների հավանականությանը Վազգեն Մանուկյանը լուրջ չի վերաբերվում եւ լրագրողներին էլ նույնը խորհուրդ տվեց: Ընդդիմության խորհրդարան վերադարձը այս պահին դարձյալ աննպատակահարմար է համարում: ԱԺՄ առաջնորդը ընդդիմության հնարավոր գործողությունների բավական ինքնատիպ նախագիծ առաջարկեց. ստեղծել հակակոռուպցիոն նախարարություն եւ ղեկավար նշանակել ընդդիմությանը: Իսկ եթե ընդդիմությունը գա իշխանության, նոր ընդդիմությունը կտնօրինի այդ նախարարությունը: Թե չէ կոռուպցիայով զբաղվող իշխանությանը կոռուպցիայի դեմ պայքարը վստահելն անմտություն է:

Տարածաշրջանում Հայաստանի ներկա դեր ու կշռին ԱԺՄ առաջնորդը թերհավատորեն է վերաբերվում. «Ոչ ճանապարհ է անցնում, ոչ գազամուղ, ոչ էլ ժողովրդավարական երկիր ենք, ոչ մի ֆակտոր չկա: Ադրբեջանն էլ մի տարվա ընթացքում բավականին ակտիվացել է: Օսկանյանն ասում է, ադրբեջանցիները սխալ արեցին, որ Ղարաբաղի հարցը ՄԱԿ մտցրեցին: Ես կարող եմ ասել` ոչ, չսխալվեցին: Իրենք երբ այնպես արեցին, որ ՆԱՏՕ-ի զորախաղերը տեղի չունենան, այդ ժամանակ էլ չսխալվեցին: Նրանք աշխարհին հստակ ասացին` մենք մինչեւ վերջ գնալու ենք, եւ իրենց հետ հաշվի են նստում: Վերջին մի տարվա ընթացքում Ռուսաստանն իրենց հետ ավելի լավ հարաբերություններ է ստեղծել, քան մեզ հետ: Անընդհատ այդ գործընթացն է գնում, երբ դու ոչ ոքի էլ պետք չես լինում: Եվ քեզ հետ կվարվեն այնպես, ինչպես վարվում են նման դեպքերում»:

Դեմ արտահայտվելով Իրաք 50 հոգանոց ջոկատ ուղարկելու հավանականությանը, Վ. Մանուկյանը առավել դատապարտելի համարեց իշխանությունների ինքնագլուխ որոշումներ ընդունելու սովորությունըՙ առանց խորհրդարանի, անվտանգության խորհրդի կարծիքը հարցնելու: Սակայն Իրաք զորք ուղարկելը, ըստ ԱԺՄ առաջնորդի, չի նշանակում, որ իշխանությունները ուզում են Արեւմուտքի հետ լինել: Պարզապես նրանք ուզում են բոլորին դուր գալ` ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ Ռուսաստանին, բացառապես իշխանություն պահելու, փող աշխատելը չընդհատելու նպատակով: Բայց «ոչ մեկին դուր չեն գալիս»:

Վազգեն Մանուկյանը կոպիտ սխալ է համարում Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի կարճումը, քանի որ «դատավարության ընթացքում շատ բաներ մնացին բաց, իսկ այդպիսի գործում չի կարելի բաց տեղեր ունենալ»: Հոկտեմբերի 27-ի` դրսի կազմակերպիչներ ունենալու մասին քաղաքական տարբեր ուժերի ենթադրությունները Վազգեն Մանուկյանը իշխանությունների «գյուղական խորամանկությունն» է անվանում, որի նպատակն ի վերջո ժողովրդին իշխանությունների շուրջը համախմբելն էր: Թե չէ Հայաստանը երբեք այնպիսի գործոն չի եղել, որ դրսի ուժերին անհանգստացնի:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4