Հոնկոնգի ավետարանչական եկեղեցու հոգեւոր հովիվ Բոազ Լին եւ ջերմեռանդ ծխական Էնդրյու Յուանը պնդում են, թե իրենք Արարատ լեռան վրա հայտնաբերել են «իսկական» Նոյյան տապանի բեկորները, որոնք տապանի պաշտոնապես ընդունված գտնվելու վայրից 18 կմ հեռու են:
Այդ մասին երկու ճանապարհորդները պատմել են հոնկոնգյան «Սաութ Չայնա մորնինգ փոստ» թերթին տված հարցազրույցում: Նրանք ասում են, որ իրենք հոկտեմբերին լեռան վրա են բարձրացել տեղաբնակ քրդերի ցույց տված գաղտնի կածաններով: Իրենք Նոյյան տապանի մնացորդները գտել են ծովի մակարդակից մոտավորապես 4200 մետր բարձրության վրա:
Երկու հոնկոնգցիները տեսել են «սառցակալած փայտե հարթակՙ եզրերին պատերի հատվածներով. այդ ամենը նման էր փայտե հսկայական տուփի մնացորդի»: Նրանք նկարահանել են իրենց տեսածը, բայց ինչ-որ «հրաշագործ ուժ» շարքից հանել է տեսախցիկը: Այնպես որ, միակ ապացույցը երկու ճանապարհորդների բավական աղոտ լուսանկարներն են լեռան ձյունապատ լանջին, մուգ գույնի անհայտ օբյեկտի ֆոնի վրա:
ՌԻԱ գործակալությունը հաղորդում է, որ երկու հոնկոնգցիները ներկայումս հնագետների մասնակցությամբ միջազգային արշավախումբ են կազմում, որպեսզի 2005 թ. ամռանը կրկին բարձրանան նույն տեղը:
Պ. Ք.