«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2004-11-11 | #202, 2004-11-12 | #203, 2004-11-13


ԿՐԱՄՆԻԿԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄՐՑԱՇԱՐԻՑ

Ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը հրաժարվել է մասնակցել վաղը մեկնարկող Ռուսաստանի շախմատի առաջնության եզրափակիչ փուլին, որը բավական ուժեղ կազմ է հավաքել: Ինչպես երեւում է, Պետեր Լեկոյի հետ աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մրցախաղի կիսաեզրափակիչ հանդիպումը Կրամնիկից շատ ուժեր է խլել: Համենայն դեպս, Կրամնիկը նամակով դիմել էր մրցաշարի կազմակերպիչներին եւ տեղեկացրել, որ բժիշկների խորհրդով հրաժարվում է առաջնության մասնակցությունից եւ դեռ մի քանի ամիս էլ չի կարողանա որեւէ մրցաշարի մասնակցել: Թե որքանո՞վ են լուրջ Կրամնիկի հիմնավորումները, դժվար է ասել: Փաստն այն է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ Կրամնիկը հրաժարվում է հանդիպել Գարի Կասպարովի հետ, որը նույնպես մասնակցելու է ՌԴ 57-րդ առաջնությանը: Մինչ այդ էլ Կրամնիկը հայտարարել էր, որ հրաժարվում է աշխարհի առաջնության բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մրցապայքարում մրցել Կասպարովի հետ:

Իր այս հրաժարականով Կրամնիկը դժվարին կացության մեջ դրեց առաջնության կազմկոմիտեին: Չէ՞ որ առաջնությանը մասնակցելու էին 14 շախմատիստներ, որոնք շրջանային մրցակարգով պետք է վիճարկեն չեմպիոնի տիտղոսը: Կազմակերպիչները ստիպված էին հրաժարվել Ալեքսանդր Խալիֆմանի ծառայություններից եւ մրցաշարն անցկացնել 12 մասնակցով:

Եվ այսպես, առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցեն Գարի Կասպարովը (2813), Անատոլի Կարպովը (2682), Ալեքսանդր Մորոզեւիչը (2758), Ալեքսանդր Գրիշչուկը (2704), Եվգենի Բարեեւը (2715), Պյոտր Սվիդլերը (2735), Ալեքսեյ Դրեեւը (2698), Վիտալի Ցեշկովսկին (2577), Ալեքսանդր Մոտիլյովը (2651), Վլադիմիր Եպիշինը (2599), Արտյոմ Տիմոֆեեւը (2611) եւ Ալեքսեյ Կորոտիլյովը (2596): Նոյեմբերի 14-ին տեղի կունենա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը եւ վիճակահանությունը: Հաջորդ օրը շախմատիստները կնստեն խաղասեղանների շուրջ: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 30-ին: Հավասար միավորների դեպքում ավելի բարձր տեղ կզբաղեցնի ավելի շատ հաղթանակներ տարած շախմատիստը: Այնուհետեւ հաշվի կառնվեն անձնական հանդիպումների արդյունքները, հետոՙ սեւ խաղաքարերով անցկացրած պարտիաներում գրանցված արդյունքները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4