«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2004-11-20 | #209, 2004-11-23 | #210, 2004-11-24


«ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՄՈՒՐ ՉԷԻՆ»

Նշեց արդարադատության նախարարը

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի երեկվա մամուլի ասուլիսը վերստին նվիրված էր «Արմենտելին»: Սակայն մամուլի ասուլիսի մանրամասներին անիմաստ ենք համարում անդրադառնալը, քանի որ դրանց մասին ասվել էր նախորդ օրը «Հայլուր» ծրագրին նախարարի տված հարցազրույցում: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ մամուլի ասուլիսի նախօրյակին մեր նախարարները կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, խախտելով միջազգային մամուլում ընդունված կարգը, հարցազրույց են տալիս հիշյալ ծրագրին, դրանով իսկ արհեստականորեն անհավասար պայմաններ ստեղծելով այլ լրատվամիջոցների համար: Նման դեպքերում այսուհետեւ անիմաստ կհամարենք ընդհանրապես տվյալ մամուլի ասուլիսը լուսաբանելը:

Երեկվա ասուլիսի ժամանակ, Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով հունական ՕՏԵ-ի հետ կնքած հաշտության պայմանագրին, ներկայացրեց այն «հաջողությունները եւ անհաջողությունները», որոնք ձեռք են բերել կողմերը: Նա առավել մանրամասն անդրադարձավ հայկական կողմի համար շահավետ ձեռքբերումներին, ասելով, որ միջազգային արբիտրաժային դատարանում չէինք կարող ստանալ այն, ինչ ստացանք ստորագրված պայմանագրով: Նախարարը տեղեկացրեց, որ դատական գործընթացում Հայաստանի թույլ կողմերն էին րոպեավճարի ներդրման հարցը, որը սկսած 1999 թ. անընդհատ հետաձգվում էր, եւ միջազգային հեռախոսակապի շրջանցման համակարգը, որը գործում էր, խախտելով «Արմենտելի» մենաշնորհը: Սակայն դա կանխելու նպատակով «Արմենտելը» պատշաճ չի համարել պետական մարմինների հետ համագործակցելը:

Նախարարին ուղղված մեր հարցն այս անգամ եւս առնչվում էր ինտերնետ /IP/ հեռախոսակապի ծառայություններին: «Օրինականորեն գրանցված ինտերնետ հեռախոսակապի ընկերություններին իրենց մատուցած ծառայություններից զրկելը որքանո՞վ էր իրավական» հարցին Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ բոլոր այդ ընկերությունները իրավունք ունեին եւ ունեն տվյալների փոխանակման ծառայություններ մատուցելու եւ ոչ ոք նրանց չի արգելում զբաղվել այդ գործունեությամբ: Խնդիրն այլ է: Եթե 1999 թ. ինտերնետ հեռախոսակապը չէր համարվում հեռախոսակապի մրցակից, ապա, սկսած 2001 թ.-ից, երբ ներմուծվեցին նոր տեխնոլոգիաներ, դրանք սկսեցին մրցակցել «Արմենտելի» միջազգային հեռախոսակապի ծառայության հետ: Այդ ժամանակվանից էլ սկսվեցին «Արմենտելի» եւ կառավարության վեճերը: Այս հարցում, Դավիթ Հարությունյանի հավաստմամբ, մեր դիրքերն այնքան էլ ուժեղ չէին, հատկապես որ միջազգային կազմակերպությունները սկսեցին ինտերնետ հեռախոսակապը դիտարկել որպես ավելի շուտ ձայնի փոխանցման ծառայություն:

Կառավարության նոյեմբերի 18-ի որոշմամբ լիցենզիայում կատարված փոփոխությունն առնչվում էր միջազգային հեռախոսակապի սակագներին: Ըստ արդարադատության նախարարի, «Արմենտելի» առաջարկով որոշակիորեն բարձրացվել են հեռավոր երկրների հետ միջազգային հեռախոսակապի գները, որովհետեւ դրանք ցածր էին ինքնարժեքից, փոխարենը իջեցվել են այն երկրների հետ հեռախոսակապի գները, որոնց հետ Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են խոսում:

«Սա «Արմենտելի» վերաբերյալ արդարադատության նախարարի վերջի՞ն մամուլի ասուլիսն է» եզրափակիչ հարցին Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հուսով եմ, որ կլինի վերջիններից մեկը», այնուհետեւ ավելացրեց, որ դեռ պետք է աշխատանք տարվի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը երկրորդ ընթերցմանը պատրաստելու ուղղությամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4