«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից ֆինանսավորվելու համար
Չնայած վերոնշյալ ծրագրով ոչ մի երկրի համար ֆինանսական հատկացման չափ սահմանված չէ, բայց հարկ է հաշվի առնել, որ այդ նպատակի համար նախատեսված բյուջեն սահմանափակ է: Այդ մասին երեկ ասաց Հայաստանի առաջարկները քննարկելու նպատակով այստեղ գտնվող ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի Արեւելյան Եվրոպայի եւ Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ստեֆան Գրոֆը: Նրա ու ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշվեց, որ Հայաստանը ընդգրկված է ծրագրի 2004 թ. եւ 2005 թ. համար նախատեսված ֆինանսավորման շրջանակներում:
Կորպորացիայի ներկայացուցիչը մասնավորապես կարեւորեց, որ ներկայացված ծրագրերը որակյալ լինեն, անցնեն լիարժեք հրապարակային քննարկման փուլ եւ առնչվեն տնտեսական աճին եւ աղքատության կրճատմանը: Մեր հարցին, թե ի՞նչ ծրագրեր է ներկայացրել Հայաստանի կառավարությունը, Ստեֆան Գրոֆը պատասխանեց, որ դեռեւս պաշտոնապես որեւէ ծրագիր չի ներկայացվել: «Ազգի» մյուսՙ «Ինչո՞ւ լրատվամիջոցներին չեն տրամադրվել քննարկվող ծրագրերը» հարցին, որն ուղղեցինք Տիգրան Խաչատրյանին, վերջինս պատասխանեց, որ լրատվամիջոցներին փաթեթները չեն ուղարկվել, բայց գործընթացը բաց է եղել ծանոթանալու համար: Փոխնախարարը խոստացավ մեզ նույնպես տրամադրել այդ փաթեթները, ինչը, մեր ընկալմամբ, պետք է արվեր նախքան նման հարց բարձրացնելը:
Տիգրան Խաչատրյանը նաեւ նշեց, որ ամենայն հավանականությամբ, Հայաստանի ներկայացրած ներդրումային ծրագրերը պետք է ընդգրկեն գյուղական ենթակառուցվածքները: Թե ի՞նչ արժողության ծրագիր է ներկայացվել կորպորացիային, չնշեցին ոչ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը, ոչ կորպորացիայի ներկայացուցիչը: Վերջինս միայն նշեց, որ կորպորացիայի ընդհանուր բյուջեն 2-3 մլրդ դոլարի սահմաններում է, որը պետք է ըստ ներկայացված ծրագրերի բաժանվի 17 հավակնորդ երկրների վրա:
Այդուհանդերձ, հարկ ենք համարում նշել, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նախկինում գումարային որոշակի ակնկալիքների մասին խոսել է, ընդ որումՙ տարբեր չափի գումարների մասին: Եթե առաջին անգամ նախարարը չբացառեց մինչեւ 900 մլն դոլար ստանալու հավանականությունը, ապա վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ արդեն նշեց 200-300 մլն դոլարի մասին: Հավանաբար, սկզբնական շրջանում Վարդան Խաչատրյանը չէր պատկերացնում ծրագրերի որակի վերաբերյալ ամերիկյան կողմի պահանջների լրջությունը եւ ջուրը չտեսած շտապել էր բոբիկանալ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ