Նոյեմբերի 16-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին: Հայտնի բարերարը հավաստիացրել է, որ ինքը ոչ միայն կմասնակցի հեռուստամարաթոնին, այլեւ կշարունակի իր ավանդը ներդնել Արցախի բարեկարգմանը եւ զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման գործում: «Հարավ-հյուսիս» ավտոմայրուղու շինարարությունն ավարտին հասցնելու համար իրենց ներդրումն ունենալու պատրաստակամություն են հայտնել բարերարներ Գեւորգ Հովնանյանը եւ Սարգիս Հակոբյանը: Ենթադրվում է, որ 2004 թ. հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվող գումարը զգալիորեն կգերազանցի բոլոր նախորդ հեռուստամարաթոնների ցուցանիշները: «Ազգի» տեղեկություններով, արդեն 6 հայ մեծահարուստ բարերարներ խոստացել են 1-ական մլն դոլար նվիրաբերել: