«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2004-11-11 | #202, 2004-11-12 | #203, 2004-11-13


ՄԱՐԿ ԼԵՎԻ. «ԵՍ ԻԴԵԱԼԻՍՏ ԵՄ, ԲԱՅՑ ՈՉ ՊԱՐԶԱՄԻՏ»

Վերջին տարիներին գրական ասպարեզ իջած ֆրանսիացի հեղինակների մեջ առանձնանում է գրող, սցենարիստ Մարկ Լեւիի անունը, որի առաջին երեք գրքերը տարբեր լեզուներով հրատարակվեցին ընդհանուր առմամբ 4 մլն օրինակ տպաքանակով, իսկ 2004 թ. լույս տեսած «Հաջորդ անգամ» վեպը քննադատներն անվանում են ինտերնետի դարաշրջանի «Ռոմեո եւ Ջուլիետ»:

Մարկ Լեւին ծնվել է 1961 թ.: 18 տարեկանում անդամագրվել է ֆրանսիական Կարմիր խաչին, Փարիզի շրջակա նահանգներից մեկում 6 տարի զբաղվել վթարված ավտոմեքենաներից մարդկանց ազատման գործով: Զուգահեռաբար սովորել է Փարիզի համալսարանում եւ աշխատել: 1983 թ. հիմնել է «Լոժիտեք-Ֆրանս» ընկերությունը, 1984-88 թթ. անցկացրել ԱՄՆ-ում, վերադառնալուց հետոՙ 1990 թ. հիմնել ճարտարապետական-շինարարական մի ընկերություն:

1998 թ. հրատարակեց իր առաջինՙ «Իսկ եթե դա ճիշտ է» գիրքը, որի բոլոր 500 հազար օրինակները 1999 թ. 2 մլն դոլարով գնեց հռչակավոր կինոբեմադրիչ Սթիվեն Սփիլբերգը: Գիրքը թարգմանվել է 30 լեզվով: 2001 թ. լույս տեսավ «Որտե՞ղ ես» գիրքը: «Յոթ օր հավերժության համար» գիրքը հրատարակվեց 2003 թ.:

«Պարի-մատչ» հանդեսը տեղեկացնում է, որ ներկայումս Լեւին կինոգործիչ Ռաշիդա Բրաքնիի հետ մեկտեղ ավարտում է իր առաջին կարճամետրաժ ֆիլմի նկարահանումները, որոնք իրականացվում են «Միջազգային ներում» իրավապաշտպանական կազմակերպության պատվերով: Վերջերս Լեւին երկու սցենար է գրել եւ մտադիր է սեփական լիամետրաժ ֆիլմ նկարահանել:

Ներկայումս կանանց պաշտելի գրողը դարձած Մարկ Լեւիի վեպերը Ֆրանսիայում վաճառվում են ամենամեծ տպաքանակներով: Նա փախչում է բարձրաշխարհիկ զվարճանքներից, իսկ ֆրանսիական սրտաբացության կարոտը նրան ստիպեց, որ Լոնդոնում որոշ ժամանակ ապրելուց հետո 14-ամյա որդու հետ վերջերս վերադառնա Փարիզ, որտեղ այժմ բնակվում է ժողովրդական թաղամասերից մեկումՙ 6-րդ շրջանում:

Քննադատներից ոմանք Մարկ Լեւիին ամբաստանում են գրագողության մեջ եւ ենթադրություններ են անում, թե իրականում ով կարող է լինել նրա ստորագրությունը կրող գրքերի հեղինակը: Լեւին առանձնակի կարեւորություն չի տալիս նման հերյուրանքներին, դրանք ի չիք դարձնելով իր բարեկրթությամբ եւ մեղմ ժպիտով:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, շատ է խոսվում Լեւիի եւ երգչուհի Միլեն Ֆարմերի սիրային կապի մասին: Բայց Լեւին շատ զուսպ մարդ է եւ որեւէ ձեւով չի հաստատում այդ ասեկոսեները: Նա սիրում է զբաղվել խոհանոցի գործերով, ճամփորդել եւ աշխատել երաժշտություն լսելով: Երջանկույթունը, ներդաշնակությունը եւ սերը նրաՙ քաղաքացու եւ գրողի, իդեալներն են:

Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Պարի-մատչի» թղթակցին նրա տված հարցազրույցը:

- Ձեր գրքերը, որպես կանոն, վաճառվում են մեծ հաջողությամբ: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

- Ինձ համար շատ դժվար է պատասխանել նման հարցի: Ես սիրում եմ գրել ու պատմություններ պատմել, եւ աներեւակայելի պատահականությամբ, իմ առաջին գիրքը հաջողություն ունեցավ: Կյանքումս հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց (տաղանդավոր կամ անտաղանդ), որոնք լուրջ էին վերաբերում իրենց աշխատանքին: Բայց համոզված եմ, որ աշխատանքը նրանց բնավ հաճույք չէր պատճառում: Իմ բախտը բերել է, որ ուզածս գործն եմ անում: Գրքերիս հաջողությունը չեմ պայմանավորում ինչ-որ հատուկ բաղադրատոմսի գոյությամբ:

- Ուզում եք ասել, որ ամեն առավոտ նստում եք գրասեղանի մոտ եւ աշխատում, առանց գրելիքը հստակ պատկերացնելու:

- Իհարկե, ոչ: Գլխումս պատմությունների գաղափարներ կան: Դրանք հայտնվում են, երբ զբոսնում եմ, մարդկանց լսում: Ես ամաչկոտ եմ, քիչ եմ խոսում, ուստի հաճույքով ավելի շատ լսում եմ, դիտում, քան զրուցում կամ ինձ ցուցադրում: Այն ամենը, ինչ տեսնում եմ շուրջս, փոխակերպվում է վեպի մտահղացման:

- Հաճախե՞լ եք գրելու դասընթացների:

- Բնավ: Դպրոցում չեմ փայլել առաջադիմությամբ, բացառությամբ ֆրանսերենի: Պաշտում էի պոեզիան եւ շատ էի կարդում: Երեւակայականին առնչվող ամեն ինչ հետաքրքրում էր ինձ: Իմ առաջին վճարովի գործն ամռան ամիսներին Փարիզում նոր հայտնված վիդեո ակումբներից մեկում կատարածս գանձապահի աշխատանքն էր: Խենթանում էի կինոյի եւ ամերկյան վեպերի համար: Ֆրանսիան այն ժամանակ դեռ (չնչին բացառություններով) նորավեպերի ազդեցության տակ էր:

- Անորոշությունը, երեւակայության պակասը չե՞ն նեղում Ձեզ:

- Երբեք: Ամենասկզբում փորձելու նպատակով իմ պատմությունը պատմում եմ երկու-երեք ընկերների: Զրույցի պահին անսպասելիորեն խոսքս ընդհատում եմ եւ սկսում մի ուրիշ պատմություն: Բայց պատմելու համար էլ քաջություն է հարկավոր:

- Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ Դուք հրաժարվում եք Ձեզ գրող անվանել: Ինչո՞ւ:

- Ես 38 տարեկանում մուտք գործեցի գրական միջավայր եւ ցավով համոզվեցի, որ ֆրանսիական գրականության ու մշակույթի պաշտպանությանը կոչված անձինք իրականում ապրում են միջնաբերդում, նոր տաղանդներից դժգոհ եւ նրանց հանդեպ նախանձով լի: Ինձ տալիս էին հարցեր, որոնք չէին տա որեւէ բեմադրիչի կամ երաժշտի:

- Օրինակ...

- Օրինակ, երբ արդեն երրորդ գիրքս էի գրել, ինձ հարցնում էին. «Դուք գրո՞ղ եք»: Պատկերացնո՞ւմ եք, որ իր երգերի երրորդ ալբոմը հրատարակած երգչին հարցնեն, թե երգի՞չ է արդյոք ինքը: Ես եզրակացրի, որ Ֆրանսիայում գրող լինելը ոչ թե դեր է, այլ տիտղոս: Եվ քանի որ միայն պակասամիտները կարող են իրենց տիտղոսներ շնորհել, ես մշտապես պատասխանում էի, որ իմ գրող լինել-չլինելը պետք է որոշ են ուրիշները: Կինոն ապացուցել է, որ հնարավոր է փողոցում գտնել մի հրաշալի դերասան եւ նրան տանել Կաննի փառատոն: Անձամբ ես նախընտրում եմ ինձ համարել հեղինակ:

- Երբեւէ պատկերացրե՞լ եք, որ մի օր կարող է ամեն ինչ կանգ առնել:

- Անշուշտ: Գիտե՞ք, գրելն իմ չորրորդ զբաղմունքն է: Կյանքումս երբեւէ անգործ մնալու տագնապը չեմ ունեցել: Եթե վաղը հանկարծ աշխատանք չունենամ, կգնամ ռեստորանում ամանեղեն լվանալու: Իմ եկամուտներն ինձ թույլ են տալիս հանգիստ ապրել եւ գրել նոր գրքեր:

- Ի՞նչ ձեւով եք ծախսում Ձեր դրամը:

- Առավելապես հագեցնում եմ ճանապարհորդելու ծարավս: Բայց չունեմ շքեղ ավտոմեքենա, թանկարժեք ժամացույց կամ կալվածք: Հաճույքով ճաշկերույթներ եմ կազմակերպում իմ սիրելի մարդկանց համար, շաբաթավերջին որեւէ տեղ մեկնում, ընծաներ նվիրում: Ես իդեալիստ եմ, բայց ոչ պարզամիտ: Այսօր իդեալ ունենալը, այն արտահայտելը եւ իրագործել ձգտելն ավելի մեծ համարձակություն են պահանջում, քան ցինիկ լինելը: Արդի հասարակության մեջ կոպիտ եւ եսասեր լինելը շատ ավելի դյուրին է, քան հակառակը: Կարծում եմ նույնիսկ, որ ցինիկներն իրենց կարծածից շատ ավելի պարզամիտ են, քանզի միամտություն ունեն հավատալու, թե իրենք կարող են այդպիսով երջանիկ լինել:

- Գրքեր գրելը կարո՞ղ է արդյոք բարելավել աշխարհը:

- Այո: Եթե գրելը ժամեր տեւող հաճույք, քնքշանք, լավ տրամադրություն է պատճառում, դա ինձ հարմար է: Ես սիրում եմ ներդաշնակությունը: Թերեւս դա է իմ գրքերի հաջողության պատճառը:

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4