Շարունակվում են բյուջետային քննարկումները
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երեկ պառլամենտում կայացավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի եւ ֆինանսավարկային, բյուջետային ու տնտեսական հարցերի հանձնաժողովների դռնփակ նիստը: Օրակարգում դարձյալ, ինչպես այս շաբաթվա բոլոր օրերին, «ՀՀ 2005 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված հարցերի քննարկումն էր: Այս անգամՙ հարցերի այն խմբի, որոնք վերաբերում էին պաշտպանության նախարարությանը, ռազմատնտեսական ծրագրերին, ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, կալանավայրերի պահպանմանը:
Ուժայինների ղեկավարները հիմնականում դժգոհ էին գալիք տարվա բյուջետային հատկացումներից:
«Ես վստահ եմ, որ հանրապետության կառավարությունը միջոցներ է գտնելու հայկական բանակին հատկացնելու այնքան գումար, որ նրա մարտունակությունը չկորչի», դռնփակ նիստից հետո իր անբավարարությունն այսպես արտահայտեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ադրբեջանական եւ հայկական ռազմական բյուջեների հարաբերակցությանը, պաշտպանության նախարարը շարունակեց. «Բացարձակ թվերի առումով նրանց բյուջետային հատկացումները շատ ավելի մեծ են, բայց բյուջեում տեսակարար կշռի առումով մերը մի քիչ ավելի է»:
Այս տարի պաշտպանական ծախսերի համար նախատեսված գումարը (99 մլն դոլար) ավելի քիչ է կրթական ոլորտի համար նախատեսվածից: Նախարարը խուսափելով համեմատություններ անելուց, այնուամենայնիվ, վճռականորեն երկրորդեց իր դիրքորոշումը, թե պաշտպանության համակարգին հասցեագրված գումարը բավարար չէ, եւ անպայման որոշակի փոփոխությունների կարիք կա:
Նախարարի բացատրությամբ, այդ փոփոխություններն անհրաժեշտ են նախ եւ առաջ համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման համար: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2005 թվականի հունվարի 1-ից 50 հզ. դրամով կբարձրանա սպաների, 30 հազարով ենթասպաների ու պայմանագրայինների, 10 հզ. դրամով` ծառայողների աշխատավարձը: Համակարգում լուրջ խնդիրներ են առաջացրել նաեւ գների միջազգային բարձրացումները:
Բյուջետային թեմային կից հարցերից նախարարն անդրադարձավ պաշտպանության նախարարության նոր շենքի շինարարությանը, որը, նրա տեղեկացմամբ, կառուցվելու է ոչ թե բյուջետային, այլ «Ինգեոկոմ» կազմակերպության միջոցներով: Այս մասին նույնիսկ կառավարական հատուկ որոշում է սպասվում:
Նախարարը հորինաբանություն համարեց մամուլում շրջանառված այն լուրը, թե ռուս սահմանապահները ֆինանսավորման հետ կապված որոշակի դժգոհություններ են արտահայտել:
40 տոկոսով կբարձրանա նաեւ ոստիկանների աշխատավարձը
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը դժգոհություն հայտնելով, այնուամենայնիվ, շնորհակալություն հայտնեց կառավարությանը, որ նախորդ տարվա համեմատ ոստիկանության բյուջեում 2 մլրդ դրամի ավելացում կա: «Դրա մոտ 80 տոկոսը մենք ուղղելու ենք աշխատավարձի ֆոնդին, որը հնարավորություն կտա հավելավճարի ձեւով մոտ 40 տոկոսով բարձրացնելու աշխատավարձերը: Այդ գումարը բավարար չէ, բայց կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գալ տարի, լրացուցիչ հնարավորությունների դեպքում, ոստիկանության կտրվածքով ուղղումներ լինեն»:
2005 թվականի բյուջեում 200 մլրդ 200 մլն դրամ հատկացվել է կալանավայրերին: Արդարադատության նախարարության քրեա-կատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը նույնպես հետագա ավելացումների ու շտկումների հույսը դրել է լրացուցիչ քննարկումների վրա: Իսկ նախատեսված գումարը հիմնականում ծախսվելու է ծառայողների բազային դրույքի բարձրացման վրա: Այժմ դրանց չափերը ճշտելու հաշվարկներ են արվում:
Իսկ ընդհանրապես, եթե գումարները բավարար լինեն, ըստ վարչության պետի, կլուծվեն կալանավայրերի հիմնական կարիքներըՙ կապիտալ նորոգումներ ու շինարարություն, կալանավայրերի կենցաղային պայմանների բարելավում:
«Ազգի»` «ինչո՞վ եք բացատրում բյուջետային նախատեսումներից ուժային կառույցների ղեկավարների դժգոհությունը» հարցը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը մեկնաբանեց այսպես. «Մենք պիտի մի շատ հստակ իրողություն ընդունենք, որ տարածաշրջանում մեր անվտանգության խնդրին առնչվող գերակայությունները շատ ավելի մեծ են, քան այսօր կարողանում ենք տրամադրել: Պետությունը տվել է, որքան որ կարող է, սակայն կան ոլորտներ, որոնց համար դեռեւս կաշխատենք հավելյալ ֆինանսներ գտնել, մինչեւ բյուջեն ընդհանուր տարբերակով մտնի Ազգային ժողով»:
«Ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ժողովուրդը չէր»
Լրագրողի հարցին, թե արդարացնո՞ւմ է ապրիլի 13-ի գիշերվա իրադարձությունները, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը պատասխանեց. «Լիովին. նորմալ ժողովուրդն այդ ժամին տանը քնած էր:
Եթե նրանք գիշերային ժամին բացականչություններ էին անում, երգում, պարում, մի մասը, եթե ոչ մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոստիկաններին էր հայհոյում, քարեր գցում, սպառնում մետաղյա եւ երկաթյա ձողերով, թե լույսը բացվի, գլուխներդ կջարդենք, ո՞նց եք դուք այդ ամենն արդարացնում: Ժողովուրդն այդ ժամին հանգիստ քնած էր»:
Բնականաբար, ոստիկանության պետը միանգամայն արդարացնում է նաեւ բռնությունները «անկարգություններ անողների», նաեւ լրագրողների հանդեպ, որովհետեւ վերջիններս էլ «երեւի մի բան արած կլինեն»: