Այս կարծիքին են Ռուբեն Հայրապետյանն ու Բեռնար Կազոնին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ կայացած ասուլիսում հիմնականում տեղին ու ժամանակին համարեց լրատվամիջոցներում հավաքականի հասցեին հնչած քննադատությունըՙ նշելով, որ պատասխանատվությունից երբեք չի խուսափել եւ գուցե այդ անհաջողություններում նաեւ իր մեղքն ունի: Ֆեդերացիայի նախագահը նաեւ որոշ պարզաբանումներ կատարեց հավաքականի մի քանի ֆուտբոլիստների բացակայության վերաբերյալ: Պարզվում է, որ Ռոմիկ Խաչատրյանին նախագահի պահանջով այս խաղին չէին հրավիրել, քանի որ, ըստ Ռուբեն Հայրապետյանի, ֆուտբոլիստը մեծամտացել է, ուժերի լրիվ նվիրումով չի խաղում: Ալբերտ Սարգսյանին սկզբում թյուրիմացաբար չէին հրավիրել, հետագայում հրավեր էին ուղարկել: Սակայն նա եւ Անդրեյ Մովսիսյանը խաղից մի քանի օր առաջ տեղեկացրին, որ վնասվածք ունեն, ինչը հաստատել էին բժշկի տեղեկանքով: Ֆեդերացիայի նախագահը նաեւ դժգոհ էր Ալբերտի վարքից, որը Չեխիայի հավաքականի հետ խաղում նկատողություն ստանալով Կազոնիից, վիճաբանել էր մարզչի հետ: Անդրեյ Մովսիսյանին էլ նախագահը բարձրակարգ ֆուտբոլիստ չի համարում:
Ինչ վերաբերում է Արթուր Պետրոսյանին, ապա վերջինս Հայաստան-Ֆինլանդիա խաղից հետո խնդրել էր նախագահին հաշվի առնելով ծնկի վնասվածքը, այլեւս հավաքական չհրավիրել: Ճիշտ է, նա չեխերի հետ խաղին, այնուամենայնիվ, մասնակցեց: ՀՖՖ-ն ցանկանում էր ռումինացիների հետ հանդիպման ժամանակ կազմակերպել Արթուրի հրաժեշտի խաղը, սակայն պարզվել էր, որ պաշտոնական խաղերի ժամանակ դա արգելվում է: Ռուբեն Հայրապետյանը խոստացավ, որ առաջիկայում անպայման կկազմակերպվի Արթուրի հրաժեշտի խաղը, որը մեծ ավանդ ունի հայկական ֆուտբոլում:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ որդեգրել են հետեւյալ սկզբունքը. ազգային հավաքականում պետք է հանդես գան միայն կարգապահ, հարյուր տոկոսով խաղին նվիրվող, ազգային մտածելակերպ ու արժանապատվություն ունեցող ֆուտբոլիստներ: Եվ չի հանդուրժի անկարգապահներին, ինչպես դա տեղի ունեցավ Ժորիկ Հովհաննիսյանի դեպքում:
Անդրադառնալով ռումինացիների հետ հանդիպմանը, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ արդյունքն իր համար այնքան կարեւոր չէր, որքան խաղի որակը, ֆուտբոլիստների նվիրվածությունը: Ինչ վերաբերում է երիտասարդական հավաքականին, ապա նախագահը որեւէ խնդիր չի դրել թիմի առջեւ: Ըստ նրա, այդ հավաքականում հանդես եկող 18-19 տարեկան ֆուտբոլիստներից շատերը լավ ապագա ունեն եւ կարող են հետագայում համալրել ազգային հավաքականը: Ընդհանրապես, առաջիկա խնդիրն ապագայի համար լավ հավաքականի ստեղծումն է, որն ունակ լինի հաղթանակներ տոնելու:
Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին նոր մրցաշրջանի նախապատրաստության ծրագիր է ներկայացրել: Ձմռանը նախատեսվում է ուսումնամարզական երկու հավաք: Առաջինը կսկսվի հունվարի 6-ից Իտալիայում կամ Անթալիայում: Ապա «Փյունիկի» անվան տակ հավաքականի թեկնածուները (հիմնականում տեղի ֆուտբոլիստները) կմասնակցեն ԱՊՀ գավաթի խաղարկությանը: Եվս մեկ մեկշաբաթյա հավաք կանցկացվի փետրվարի սկզբին, իսկ փետրվարի 8-ին նախատեսվում է ընկերական հանդիպում անցկացնել Լեհաստանի ընտրանու հետ:
Բեռնար Կազոնին նշեց, որ ցանկանում է այնպիսի ֆուտբոլիստների գտնել, ովքեր հարյուր տոկոսով կնվիրվեն խաղին, հոգեբանորեն պատրաստ կլինեն պայքարի ու համերաշխ կգործեն, ինչպես դա եղավ ռումինացիների հետ մրցախաղում: Թիմը գործում էր միասնական, եւ նման ոգով էլ հարկ է շարունակել հետագա հանդիպումներում: Փորձի եւ երիտասարդության զուգակցումը լավ արդյունքի հասցրեց: Կազոնին նաեւ նշեց, որ այսօր Հայաստանում ֆուտբոլիստների ընտրության հնարավորությունները սուղ են: Հարկ է նաեւ մտածել մարզչական կադրերի պատրաստման մասին: Կազոնին կոչ արեց լրատվամիջոցներին համատեղ աշխատել հայկական ֆուտբոլի զարգացման համար:
Ասուլիսի վերջում, անդրադառնալով բարձրագույն խմբի թիմերի քանակի ավելացման մասին տարածվող լուրերին, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ իրոք նման մտահղացում կա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ