Նոր խոստում` «Մինչեւ տարվա վերջ մենք կհասցնենք ապահովել Երեւանը 100 ավտոբուսով»
Ինչպիսին են անցնող տարվա ծրագրային ցուցանիշները Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում. այս թեմայով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ մանրակրկիտ հաշվետվություն ներկայացրեց լրագրողներին: Այդ ցուցանիշներից քաղաքապետը գոհ է. «Ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ 9 ամիսների հիմնական ցուցանիշները բոլորն իրականացվել են 101,5 տոկոսով»:
Նա ցավ հայտնեց միայն տրանսպորտային ապահովվածության եւ ինքնակամ կառուցապատումներին վերաբերող խնդիրների անբավարար լուծումների առթիվ: Տրանսպորտային ասպարեզում նախատեսված աշխատանքներն իրականացվել են միայն 54,4 տոկոսով: Տարեսկզբին նույն քաղաքապետարանը խոստացել էր 100 ավտոբուս ավելացնել ներքաղաքային երթուղիներում, սակայն ֆինանսներ չլինելու պատճառով ձեռք է բերվել միայն 14-ը: Սրանք ներկրել է «Ավիատրանս» մասնավոր ձեռնարկությունը, յուրաքանչյուրը 26 հզ. ԱՄՆ դոլարով: Ավիատրանսը հետագայում հրաժարվեց ոչ միայն այդ ավտոբուսների շահագործումից, այլեւ այս ասպարեզում ներդրումները շարունակելուց: Անկասկած, ակնկալած եկամուտները չստացավ: Այդ ավտոբուսներն այսօր վարձակալությամբ վերցրել է քաղաքապետարանը:
Մեծ ավտոբուսների շահագործման համար պետությունը ոչ մի դոտացիա չի տալիս: Իբրեւ խնդրի լուծում, մասնավորին շահագրգռելու համար քաղաքապետարանը որոշել է բարձրացնել ավտոբուսների ուղեվարձը: «Հավանաբար, նոյեմբեր-դեկտեմբերին սակագները կթանկանան, հանգիստ կանենք, որ դժգոհություններ չլինեն», հայտարարեց Երվանդ Զախարյանը:
Իսկ փոխադրումների վիճակի բարելավում շուտ պետք չէ ակնկալել: «Դրանց տեսանելի բարելավումը կլինի նոր ավտոբուսների ներկրմանը զուգահեռ: Մինչեւ հունվար մենք երեւի կապահովենք 100 ավտոբուսների ներկրումը», խոստացավ քաղաքապետը, այդուհանդերձ, տարակուսանքի մեջ թողնելով լրագրողներին, որ եթե ողջ տարվա մեջ չհաջողվեց դրանց ներկրումը, վերջին մեկուկես ամսում ինչ հրաշքով է լինելու: Մասնավորապես նշվեց, որ Լիոնից բերվելու են 43 հզ. եվրո ընդհանուր արժողությամբ 10 ավտոբուս եւ 10 տրոլեյբուս:
Քաղաքապետարանը սպասում է կառավարական համապատասխան որոշման (այն հավանաբար կհրապարակվի դեկտեմբերին), որպեսզի իր վերահսկողության տակ առնի նաեւ մասնավոր տաքսիների գործունեությունը:
Մենք ստիպված գնում ենք խիստ քայլերի
Քաղաքապետն անդրադարձավ նաեւ Աջափնյակից վթարային շենքերի բնակիչների տեղափոխման խնդիրներին: Բնակիչներն ստացել են փոխհատուցման գումարները, բայց հրաժարվում են դուրս գալ իրենց տներից: «Ստիպված ենք դիմելու որոշ կոշտ քայլերի, որովհետեւ ամենափոքր ցնցումների դեպքում այդ շենքերն ուղղակի կփլվեն: Մենք խիստ պիտի լինենք հենց բնակիչների անվտանգության շահերից ելնելով»:
2005 թվականը, ըստ քաղաքապետի, կդառնա աշխատանքների ակտիվացման տարի Հյուսիսային պողոտայի համար: Այստեղ արդեն ավարտվել են իրացման աշխատանքները, եւ պողոտայի շինարարությունը հավանաբար կավարտվի ժամանակացույցի համաձայն` 2007թ.:
Առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսվեն իրացումները նաեւ Գլխավոր պողոտայում: Նախատեսվում է Գլխավոր պողոտայի վերակառուցման աշխատանքներն ավարտել 4-5 տարում: Գլխավոր պողոտայի կառուցապատման ծրագրով կսկսվեն իրացումները նաեւ գինու կոմբինատի, Սուրբ Սարգիս եկեղեցու եւ հանրահայտ Ֆիրդուսի թաղամասում:
Քանի որ հաջորդ տարին քաղաքապետարանը հայտարարել է կանաչ տարածքների պահպանման ու վերականգնման տարի, իսկ դա անհնար է առանց ոռոգման ցանցի, որոշվել է միայն այդ համակարգի վերականգնման համար ծախսել 450-500 մլն դրամ:
300-350 մլն դոլարով կավելանան նաեւ քաղաքի ասֆալտապատմանը հատկացվող գումարները:
«Փողոցային առեւտուրը վերացնելու համար մենք խիստ քայլերի չգնացինք, հույս ունենալով, որ մանրավաճառները կհասկանան մեզ, եւ երբ մենք արդեն ավելի ցիվիլ առեւտրի պայմաններ կստեղծենք, նրանք ինքնակամ կտեղափոխվեն այնտեղ: Ցավոք, այդպես չեղավ, եւ մենք մտադիր ենք գնալ բավական խիստ քայլերի», երեկ հայտարարեց քաղաքապետը:
Առաջինը «գրոհի» է ենթարկվելու հակասանիտարական վիճակում հայտնված Նժդեհի հրապարակը: Տեղի թաղապետարանին ու ոստիկանությանը հանձնարարական է տրվել` դիմել ամենախիստ միջոցների այդ տարածքը կարգի բերելու համար:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ