Երեկ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի վեհարանի մեծ սրահում տեղի ունեցած հանդիսությունը գնահատումի եւ մեծարման երեկո էր հայ արդի մշակույթի երախտավորներ ՀՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի, գրող-թարգմանիչ Կարպիս Սուրենյանի, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի եւ բժշկական պետհամալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի բազմամյա եւ նվիրյալ գործունեության:
Մեծարման երեկոյի բացման արարողությունը կատարելովՙ Ներսես արք. Պոզապալյանը երեւույթը գնահատեց իբրեւ հայ եկեղեցուՙ առ հայրենի մշակույթը, գիտությունն ու կրթությունն ունեցած վերաբերմունքի եւ ուշադրության դրսեւորում:
Երբ հանդիսավորությամբ ներս բերվեցին նվիրական սրբատառ կոնդակներն ու բարձրագույն պարգեւները, Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ տիարք Էդվարդ Իսաբեկյանը, Կարպիս Սուրենյանը, Սեն Արեւշատյանը եւ Վիլեն Հակոբյանը պարգեւատրվեցին հայոց եկեղեցու բարձր պարգեւներովՙ «Սբ. Սահակ» եւ «Սբ. Մեսրոպ» շքանշաններով եւ սրբատառ կոնդակներով: Ապա մեծարյալներն իրենց երախտիքն արտահայտեցին Վեհափառ հայրապետին եւ ներկաներին, շնորհակալության, շնորհավորանքի խոսքեր ասացին ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը:
Հանդիսությունը եզրափակվեց համերգային ծրագրով:
Մ. Բ.