«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2004-11-20 | #209, 2004-11-23 | #210, 2004-11-24


ԼԻՈՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Ֆրանսիայի Լիոն քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժերարդ Կոլոմբը եւ քաղաքի ու շրջանի հայ համայնքը նախաձեռնել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ստեղծման աշխատանքները: Փարիզի «Աշխարհ» թերթից տեղեկանում ենք, որ համալիրը դառնալու է հակամարդկային բոլոր ոճիրների, ժխտողականության դեմ ուղղված պայքարի խորհրդանիշը:

Հիմնված է «Հայոց ցեղասպանության լիոնյան հուշահամալիր» ընկերակցություն, որը միավորում է հայ համայնքի 18 ներկայացուցիչների: Նստավայրը Լիոնի Բելկուր հրապարակում է:

Հուշահամալիրը կառուցվում է Լիոնի Անտոնեն Պոնսե հրապարակում, որտեղ անցյալում արդեն տեղ էր հատկացված կառուցվելիք որեւէ հուշարձանի համար:

Հիշյալ ընկերակցության հետ պայմանագիր կնքած քաղաքային խորհուրդը հատկացնելու է 47500 եվրո: 2004 թ. գարնանն ընկերակցությունը նկարիչների եւ ճարտարապետների մրցույթ հայտարարեց նախագծի ընդհանուր փիլիսոփայության եւ տեխնիկական դժվարությունների առնչությամբ: Կառույցի ընդհանուր արժեքը գնահատվում է 110.000 եվրո:

Նախագծի հեղինակներն են Դոմինիկ Առնուն, Լեոնարդո Բասմադյանը (լիազոր ներկայացուցիչ), Քրիստիան Էյշենը, Իվ Մոնիեն, Անն Պերոն, Մարիան Պոնսը: Հուշահամալիրի պաշտոնական բացումը նախատեսված է 2005 թ. ապրիլի 24-ին:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4