«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2004-11-11 | #202, 2004-11-12 | #203, 2004-11-13


ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԿՍԿՍՎԵՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ

Սպառմա՞ն, թե՞ զարգացման բյուջե

Ըստ կարգի, գալիք ֆինանսական տարվա սկզբից 60 օր առաջ, այսինքն նոյեմբերի 1-ին կառավարությունը բյուջեի նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովին: Երկուշաբթի կսկսվեն 2005 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկումները, որոնք կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում:

Բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորների նախնական տրամադրվածությունն ու տպավորությունները, ինչպես եւ սպասվում էր, տարբեր են` համաձայն նրանց քաղաքական դիրքորոշումների ու պատկանելության:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան. Այս տարվա բյուջեն գնահատում եմ իբրեւ կուլմինացիոն բյուջե: Իմ դիտարկումներով, այդ բյուջեի պայմաններում 2005 թ. տնտեսական զարգացումներն ավելի արագ են ընթանալու, ավելի արագ է հաղթահարվելու աղքատության դեմ պայքարի ծրագիրը, ավելի մեծ բանաձեւեր են ընդունվելու նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրում:

Չնայած դրան, անդրադառնալով տարեսկզբից ավանդների վերադարձման ՕԵ-ի խոստումներին եւ դրա իրականացման անհավանականությանը, համաձայն որի 1000 ռուբլու դիմաց միջինացված տարբերակով կտրվի 10 դոլար, հանրապետական կուսակցության ղեկավարն ասաց, որ իրենք կողմ կլինեն, եթե այդ տարբերակը ժողովրդի համար ընդունելի եւ շահեկան լինի, բայց չի տեսնում այդ շահեկանությունը, «որովհետեւ այդ գումարը ընդամենը 1 շաբաթվա սպառման գումար կլինի, որը վերջին մարդը կստանա 15 տարի հետո»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյան. Այս տարվա բյուջեն բավականին լուրջ հնարավորություններ ունի կատարելու նախընտրական խոստումներից կարեւորագույնը` այսինքն, երկրում անընդհատ գրանցվող տնտեսական աճն ի վերջո, կարող է հասնել քաղաքացիներին: Եվ այդ իմաստով, այն, ավելի քան նախորդ տարվանը, ավելի շատ հնարավորություններ ունի սոցիալական ուղղվածության շեշտադրումներ կատարելու:

«Օրինաց երկիր» խմբակցությունը եւս դրական գնահատական արտահայտեց նախագծի վերաբերյալ, քանի որ նախորդ 233 մլրդի փոխարեն նոր բյուջեն ավելացել է եւս 44 մլրդ դրամով:

Ընդդիմությունը չի մասնակցելու նաեւ բյուջեի նախագծի քննարկումներին, բայց դրա վերաբերյալ բացասական վերաբերմունք ունի:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Դա հերթական սպառողական բյուջեն է, որը լուծում է սոսկ իրավիճակային խնդիրներ: Հարեւան երկրների օրինակը բերեմ` Վրաստանի պետական բյուջեն կազմում է շուրջ 1 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանինը` 2 մլրդ 200 մլն դոլար: Եվ մի թիվ եւս. Հայաստանի պետական բյուջեում պաշտպանության ծախսերը մոտավորապես 80 մլն են, իսկ Ադրբեջանի բյուջեում դրանք 100 մլն-ով ավելի են:

«Ժողպատգամավոր» խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը խուսափեց վերջնական գնահատականից, բայց ցանկություն հայտնեց, որ իրենք ուզում են բյուջեն տեսնել «ոչ թե զարգացման, այլ սպառման միջոց, այսինքն այն պետք է պարունակի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորում, ենթակառույցներ, որոնք կսպասարկեն տնտեսության ակտիվացմանը»:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4