Հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանի հետ
- Մեր հասարակությանը հիվանդ անվանողների ու բարոյահոգեբանական ուժգնացող ճգնաժամի մասին խոսողների թիվը հետզհետե ավելանում է, սակայն դրանից, ըստ էության, ոչինչ չի փոխվում։ Ձեր դիտարկմամբ, ո՞ր գործոնները կհանգեցնեն մեր հասարակության առողջացմանը։
- Վերջին տարիներին կարծես բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը հիվանդ է եւ ապրում է բարոյահոգեբանական ճգնաժամ։ Իհարկե, հիմքեր կան այդպես պնդելու, սակայն բավական չէ հռետորաբար այդ մասին հայտարարելը։ Կարծում եմ, անհրաժեշտ է խորամուխ լինել խնդրի էության մեջ. եթե կամենում ենք օգնել հասարակությանը, պետք է հետազոտենք, թե ինչո՞վ է հիվանդ եւ ի՞նչ մեթոդներով պետք է բուժել։ Կարելի է կարծել, թե հասարակության հիվանդությունը գումարային մի բան էՙ հասարակության անդամներից շատերը նեւրոտիկներ են, հետեւաբար հասարակությունը հիվանդ է։ Այստեղ, անշուշտ, ճշմարտություն կա, սակայն գոյություն ունի նաեւ խմբային նեւրոտիզացիայի երեւույթ, որն ախտահարում է հասարակությունը որպես մեկ ամբողջություն։ Հանրույթի խմբային հոգեկան անկայունության հանդիպում ենք հատկապես այն դեպքերում, երբ առկա են հասարակական ճգնաժամային զարգացումներ։ Իսկ մեր հասարակությունն այսօր հենց այդպիսին էՙ ճգնաժամային, հետեւաբար չի կարող հիվանդ չլինել։ Մենք մի տեսակ վախենում ենք ճգնաժամ բառից, սակայն պետք է հաշվի առնել, որ ճգնաժամային իրավիճակները վտանգավոր լինելով հանդերձ պարփակում են նոր, դրական զարգացումների ներուժ։ Նպատակամետ եւ հոգեբանորեն գրագետ ինքնակազմակերպվելու դեպքում կարելի է ճգնաժամից դուրս գալ հաղթանակած ու շահեկան վիճակում։ Հակառակ դեպքում կորուստները կամ, ինչո՞ւ ոչ, գահավիժումն ու կործանումը դառնում են անխուսափելի։
- Ո՞րն է բարոյահոգեբանական ճգնաժամից հաղթանակած դուրս գալու ելքը։
- Ամենից առաջ նպատակամետ գործողությունները, նրբորեն ու շրջահայացորեն մշակված ռազմավարությունը։ Ազգային գաղափարախոսության մասին այնքան է խոսվել, որ կարծես կաղապար է դարձել, այդ մասին խոսվում է ու մոռացվում։ Մինչդեռ ինչպես անհատը, այնպես էլ հասարակությունն առանց գաղափարների ու գաղափարախոսության չի կարող գնահատել սեփական կարողությունները եւ հեռահար նպատակներ ունենալ։ Ազգային գաղափարախոսություն մշակելու համար պետք է միավորվեն տարբեր բնագավառների մասնագետներըՙ պատմաբանները, ազգագրագետները, հոգեբանները եւ ուրիշներ։ Դա անհրաժեշտ է, որպեսզի պետական յուրաքանչյուր օղակ իր քայլերն անելիս դրանք անպայման բխեցնի ազգային գաղափարախոսության էությունից։ Այսօր դպրոցներում կրթական բարեփոխումներ են իրականացվում, իսկ որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է, որքանո՞վ են դրանք ներդաշնակ մեր հասարակության առանձնահատկություններին, մեր ազգային եւ պետական նպատակներին։ Հեռուստատեսությամբ մահմեդականություն քարոզող սերիալ են ցուցադրում, առանց հաշվի առնելու դրա հնարավոր վնասակար ազդեցությունը։ Ազգային գաղափարախոսություն ունենալու դեպքում յուրաքանչյուրն իրեն պատասխանատու կզգար ու կգործեր դրա պահանջներից ելնելով։
- Գուցե մեզ ամենից շատ խանգարում են մեր սին ինքնավստահությունն ու ազգային սնապարծությունը, թե մենք մշակութային ազգ ենք եւ մեզ ոչ մի վտանգ չի սպառնում։
- Ճիշտն ասած, ես միշտ ժպիտով եմ նայում այն մարդկանց, որոնք չափից ավելի վստահ են, թե մեզ ֆիզիկական կամ բարոյական կործանում չի սպառնում, որովհետեւ մեր գոյության ընթացքում բազմաթիվ ծանր պահերի ենք դիմացել ու գոյատեւել։
Իսկ ո՞վ է ասում, թե էլի կդիմանանք։ Բազմաթիվ կորուստներ ենք ունեցել, եւ հետո պետք է հաշվի առնել, որ ազգերն ու պետություններն ունեն իրենց կյանքը. նրանք ծագում են, ձեւավորվում, բարգավաճում կամ անհետանում պատմության քառուղիներում։ Այնպես որ, հույսը դնել առասպելական «դիմացկունության» վրաՙ սխալ է, հարկավոր է իրատեսորեն գնահատել իրավիճակը։ Ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին երբեմն տարօրինակ կարծիքներ են հնչում։ Ես նկատել եմ, որ հատկապես գեղագիտական մտածողության տեր մարդիկ ասում են, որ մենք արդեն ունենք գաղափարախոսություն ու…մեջբերում են ինչ-ինչ բանաստեղծական տողեր։ Օրինակ, վերջերս «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրերից մեկն ասում էր, որ ազգային արժեք կոչվածն առհասարակ գոյություն չունեցող բան է։ Մարդիկ մոռանում են կամ չգիտեն, որ կա արժեքաբանության մի ամբողջական ուղղություն, որտեղ հստակ զատորոշվում են ազգայինն ու համամարդկայինը։
- Ստացվում է, որ իրենք իրենց մտավորական համարող մարդիկ հասարակությանը կրթելու փոխարեն արտահայտում են իրարամերժ մտքեր ու գաղափարներ, էլ ավելի շփոթեցնելով հասարակության միտքն ու փչացնելով նրա ճաշակը։ Որքան էլ ցավալի է խոստովանելը, մեր հասարակությունը կրթվելու կարիք ունի, ինչի մասին գրեթե չենք խոսում։ Մեր պետական այրերին գուցե իսկապե՞ս ձեռնտու չէ զարգացած ու կիրթ հասարակություն ունենալը։
- Ժամանակակից հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ կրթությունն ու բազմակողմանի գիտելիքներն անմիջականորեն կապված են մարդու բարոյականության հետ, որքան կրթված է մարդը, այնքան բարձր է նրա բարոյականությունը, նրա մեջ այնքան ուժգին են վարքագիծը կարգավորող նորմերը։ Հարուստ գիտելիքների տեր մարդու հետ ավելի հեշտ է շփվելը, որովհետեւ նա գնահատում է դիմացինի անհատականությունը, թափանցում նրա ներաշխարհը, փորձում հասկանալ մտքերը։
Մեր հասարակությանը կրթելու եւ արժեքները վերականգնելու համար ասպարեզ պիտի գան հարուստ գիտելիքներ ունեցող մարդիկ, որոնք միաժամանակ պետք է ունենան կառավարման որոշակի լծակներ։ Այսինքն, պետական կառավարման լծակներ ունեցող անձինք հենց այդպիսին պիտի լինեն, ազգանպաստ գործունեություն կարելի է ակնկալել միայն այդպիսի գործիչներից։ Այսօր շատ է զգացվում խորապես հայրենասեր, սեփական ազգի հետ խոր ինքնանույնացում ունեցող անհատների կարիքը։ Թեպետ ոմանք դժգոհում են, թե հայրենասիրությունից շատ ենք խոսում, բայց իմ կարծիքով, շատերն այսօր նույնիսկ խուսափում են հայրենասեր երեւալուց, համարելով ոչ այժմեական հատկանիշ, չիմանալով, որ հայրենասիրությունը ինքնասիրության դրսեւորում է։ Առանց այս բաղադրիչների մեր հասարակությունը երբեք չի առողջանա ու չի զարգանա։ Մենք չպետք է մոռանանք, որտե՞ղ ենք ապրում, ովքե՞ր են մեր հարեւանները, ու մի կողմ դնելով մեզ շատ հաճախ պարտադրած դեմոկրատիայի ու հանդուրժողականության խաղերը, մտածենք հետեւյալի մասինՙ ուզու՞մ ենք գոյություն ունենալ, թե՞ ոչ։
- Հանդուրժողականության մասին մեր եւ օտարների պատկերացումները բոլորովին տարբեր են։ Հայերս հանդուրժողական ասելով ընդհանուր առմամբ հասկանում ենք տանել դիմացինի կոշտ վարվելակերպը, հոռի սովորությունները, մեզ հասցրած վիրավորանքները եւ այլն, իսկ օտարների համար նշանակում է լինել բաց ու ազատ, իսկ ամենակարեւորըՙ առանց տեղից վեր թռչելու ընդունել այլոց հակադիր կարծիքները, քաղաքական հայացքները, ազգային պատկանելությունը եւ այլն։ Հոգեբանները հանդուրժողականության դասեր են տալիս դպրոցներում, հիմնարկություններում։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք հանդուրժոդ ենք օտարների եւ չափազանց անհանդուրժող միմյանց հանդեպ։ Ինչի՞ հետեւանք է սա։
- Անհանդուրժողականությունը հիմնականում բնորոշ է կամ ինքնահաստատման հնարավորությունից զրկված, կամ բնությունից առանձնակի շնորհներով չօժտված մարդկանց։ Արդեն նշեցինք, որ մեր հասարակության ներկայիս բարոյահոգեբանական ճգնաժամն անմիջականորեն կապված է մարդկանց անձնային ճգնաժամի հետ, եթե անհատը ինքնարտահայտման խնդիր ունի, բնական է, որ չի կարող իրեն ներդաշնակ զգալ շրջապատի հետ։ Հենց այդտեղից են առաջանում քարացած կաղապարները, մարդն իրեն դնում է հատուկ կաղապարի մեջ ու անընդհատ հակադրվում շրջապատի մարդկանց։ Հանդուրժողականությունն, առհասարակ, շատ դրական բան է եւ հոգեկան հասունության գրավական, սակայն պետք է լինի խելամիտ ու չթուլացնի անհատի կամ հանրույթի հոգեբանական պաշտպանվածությունը։ Հանդուրժողականությունն ունի նաեւ մշակութային յուրահատկություններՙ կապված ազգային եւ համամարդկային արժեքների հետ։
Անձամբ ես դեմ եմ, որ Հայաստանում որեւէ օտար կազմակերպություն մեխանիկորեն, առանց խորամուխ լինելու երեւույթների էության մեջ հանդուրժո՞ղականության պարզունակ դասեր տա։ Իսկ, օրինակ, Մ. Նահանգները հանդուրժո՞ղ է ուրիշների հանդեպ։ Միայն քարոզելով անհնար է հանդուրժող հասարակություն ունենալ, դրա համար պետք է ստեղծել պայմաններ, յուրաքանչյուրին ինքնահաստատվելու, կյանքում իր տեղը գտնելու հնարավորություն տալ։ Հասարակության մեջ բարոյահոգեբանական ճգնաժամ է ստեղծվում այն պահից, երբ անբարո ու անկիրթ մարդուն բարեկեցիկ կյանքով ապրելու ավելի լայն հնարավորություններ են տրվում, քան բարոյական ու կրթված մարդուն։
Այսօր ինձ ամենից շատ անհանգստացնում է հասարակության մեջ խորացող այն մտայնությունը, որ երիտասարդների համար Հայաստանում ապագա չկա։ Սա վտանգավոր միտում է, որը սպառնում է բերել արտագաղթի նոր ալիք։ Այսպիսի երեւույթները պետք է լրջորեն ուսումնասիրվեն։
Մեր հասարակությունն այսօր կարծես թմբիր է մտել ու բացասական երեւույթների նկատմամբ դարձել ծայրահեղ հարմարվող ու հանդուրժողական։ Բանն այնտեղ է հասել, որ հաշտվել է կաշառակերության գոյության հետ ու նույնիսկ արդարացնում է։
Նորից պիտի դառնանք նրան, որ այսօր մասնագետների մի խումբ պետք է նստի ու մշակի ազգային հստակ գաղափարախոսություն, որը պետք է մտնի յուրաքանչյուր գրասենյակ, դպրոց ու մանկապարտեզ։ Եթե, իհարկե, ուզում ենք առողջ հասարակություն ունենալ, այլ ոչ թե կործանվել։
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ