«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2004-11-17 | #206, 2004-11-18 | #207, 2004-11-19


«ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՊԱՏԿԵՐՎԱԾՆ ԱՄԵՆ ԻՆՉ Է»

Հարրի Քունդակչյանի 50-ամյա վաստակը

Կիրակի օրըՙ նոյեմբերի 14-ին «Պրոջեկտ սեյվ» հայկական լուսանկարների արխիվի եւ Ամերիկայի հայկական գրադարանի ու թանգարանի աշխատակիցները Ուոթերթաունում հյուրընկալել են «Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործունեության մրցանակակիր-վետերան լուսանկարիչ Հարրի Քունդակչյանին, որն, ըստ այդ առթիվ ստացված հաղորդագրության, բացումն է կատարել իր 50 լուսանկարչական աշխատանքների երկամսյա ցուցահանդեսին: Առիթը եղել է իր աշխատանքային գործունեության 50-ամյակը: Նա իր մասնագիտական գործունեությունն սկսել է Բեյրութում 1952-ինՙ միանալով համապատասխանաբար ֆրանսերենով եւ արաբերենով հրատարակվող «Լօրիեն» եւ «Էլ Ջարիդա» թերթերի անձնակազմերինՙ որպես առաջին ֆոտոթղթակիցը Լիբանանում: Հետագայում նա նաեւ աշխատակցել է Բեյրութի այլ թերթերի, ինչպես նաեւ հեղինակավոր «Լայֆ», «Փարի մաչ», «Լոնդոն Դեյլի մեյլ» եւ «Իլըստրեյտեդ Լոնդոն նյուս» պարբերականներին:

1962-ից որպես անկախ, բայց արդեն ճանաչված ֆոտոլրագրող սկսել է աշխատակցել «Ասոշիեյթեդ պրեսում» եւ 1961-ին դարձել է այդ գործակալության գլխավոր լուսանկարիչն ամբողջ Միջին Արեւելքում, Հյուսիսային եւ Արեւելյան Աֆրիկայում, Թուրքիայում եւ Իրանում: Հիմնել է ԱՊ-ի լուսանկարչական մասնաճյուղի գրասենյակը Բեյրութում:

Իսկ ամեն ինչ սկսվել է, երբ 6 տարեկանում հետաքրքրությունից մղված քանդել է «Կոդակ» մակնիշի լուսանկարչական ապարատը եւ երբեք չի վերականգնել: Այսօր էլ նրա աշխատասենյակում կարելի է տեսնել ջարդված ապարատը: 8 տարեկանում մայրը, որը կայացած լուսանկարչուհի է եղել, նրան նվիրել է «Բրաունի» մակնիշի մեկ ուրիշ ապարատ:

Մեծանալով Հալեպում եւ Բեյրութում, Քունդակչյանը, բացի հայերենից, տիրապետում է նաեւ արաբերենին, թուրքերենին, անգլերենին եւ ֆրանսերենին: Դրանց շնորհիվ նա շատ հաճախ նաեւ որպես թարգմանիչ է հանդես եկել ճգնաժամային իրադրություններում, որոնցում պահպանել է չեզոքությունՙ մասնավորապես Բեյրութում: Ընդհանրապես նա չափազանց հետաքրքրական պատմություններ ունիՙ կապված իր 50-ամյա աշխատանքային գործունեության եւ բարձրաստիճան կառավարական անդամների հետ: Շատ դեպքերում նրա լուսանկարները որակվել են «Էքսկլյուզիվ», այսինքնՙ «եզակի», «բացառիկ»: Դրանցից է, օրինակ, Հուսեյն թագավորի 4-րդ ամուսնության լուսանկարը, որը տպագրվել է «Նյու Յորք թայմսի» առաջին էջում: Իր արտասովոր ունակությունների համար էլ բազմիցս պարգեւատրվել է եւ դարձել փնտրված լուսանկարիչ:

1979-ից 3 տարի ժամկետով տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ, սակայն, ցարդ աշխատում է որպես «Ասոշիեյթեդ պրեսի» միջազգային ֆոտոլրատվության խմբագիր:

Ցուցահանդեսի բացման հանդիսությանը ներկա են եղել ավելի քան 200 հյուրեր: «Ես հայ եմ, քրիստոնյա եմ եւ չեզոք եմ», եղել է նրա պատասխանը Նյու Հեմպշիրի ֆոտոասոցիացիայի լրագրողի հարցին: Ցուցահանդես է այցելել նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Ըստ հաղորդագրության Հարրի Քունդակչյանը Բոստոն է վերադառնալու դեկտեմբերի 7-ին, որպեսզի մասնակցի «Լուսանկարում պատկերվածն ամեն ինչ է» թեմայի շուրջ ծավալված բանավեճին, որն անցկացնելու են «Բոստոն գլոբի» լրագրող Սթիվ Քյուրքչյանն ու «Բոստոն հերալդի» նախկին լուսանկարիչ Կարո Լաչինյանը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4