Ֆրանսիայի Մյոդոն քաղաքում (Օ դը Սենի դեպարտամենտ) բազմաթիվ անձանց ներկայությամբ տեղի է ունեցել հայոց ազգային հերոս, զորավար Անդրանիկի անվան հրապարակի բացման պաշտոնական արարողություն: Ներկաների թվում են եղել Փարիզում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, ֆրանսիացի գեներալներ Ֆեռլյուսը եւ Բերանժեն:
Մյոդոնի քաղաքապետ, ընդհանուր խորհրդի փոխնախագահ Էրվե Մարսեյը, որը վարում էր պաշտոնական արարողությունը, իր ելույթում պատմել է Անդրանիկի կյանքի, Օսմանյան կայսրության հալածանքների ու բռնությունների դեմ Արեւմտահայաստանում եւ ապա Բուլղարիայում նրա մղած պայքարի ու ճակատամարտերի, 1915 թ. Վանում եւ 1918-19 թթ. Արեւելահայաստանում թուրքական ներխուժումների կասեցմանն ուղղված նրա գործողությունների մասին: Հայաստանում ռազմաքաղաքական երկպառակությունների մասնակիցը չդառնալու նպատակով 1919 թ. Անդրանիկը ցրեց իր զորքը եւ մի խումբ հավատարիմ զինվորների հետ հեռացավ հայրենիքից: 1922 թ. հաստատվեց Ֆրեզնոյում (ԱՄՆ), որտեղ էլ մահացավ 1927 թ.: Մահից մի քանի ամիս անց Անդրանիկի աճյունը տեղափոխվեց Փարիզի «Պեր Լաշեզ» գերեզմանատուն, իսկ 2000 թ.ՙ Եռաբլուր (Երեւան):
Դեսպան Է. Նալբանդյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Է. Մարսեյինՙ նշելով, որ «հրապարակի բացումը հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների վաղեմի բարեկամության նոր ապացույցն է»:
Ապա Է. Մարսեյը եւ Է. Նալբանդյանը միասին կտրել են ժապավենը եւ բացել հրապարակի անունը նշող ցուցատախտակը: Արարողությունն ուղեկցվել է պետական օրհներգերով, ինչպես նաեւ հայ եւ ֆրանսիացի հոգեւորականների օրհնություններով:
Պ. Ք.