«Արամ Խաչատրյան» համերգասրահը նոյեմբերի 20-ին տոնականորեն էր զարդարված, իսկ բեմում դրված մեծ պաստառին գրված էրՙ 15 տարի ընթերցողների հետ: «Իրավունք» շաբաթաթերթը 15 տարեկան է: Ընթերցողին առաջարկվող բազմաթիվ պարբերականներից «Իրավունքն» ունի ամենամեծ տպաքանակը: Այսօր արդեն ընթերցողին են ներկայացվում նաեւ «Հարց ու պատասխան», «Հետաքննություն» եւ «Զարուհի» հավելվածները: «Իրավունք» շաբաթաթերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը հաջողության գաղտնիքը համարում է իրենց սկզբունքներին հավատարիմ մնալը. այն էՙ յուրաքանչյուր նյութ պատրաստելՙ ելնելով ընթերցողի շահերից եւ հետաքրքրություններից: Հնչեցին շնորհավորական բազմաթիվ ելույթներ, սակայն Հայկ Բաբուխանյանը նշում է, որ լավագույն պարգեւն ընթերցողներից ստացվող բազմաթիվ շնորհավորական նամակներն են:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը «Իրավունք» շաբաթաթերթին շնորհեց ԱԺ-ի պատվոգիր, իսկ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին պարգեւատրեց շնորհակալագրերով: «ԱԺ-ի առաջին պատվոգիրը տրվում է «Իրավունք» շաբաթաթերթին, որի էջերում ե՛ւ իմ, ե՛ւ խորհրդարանի աշխատանքը բազմիցս քննադատվել է: Սակայն սա էլ հենց բազմակարծության դրսեւորումն է», ասաց Արթուր Բաղդասարյանը: «15 տարին արտասահմանյան մամուլի համար թերեւս մեծ տարիք չէ, սակայն հայկական մամուլի համար բավականին մեծ ժամանակաշրջան է», փաստեց գրողների միությանգ նախագահ Լեւոն Անանյանը:
Միջոցառման ավարտին Հայկ Բաբուխանյանը Գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգեւատրվեց շքանշանով` հասարակական ժուռնալիստիկայի եւ քաղաքական ակտիվ գործունեության համար:
«Ազգ»ը միանում է շնորհավորանքներին:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ