«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2004-11-13 | #204, 2004-11-16 | #205, 2004-11-17


ՊՐՈՖ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԻՐԱՆՈՒՄ ԵՍ ՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԷԻ

Իրանի խոշորագույն «Միլադ» հոսպիտալի, Թեհրանի համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնի ու գիտական զարգացման ինստիտուտի հրավերով երկշաբաթյա գործուղումով այդ երկրում էր Մոսկվայի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտի կլինիկայի ղեկավար, բժշկագիտության ակադեմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը: Անվանի բժիշկ գիտնականն իր տպավորությունները պատմեց «Ազգի» թղթակցին:

- Ես մտերիմ հարաբերություններ ունեմ իրանցի շատ գործընկերներիս հետ, որոնց հետ հիմնականում շփվում ենք զանազան միջազգային մասնագիտական միջոցառումների ժամանակ: Ահա եւ առիթ եղավ նրանց հրավերով լինելու իրենց հայրենիքումՙ ցուցադրական վիրահատություններ կատարելու եւ դասախոսություններ կարդալու համար:

- Ցուցադրական ո՞ւմ համարՙ ուսանողների՞:

- Ո՛չ, հիմնականում մասնագետների: «Միլադ» հոսպիտալն արդիական տեխնիկայով հագեցած արեւմտյան մակարդակի բուժհաստատություն է, որտեղ աշխատում են բարձրակարգ բժիշկներ: Նրանք էլ խնդրեցին ինձ իմ մեթոդներով ու իմ սարքավորումներով վիրահատել ինձ ծանոթ հիվանդների:

- Վիրահատման ձեր մեթոդներն ինչո՞վ էին գրավել իրանցի բժիշկների ուշադրությունը:

- Կոտրվածքների, հոդերի բուժման իմ գիտագործնական մշակումները թույլ են տալիս վիրահատություններ կատարել նույնիսկ դաշտային պայմաններում, չեն պահանջում ծավալուն թանկարժեք ստացիոնար բուժսարքավորումներ:

- Մանավանդ որ Իրանը գտնվում է սեյսմիկ գոտում եւ այնտեղ հազվադեպ չեն զանազան այլ տարերային աղետները:

- Ավելին ասեմ, նույնիսկ այն փաստը, որ Իրանում բենզինը, ինչպես հայերս կասեինք, ջրի գին ունի, հանգեցնում է բավականին բացասական հետեւանքների ավտովթարների իմաստով. միայն Թեհրանում կրկնակի շատ ավտոմեքենա կա, քան հսկա Մոսկվայում: Եթե դրան էլ ավելացնենք տեղացիների արեւելյան խառնվածքը, երբ առանձնապես չեն պահպանվում երթեւեկության կանոնները, ապա պարզ կդառնա ճանապարհատրանսպորտային պատահարների բարձր մակարդակը: Ինձ վստահված 9-ը ծանր հիվանդներից 5-ը տուժել էին հենց ավտովթարից:

- Ի՞նչ լեզվով էիք շփվում տեղացիների հետ:

- Թեհրանում շատ կան Ռուսաստանում, այդ թվում նաեւ մեր ինստիտուտում սովորած բժիշկներ: Նրանք էլ ինձ կամավոր օգնում էին վիրահատությունների, դասախոսություններ կարդալու եւ անձնական շփումների ժամանակ: Իսկ տեղի «արեւելախոս» հայ բժիշկների հետ, ինքներդ եք հասկանում, խնդիր չկար: Պարսիկները բարյացակամ, հյուրասեր ժողովուրդ են եւ հիանալի են տրամադրված հայերի նկատմամբ: Ես ինձ հարազատ միջավայրում էի զգում: Առաջարկեցին 10 տարվա պայմանագիրՙ սիրով համաձայնեցի:

- Հանդիպումներ եղա՞ն հայ համայնքի հետ:

- Ինչպե՞ս կարելի է առանց դրա: Ես առհասարակ որտեղ լինում եմ, միշտ հետաքրքրվում եմ տեղի հայության կյանքով: Թեհրանի հայկական եկեղեցիներից մեկում ջերմ զրույց ունեցա Սեպուհ արք. Սարգսյանի հետ: Հետո ինձ հրավիրեց իրանահայ բժիշկների միությունը: Իսկ իրանահայությանՙ Թեհրանի կենտրոնում գտնվող «Արարատ» մշակութային-առողջապահական համալիրը ինձ պարզապես ապշեցրեց ու հիացրեցՙ գիտամշակութային սեկտոր, լողավազան, թենիսի հրապարակներ, ֆուտբոլի դաշտ, համերգասրահ... Մոսկվայի հայկական թերթերից մեկում ունեցած հարցազրույցում գիտե՞ք ինչ ասացիՙ մոսկվացի հայերը, որ շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, կերազեին ունենալ այդպիսի ազգային կենտրոն:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4