«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2004-11-23 | #210, 2004-11-24 | #211, 2004-11-25


«ԹԱՔՆՎԱԾ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ» ՀՈՒՄՈՐՆ ՈՒ ՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ

«Թաքնված տեսախցիկների» գործը ծիծաղաշարժ տեսարաններ ստեղծելն է, մարդկանց կոմիկ դրության մեջ դնելըՙ հումորային վիճակների ի հայտ բերումով:

Հայկական թաքնված տեսախցիկներն էլ հիմնականում թեթեւ ժպիտ հարուցող սյուժեներ են ներկայացնում, երբեմն հաջողված, հաճախ էլ անհետաքրքրական, սարքովի, իսկ մանկամիտ, պարզամիտ մարդկանց էլ հոգեբանական փորձության են ենթարկում, որոնցում առկա է վիրավորանքի տարրը: Արդյոք հաղորդման հեղինակները հաշվի առնո՞ւմ են իրենց այդ հերոսների իրավունքներըՙ նրանց հետ նախապես համաձայնեցնելով տվյալ ցուցադրությունը:

Մեզ դիմած մի քաղաքացի իր բողոքն ու զայրույթն էր արտահայտում տեսախցիկների նման «դավադրությունների» առիթներով: Երկար տարիների Երեւանի բուհերից մեկի դասախոսը վիրավորված էր իրեն մոտեցած երիտասարդ մի պչրուհու սանձարձակ պահվածքից: Աղջիկը սեթեւեթանքով մոտենում է տարիքով տղամարդուն, թե «չգնա՞նք մի քիչ կայֆ անելու»: «Պատկերացնո՞ւմ եք, այս տարիքիս նման անպարկեշտ բան են ուզում ներկայացնել, դրանից հետո ես մտնելու եմ լսարան, ու ինձ են նայելու իմ երիտասարդ ուսանողները», դժգոհում էր մարդը:

Երբեմն ծրագրի հեղինակները միտումով հոգեբանական վիճակներ են ստեղծումՙ մարդու թաքնված բնազդներն ավելի բացահայտելու նպատակով: Ու հաճախ այդ մարդկանց փոխարեն ինքդ ես վիրավորանք զգում: Մտաբերենք երկու տարբեր սյուժեներ. սրճարանային իրավիճակ, մատուցվում են չափից ավելի աղով համեմված սնունդ եւ հյութեր: Բողոքող հաճախորդի նկատմամբ հաշվեհարդար է տեսնում ամրապինդ, լկտիորեն ինքնավստահ (այստեղ տերը ես եմՙ հոգեբանությամբ) մորուքավորը եւ թեւերը «քշտած» մի լավ ջարդում բողոքողինՙ ահ ու սարսափ տարածելով մյուսների մեջ: Ապա նույն տարբերակը կիրառվում է սրճարանային մի քանի այլ, բանից անտեղյակ այցելուների նկատմամբ, եւ բոլորն անխտիր, երիտասարդ տղաներ ու պատանիներ (բացի երկու օտարերկրացիներից), դեմքերը ծամածռելով, մի կերպ ընդունում են մատուցած աղի սնունդը, վախից ծպտուն չհանելով, դեռ գոհունակություն հայտնելով: Նույն երեւույթը նաեւ հերոինի հետ կապված պատմության հիմքում էր ընկած, դարձյալ հայ տղաները ներկայանում են անհամարձակ, արժանապատվությունից զուրկ, համակերպվող, խեղճ: Հետաքրքրական է, այդ մարդիկ հեռուստատեսային էկրանից իրենց նայող ընկեր-ընկերուհիների, մտերիմների շրջանում ինչ տպավորություն են թողնելու կամ ինչպիսի վերաբերմունքի արժանանալու: Մարդուն ստորացնելու, հեղինակազրկելու հրաշալի՜ հնարավորություն: Զարմանալի է, ասես հատուկ ծառայությունների կողմից մարդուն ճանաչելու հոգեբանական տեստեր են փորձարկվում, տգեղ ու բնավ ծիծաղ չառաջացնող, տարակուսելի մտահղացումներ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4