Հավատացնում են քաղաքապետարանում
Ձմեռը տարվա ամենավտանգավոր շրջանն է կոմունալ համակարգի համար, առավել եւսՙ երեւանյան, որ 2 տասնամյակից ավելի կապիտալ նորոգումների չի ենթարկվել: Երեկ քաղաքապետարանում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ փոխքաղաքապետ Վանո Վարդանյանն, այնուամենայնիվ, հայտարարեց, որ հիմնականում իրականացվել են ձմռան շուրջ 1,5 տասնյակ նախապատրաստական աշխատանքներ` հարթ ու թեք տանիքների, վերելակների նորոգումներ, ջերմամեկուսացում ու ապակեպատում, խողովակների վերանորոգում, ջրամատակարարման ցանցի, կոյուղու վերանորոգում եւ այլն:
Առաջին ձյանը պատրաստ սպասում են նաեւ ձյուն մաքրող մեքենաները: Դրանց 90 տոկոսը նորոգվել է, իսկ Կենտրոն թաղապետարանը նույնիսկ ձեռք է բերել ձյուն մաքրող արտասահմանյան արտադրության 4 մեքենա: 11 սանմաքրման ձեռնարկություններից 5-ն արդեն ապահովված են աղի ու ավազի համասեռ խառնման խառնիչներով: Այս պահին այնքան աղ ու ավազ կա կուտակված, որ բավարար կլինի գոնե առաջին ձյանը դիմագրավելու համար: Նախորդ տարվա տխուր փորձը նկատի առնելով, համայնքները, ըստ փոխքաղաքապետի, այս տարի որոշել են լուրջ ուշադրություն դարձնել խնդրին:
Ջեռուցումը` խառը, ըստ հնարավորությունների
Ջեռուցման գլխավոր հանգույցին` ՋԷԿ-ին մոտիկ գտնվող 2 համայնքներում` Էրեբունի եւ Շենգավիթ, համապատասխանաբար 57 եւ 28 շենքեր կջեռուցվեն կենտրոնացված մատակարարմամբ: Քաղաքի մնացած հատվածներում, ինչպես անցյալ տարի, ով ինչպես կարող է` էլեկտրական հոսանք, փայտի վառարան: Դպրոցները կջեռուցվեն ինչպես նախորդ տարի:
Այնքան թմբկահարված լոկալ ջեռուցման վերաբերյալ տարբեր կազմակերպություններից 16 հայտ է ստացվել, որոնցից միայն 11-ի հետ են պայմանագրեր կնքվել: Նախկինում կենտրոնացած ջեռուցում ապահոված կաթսայատներն աստիճանաբար պիտի վերանորոգվեն ու վերակառուցվեն: Եվ քանի որ անցած տարիներին դրանք հիմնովին թալանվեցին, ապա խնդիրը բավական բարդանում է: Լոկալ ջեռուցում իրականացնող կազմակերպությունների առաջ պայման է դրվում մոտ 3 տարվա ներդրումների միջոցով ուշքի բերել դրանք, այսինքն, իրականացնել նախկին ծավալների ջեռուցում տվյալ կաթսայատան կտրվածքով: Նկատի առնելով ներդրումների մեծ ծավալի անհրաժեշտությունը, լոկալ ջեռուցումը թանկ հաճույք է լինելու եւ բնակչության մեծամասնության համար անմատչելի: Այնպես որ, դժվար թե այն տիրապետող դառնա առաջիկա նույնիսկ 5 տարիներին:
Չնայած ձմռան շունչն արդեն երեկվանից զգացվում է, քաղաքապետարանը համառորեն շարունակում է փողոցների ասֆալտապատումը, ավելին, որոշվել է 28 հզ. 500 քմ նախատեսվածից ավելի ասֆալտապատել: Հատկապես Էրեբունի համայնքում ջրի, հոսանքի, «Արմենտելի» վթարների պատճառով ավելի շատ վնասված փողոցներ կան:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ