«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2004-11-11 | #202, 2004-11-12 | #203, 2004-11-13


ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 260-280 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Հավաստիացնում է առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը

Զարգացման հայկական գործակալությունում երեկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից ներկայացվեց 2004 թ. Համաշխարհային ներդրումների զեկույցը: Ներկայացնելով զեկույցը, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Լիզ Գրանդեն տեղեկացրեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ օտարերկրյա ներդրումներն ամբողջ աշխարհում նվազել ենՙ հասնելով 560 մլրդ դոլարի: Ընդ որում, ամենամեծ անկումն արձանագրվել է Եվրոմիության երկրներում եւ Հյուսիսային Ամերիկայում, հասնելով 110 մլրդ դոլարի: Հայաստանում, ինչպես եւ տարածաշրջանում ընդհանրապես, այդ ընթացքում ներդրումներն ավելացել են:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճը տեղի է ունենում համաշխարհային ներդրումների ծավալների նվազման ֆոնի վրա: Այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումներն ավելացել են մոտ 40 տոկոսով եւ մինչեւ տարեվերջ ակնկալվում է, որ դրանք կկազմեն 260-280 մլն դոլար: Փոխնախարարը նշեց, որ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կսկսեն իրագործվել մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր: Նա նաեւ հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստանում կատարված ներդրումները կազմել են 230 մլն դոլար:

Այնուհետեւ տեղեկացվեց, որ փոխվել է ներդրումների կառուցվածքը: Այժմ դրանք ավելացել են տնտեսության իրական հատվածումՙ թեթեւ արդյունաբերության, հանքարդյունաբերության, շինարարության եւ այլ ոլորտներում: Հայաստանում ամենախոշոր ներդրումները կատարել են Հունաստանը, Արգենտինան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Նշվեց, որ ավելացել են նաեւ տեղական ներդրումները:

Տիգրան Դավթյանը չցանկացավ համեմատել Հայաստանում եւ Ադրբեջանում կատարված ներդրումները, ասելով, որ Ադրբեջանում ներդրումները կատարվում են միայն մեկ ոլորտում: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա քաղաքական փոփոխություններից հետո արտասահմանյան ներդնողների հետաքրքրությունն այդ երկրի նկատմամբ աճել է: Այդ երեւույթը փոխնախարարը ողջունեց, ասելով, որ օտարերկրյա ներդնողներից շատերի համար Հայաստանը փոքր շուկա է համարվում եւ նպաստավոր կլինի նրանց նաեւ վրացական շուկան առաջարկելը: Իսկ հայ-վրացական գործարար կապերի աշխուժացումը հույսեր է ներշնչում, որ ապագայում հնարավոր կլինի ստեղծել Հայաստան-Վրաստան տարածաշրջանային շուկա, վերջում նշեց Տիգրան Դավթյանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4