«Ֆորբս» ամսագրում տպագրված Ռուսաստանի մեծահարուստների ցուցակում, ցավոք, ոչ մի հայ չկար: Եվ դա դառնություն էր պատճառում: Դրա փոխարեն այդ հարյուրյակի մեջ մտել էին երկու ադրբեջանցիներՙ «ԼՈՒԿօյլ» նավթային ընկերության նախագահ Վագիտ Ալեքպերովը եւ «Կրոկուս» ֆիրմայի նախագահ Արաս Աղալարովը: Վերջերս մոսկովյան թերթերից մեկում ունեցած ընդարձակ հարցազրույցում Աղալարովն ընդվզում է, որ հաշվարկները ճիշտ չեն արված, եւ ինքն իսկական միլիարդատեր կդառնա մի քանի տարի հետո միայն: Նա հանգամանորեն պատմում է իր բիզնեսի, դրա յուրահատկությունների ու «պայծառ» հեռանկարների մասին: Բայց սա չէ կարեւորը:
Լինելով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի փոխնախագահը, միլիոնատերն արծարծում է նաեւ ազգային հարցեր եւ որոշ զուգահեռներ է անցկացնում ադրբեջանցիների ու հայերի միջեւ: Նա նշում է, որ ներկայումս Ռուսաստանում ապրում է առնվազն 2,5 միլիոն ադրբեջանցի, որոնց գերակշիռ մասն Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրա հաշվարկով, մոտավորապես այդքան է նաեւ հայերի քանակը: Պարզվում է, որ ռուսաստանցի հարուստ ադրբեջանցիներից յուրաքանչյուրը (քանակը չի նշված) տարեկան կոնգրեսի բյուջե է փոխանցում 100 հազար դոլար, որի շնորհիվ այդ հասարակական կազմակերպությունը եւս «միլիոնատեր» է: Այն միտքն է զարգացվում, որ տեղի ազդեցիկ հայերն իրենց հայրենակիցներին աջակցում ու առաջ են մղում կենսագործունեության բոլոր ոլորտներում, օգնում ձեռք բերելու բարձր պաշտոններ (ուզում ես հավատալ դրան- Ռ. Հ.): Այնուհետեւ այն տպավորությունն է ստեղծվում, որ, ներկայացնելով ռուսաստանաբնակ աչքի ընկնող ադրբեջանցիներին, Աղալարովն ինչ-որ տեղ փորձում է արդարացնել, թե ինչու նրանց մեջ չկան հիրավի վառ անհատականություններ: Լսենք նրան. «Ես պետք է ասեմ, որ տեղերում հանդիպելով Ռուսաստանի տարբեր շրջաններում ապրող հայրենակիցներիս հետ, ես հանգեցի այս հետեւությանը, առկա են տարբեր ազգերի ուղղվածություն, գործունեության որոշակի ձեւի ձգտում: Եվ ադրբեջանցիներին չի կարելի «վատ» համարել այն պատճառով, որ նրանց հայրենիքը պատմականորեն միշտ եղել է Ռուսաստանի «բանջարանոցը»: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ում բնակչության մեկ շնչի հաշվով արտադրվում էր 36 կգ միրգ ու բանջարեղեն, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշը 600 կգ էր: Եվ երբ մերոնց մեղադրում են, թե գրավել են շուկաները, չեն ուզում անցնել պետծառայության, կարող եմ պատասխանել, որ այդպես է դասավորվել: Օրինակ, Ամերիկայում բանջարեղենի բոլոր խանութները տնօրինում են կորեացիները, իսկ որոշակի փոքր խորտկարաններըՙ հնդիկները: Եվ դուք չեք կարող նրանց ստիպել դառնալ ԱՄՆ պետքարտուղարներ կամ խոշոր մեդիա-մագնատներ: Դուք երեւի գիտեք, որ Հայաստանում չեն ապրում ուրիշ ազգեր, իսկ հայեր ապրում են ամեն տեղ: Չգիտեմ, թե ինչու: Ադրբեջանցիներն իրենց բնույթով առավելապես ձեռներեցներ են, իսկ հայերը ձգտում են պետծառայության: Այսինքնՙ նրանք խմբագրություններում են, հեռուստատեսությունում, ԱԳՆ-ում: Այդպես է դասավորվել»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա