Առայժմ. թե ինչ կլինի հետո, ընկերությունում չեն կարող գուշակել
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ մամուլի քարտուղար Մարգարիտա Գրիգորյանն «Ազգի» հետ հեռախոսազրույցում հերքեց նախօրեին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե «Միդլենդ ռեսորսիզ հոլդինգ» բրիտանական ընկերությունը պատրաստվում է Հայաստանի էլեկտրացանցերը վաճառել ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը:
«Լրատվամիջոցներում տարածված լուրերն այս պահի դրությամբ իրականության հետ որեւէ կապ չունեն: «Միդլենդ ռեսորսիզը» չի վաճառել Հայաստանի բաշխիչ ցանցերը, ընկերությունը շատ լավ աշխատում է, թե ինչ կլինի հետո, չեմ կարող ասել: Բաշխիչ ցանցերը չեն կարող վաճառվել, քանի դեռ կառավարությունը թույլտվություն չի տվել: Բացի այդ, այսօրվա դրությամբ որեւէ ընկերություն չի դիմել Հայաստանի կառավարությանը, երկրի բաշխիչ ցանցերը գնելու առաջարկով», ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2002 թ. բրիտանական «Միդլենդ ռեսորսիզը» 40 մլն դոլարով գնեց Հայաստանի բաշխիչ ցանցերը: Ինչ վերաբերում է ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ին, ապա այս ընկերությունն ավելի վաղ ցանկություն էր հայտնել գնելու բաշխիչ ցանցերը, սակայն նրան թույլ չէր տրվել մասնակցել մրցույթինՙ վերջինիս միջազգային աուդիտից խուսափելու պատճառաբանությամբ: Ավելորդ չէ հիշեցնել, որ այդ օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խիստ հայտարարություններ էր հնչեցնում պաշտոնական Երեւանի հասցեին:
Նկատենք, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը հետագայում մասնավորապես «Գույք պարտքի դիմաց» հայ-ռուսական միջկառավարական պայմանագրով փաստորեն Հայաստանում տիրացավ էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների մեծ մասին, մասնավորապես «Սեւան-Հրազդան» կասկադին, Հրազդանի ՋԷԿ-ին, ինչպես նաեւ նրա կառավարմանն է հանձնված Մեծամորի ատոմակայանը:
Թ. Հ.