«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2004-11-12 | #203, 2004-11-13 | #204, 2004-11-16


ԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՈՆԻԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՂ ԵՆ

Ռումինացիների հետ հանդիպմանը նախապատրաստվում է 18 ֆուտբոլիստ

Վաղը Հայաստանի ազգային հավաքականն ընտրական մրցաշարի հերթական խաղում ժամը 19-ին կհյուրընկալի Ռումինիայի ֆուտբոլիստներին: Այսօր «Նաիրի» մարզադաշտում ժամը 15-ին կսկսվի նույն երկրների երիտասարդական հավաքականների մրցավեճը: Իսկ երեկ, ավանդույթի համաձայն, «Հրազդան» հյուրանոցում կայացավ հավաքականի ֆուտբոլիստների եւ գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնիի հանդիպումը լրագրողների հետ: Ֆուտբոլիստներից ներկա էին Ապուլա Բետեն, Արման Քարամյանը, Կարեն Դոխոյանն ու Արա Հակոբյանը: Բետեն տեղեկացրեց, որ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջանը հաջող է անցել եւ այժմ 2 ակումբների միջեւ բանակցությունների միջոցով պետք է որոշվի իր հետագա ճակատագիրը: Կարեն Դոխոյանը, որ օրերս «Կռիլյա սովետովի» կազմում արժանացել էր բրոնզե մեդալի, նշեց, որ ուրախ է թիմի հաջողության համար: Ինչ վերաբերում է մարզավիճակին, ապա նախկինի պես անհանգստացնում է ծնկի վնասվածքը, որի հետեւանքով 90 րոպե դժվարանում է խաղալ:

Արման Քարամյանը շատ է ցանկանում մասնակցել ռումինացիների հետ հանդիպմանը: Ակումբում ինքը որոշակի խնդիրներ ունի մարզչի հետ, որի հետեւանքով հազվադեպ է հանդես գալիս հիմնական կազմում, սակայն ակումբի ղեկավարությունը գոհ է երկու եղբայրներից, որոնք 2,5 տարվա պայմանագիր ունեն «Ռապիդի» հետ: Արա Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ Դնեպրոձերժինսկի «Ստալ» է տեղափոխվել խաղային պրակտիկայից չզրկվելու համար, քանի որ Դոնեցկի «Մետալուրգում» հիմնական կազմում տեղ չի ունենում: Նրա եւ եղբորՙ Արամի պայմանագիրը 15 օրից ավարտվում է եւ առայժմ հայտնի չէՙ կմնա՞ն նրանք արդյոք «Ստալում», թե՞ ոչ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին տեղեկացրեց, որ վնասվածքի պատճառով հավաքական չեն հրավիրվել Ալբերտ Սարգսյանը, Անդրեյ Մովսիսյանը, Արտավազդ Քարամյանը, Ռոմիկ Խաչատրյանը, Արմեն Համբարձումյանը: Բոլորին հետաքրքրում էր Արթուր Պետրոսյանի հավաքական չհրավիրվելու փաստը: Դեռեւս նախորդ հանդիպումից հետո Արթուրը հայտարարել էր, որ ռումինացիների հետ խաղում պատրաստվում է հրաժեշտ տալ հավաքականին: Սակայն, ինչպես երեւում է, հրաժեշտի խաղն այդպես էլ չի կայանա: Արթուրի բացակայությունը Կազոնին պատճառաբանեց նրանով, որ նոյեմբերի 14-ին նա «Ցյուրիխի» կազմում խաղացել է եւ նրա համար դժվար կլիներ 3 օր անց հանդես գալ հավաքականում: Անկեղծ ասած, այս փաստարկը բնավ էլ համոզիչ չէր, քանի որ առաջին դեպքը չէ, որ մեր լեգեոներները հավաքականի խաղից մի քանի օր առաջ իրենց ակումբներում հանդես են եկել: Այդպես էլ լրագրողները չկարողացան Կազոնիից պարզելՙ Արթուրն ի՞նքն է հրաժարվել, թե՞ մարզիչը չի հրավիրել:

Փաստորեն ստացվում է, որ ռումինացիների հետ հանդիպմանը Կազոնիի տրամադրության տակ են ընդամենը 18 ֆուտբոլիստներ: Կրկին հարց բարձրացվեց Հայաստանի առաջնության հանդիպումները Կազոնիի կողմից դիտելու նպատակահարմարության մասին: Եվ կրկին Կազոնին նշեց, որ ինքը Հայաստանում գտնվելիս մեկ-երկու խաղ դիտում է: Բացի այդ էլ, ֆեդերացիայի աշխատակիցներն իրեն տեղեկացնում են աչքի ընկած ֆուտբոլիստների մասին:

Անդրադառնալով առաջիկա հանդիպմանը, Կազոնին նշեց, որ վստահում է իր սաներին եւ հույս ունի, որ դրական արդյունքի կհասնեն: Միայն անհրաժեշտ է, որ ֆուտբոլիստները կարողանան իրացնել գոլային պահերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4