Եվրոպահայերի փրկության կոչը
«Միլիեթ» թերթի թղթակիցը Վանից ահազանգում է, որ 10-րդ դարի Աղթամար եկեղեցու հրաշալի քանդակներն այցելուների կանոնավոր հրաձգության թիրախ են դառնում, տեղեկացնում է Բրյուսելից Եվրոպայի հայերի համագումարի մամուլի հաղորդագրությունը: Թերթը, ըստ հաղորդագրության, հրատարակել է նաեւ մի լուսանկար, որտեղ պատկերված է իրավիճակը: Լրագրողը նշել է, որ ամռան ընթացքում աշխատանքային ժամերին մի պահակ հսկում է եկեղեցին, բայց այլ եղանակներին եւ ժամերին այցելուներն ազատ են իրենց արարքներում: Նրանք նույնիսկ փորձում են այնտեղ գանձեր գտնել: Վանի համալսարանի հնաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Վելի Սեչկինի տվյալներով, շրջակայքի բնակչությունը հավատացած է, որ եկեղեցում գանձ է թաղված: Պահակին նույնիսկ մի անգամ ձերբակալել են «գանձ որոնելու» մեղադրանքով:
«Զաման» թերթը դեռ մայիսին էր ահազանգել, որ եկեղեցին անփութության է մատնված եւ քայքայման եզրին է: Համաձայն Վան քաղաքի մշակույթի եւ զբոսաշրջության շրջանային տնօրեն Բիլալ Սոնմեզի, պատմական հուշարձանի պահպանման ծրագիր է մշակվում, եւ հարցը ներկայացված է բնության եւ մշակութային արժեքների պահպանման վարչություն, բայց առայժմ ոչ մի քայլ չի կատարվել: Եկեղեցին չի գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո, որովհետեւ յուրաքանչյուր երկիր ինքն է պատրաստում ցուցակը, եւ Աղթամարը չի ընդգրկված այնտեղ:
Եվրոպայի հայերի համագումարը եւ բազմաթիվ անհատներ աշխարհի տարբեր վայրերից նամակներով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն արդյունք առայժմ չկա: Եվրոպացիների գիտակցությունն արթնացնելու նպատակով համագումարը սեպտեմբերի վերջերին Եվրոխորհրդարանում (Բրյուսել) շվեդական մի ընկերության հովանավորությամբ գործող հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող մի կազմակերպության օժանդակությամբ կազմակերպել է ցուցահանդես «Հայկական ճարտարապետական ժառանգությունը Հարավային Կովկասում եւ Միջին Արեւելքում» թեմայով, որտեղ հստակորեն ցույց են տրվել Թուրքիայում եւ Ադրբեջանում իրագործվող կանխամտածված բարբարոսությունները հայկական արժեքների նկատմամբ:
Սույն մամուլի հաղորդագրությամբ ԵՀՀ-ն մի անգամ եւս կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններինՙ Եվրոպայի դռները բախող Թուրքիային ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերջ դնել հայկական ճարտարապետական հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող վայրագություններին, որովհետեւ դրանք ոչ թե լոկ մի ազգի, այլ համայն մարդկությանն ու աշխարհի քաղաքակրթություններին են պատկանում:
Հ. Ծ.