«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2004-11-13 | #204, 2004-11-16 | #205, 2004-11-17


ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԽՈՒՍԱՓԵԼ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նախօրեին հայտարարեց հասարակական տրանսպորտի գնի թանկացման մասին: Բնականաբար, հարց է առաջանումՙ որքանո՞վ է հիմնավորված Երվանդ Զախարյանի այդ մտադրությունը եւ հնարավո՞ր է խուսափել դրանից:

Խնդիրն այստեղ այն է, որ ավտոբուսների ուղեվարձի սակագների բարձրացման տնտեսական հիմնավորումներ չբերեց ոչ քաղաքապետը, ոչ էլ նրանից օրեր առաջ նույն մտադրության մասին արտահայտված տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը: Միայն նշվում է, որ դիզելային վառելիքի գինը վերջին տարիներին բարձրացել է, եւ 50 դրամով աշխատելով ավտոբուսները չեն կարողանում շահույթ ապահովել:

Որեւէ հաշվարկ, թե ի՞նչ ծանրաբեռնվածության դեպքում, հարկման ինչպիսի՞ դաշտում, որքա՞ն վառելիք է ծախսում մեկ ավտոբուսը, չի ներկայացվում: Չի ասվում նաեւ, թե որքանո՞վ է նպատակային այս կամ այն երթուղին շահագործելը, ինչպե՞ս եւ ո՞վ է ուսումնասիրել ուղեւորահոսքը եւ որոշել երթուղին:

Մի խոսքով, մի շարք հարցեր, որոնց պատասխանները հասարակությունը չի ստացել, մինչդեռ դրանց առկայությունը հնարավորություն կտար պարզելու, թե արժե՞ թանկացնել ավտոբուսների ուղեվարձը, թե՞ այնուամենայնիվ դրանց գործունեությունը շահութաբեր դարձնելու այլ ճանապարհներ կան: Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ ավտոբուսների ուղեվարձի թանկացման մտադրությունն առայժմ որեւէ կերպ հիմնավորված չէ:

Ի դեպ, մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ հասարակական տրանսպորտը հարկ է դիտարկել որպես հանրային ծառայություն, քանի որ իր բովանդակությամբ իսկապես հանրային (հասարակական) ծառայություն է մատուցում, որից, ինչպես ջրից, գազից կամ էլեկտրաէներգիայից, օգտվում է ամբողջ բնակչությունը: Հետեւաբար, սակագնի բարձրացման յուրաքանչյուր առաջարկ քաղաքապետարանը կքննարկեր հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում, որտեղ էլ հնարավոր կլիներ պարզել, թե որքանով է հիմնավորված սակագնի բարձրացումը եւ կա՞ն արդյոք չբարձրացնելու հնարավորություններ: Սակայն, դժբախտաբար, առայժմ հարցի նման ընկալումը բացակայում է ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ հանձնաժողովում:

Այդուհանդերձ, հնարավո՞ր է ավտոբուսներ շահագործել առանց սակագնի թանկացման: Մինչ այս հարցին պատասխանելը նախ հիշեցնենք, թե ինչպես երթուղիներից անհետացան ավտոբուսները: Նրանք դուրս մղվեցին, չդիմանալով միկրոավտոբուսների մրցակցությանը: Պետությունն ավտոբուսներին չաջակցեց ոչ միայն դոտացիա չտրամադրելով նրանց, այլեւ վնասեցՙ հօգուտ միկրոավտոբուսների անհավասար պայմաններ ստեղծելով: Միկրոավտոբուսները, լինելով ավելի շարժունակ եւ մեծ մասամբ ստվերային փոխադրումներ իրականացնելով, փաստորեն սնանկացրին իրենց զուգահեռ երթեւեկող եւ հարկման ավելի մեծ բեռի տակ գտնվող ավտոբուսներին: Հենց այս հանգամանքը, այլ ոչ թե դիզելային վառելիքի գների թանկացումը հանգեցրեց ավտոբուսների ոչ շահութաբեր գործունեությանը: Հետեւաբար շահութաբեր գործունեությունը վերականգնելու համար նախ հարկավոր է վերացնել խոչընդոտող հանգամանքները:

Այսինքն, մինչ սակագների բարձրացմանը դիմելը, քաղաքապետարանը կարող է նախ ուսումնասիրել եւ որոշել առավել ծանրաբեռնված ուղեւորահոսք ունեցող երթուղիները, որոնցով փոխադրումներ կիրականացնեն ավտոբուսները: Դա գուցե հարվածի միկրոավտոբուսային որոշ երթուղիների «տերերի» շահերին, բայց եթե քաղաքապետն ու իշխանություններն իսկապես վճռական են գերակշռող դարձնել ավտոբուսները, այլ ոչ թե ընդամենը հայտարարում են այդ մասին, ապա պարտավոր են հաղթահարել այդ մարդկանց դիմադրությունն ու լոբբիինգը: Փոխարենը կշահեն ինչպես ավտոբուսային երթուղիները, այնպես էլ հատկապես օրվա որոշակի ժամերին կանգառներում անվերջ միկրոավտոբուսներին սպասող ուղեւորները:

Հաջորդը հարկային բեռի թեթեւացումն է: Երվանդ Զախարյանը արդեն հայտարարել է, որ ավտոբուսների ներմուծումը խթանելու համար խորհրդարան առաջարկ կներկայացնի դրանց ներկրումն ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ: Ի լրումն այդ որոշման, քաղաքապետարանը կարող է հարկային մեկ այլ արտոնություն առաջարկել, որի անհրաժեշտության մասին խոսում էր տրանսպորտի վարչության նախկին պետը եւ որին համաձայն է նաեւ այդ վարչության ներկայիս պետը: Խոսքն ավտոբուսները հաստատագրված վճարից ընդհանրապես կամ մասնակիորեն ազատելու մասին է, որն այժմ կազմում է ամսական մոտ 60 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ միկրոավտոբուսների հաստատագրված վճարը 30 հազար դրամ է: Եթե քաղաքապետարանը հետամուտ լինի ավտոբուսների համար հարկային այս արտոնության ընդունմանը եւ մշակի ու սահմանի պահանջարկին համարժեք ավտոբուսային երթուղիներ, ապա, կարծում ենք, իրական հնարավորություններ կառաջանան խուսափելու ուղեվարձի բարձրացումից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4