«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2004-11-24 | #211, 2004-11-25 | #212, 2004-11-26


ԼՂՀ. ԲՅՈՒՋԵԻ 9-ԱՄՅԱ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ Է

ԼՂՀ խորհրդարանն իր հերթական լիագումար նիստում ի գիտություն ընդունեց 2004 թ. 9 ամսվա բյուջեի կատարողականը, որի մասին տեղեկատվությամբ հանդես եկավ հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը: Համաձայն այդ հաշվետվության, նշված ժամանակամիջոցում պետբյուջեի մուտքերը կազմել են նախատեսված ցուցանիշի 105 տոկոսը կամ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ 3144.0 հազար դրամով ավելի: Սեփական մուտքերը, 3.7 մլրդ դրամ գումարով, կազմել են ընդհանուր մուտքերի 30 տոկոսը, որը վերջին տարիների կտրվածքով անհամեմատ բարձր ցուցանիշ է: Ընդ որում, ընդունելով այս թվաճը, ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը միաժամանակ դա գնահատեց որպես բյուջեի ընդունման ժամանակ որոշ հոդվածների գծով պլանների արհեստական իջեցման արդյունք, կոչ անելով կառավարությանը հաջորդ տարվա բյուջեում նախատեսել հարկային բազայի ընդլայնումը:

Խորհրդարանն այնուհետեւ փոփոխություններ ու լրացումներ կատարեց սոցիալ-տնտեսական ոլորտներին վերաբերող մի շարք օրենքներում: Մասնավորապես, փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կար նաեւ «Դատավորի կարգավիճակի մասին» օրենքում, որը վերաբերում էր դատական համակարգում աշխատած անձանց կենսաթոշակային ապահովությանը: Այս առնչությամբ սոցապ նախարար Լենստոն Ղուլյանը պարզաբանումներ արեց դատավորների կենսաթոշակի տրման կարգի ու ֆինանսական չափաքանակի վերաբերյալ, որը ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալով, արժանացավ նաեւ պատգամավորների հավանությանը:

Ընդունվեց նոր օրենք «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին», համաձայն որի նման կառույցների տերերը կարող են տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով օրինականացնել դրանք, եթե, իհարկե, նախկինում կառուցված այդ օբյեկտները համապատասխանում են ընդունված չափանիշներին:

Մեկ այլ` «Զբոսաշրջության մասին» օրենքով արգելվեց այսուհետեւ ԼՂՀ-ում արտասահմանյան եւ հայաստանյան տուրօպերատորների գործունեությունը: Նոր օրենքի ընդունումից հետո նման գործունեություն կարող են իրականացնել միայն ԼՂՀ-ում գրանցված կազմակերպությունները:

Կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների առաջարկությամբ ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը հանդես եկավ ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ: Խորհրդարանականներին հետաքրքրում էր արտաքին գերատեսչության ղեկավարի մոտեցումը ԵԽԽՎ-ում Դեւիդ Աթքինսոնի զեկուցման նախագծի եւ ՄԱԿ-ում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» իրավիճակի քննարկման առնչությամբ: Աշոտ Ղուլյանն այս կապակցությամբ ընդգծեց կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձնաշնորհությունը: Ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումները միջազգային կազմակերպությունների օրակարգ մտցնելը որակելով որպես Ադրբեջանի կողմից կարգավորման գործընթացը շեղելու փորձեր, արտգործնախարարը նաեւ վերահաստատեց առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցությունների անիմաստության` իրենց հստակ դիրքորոշումը:

Համաձայն ԱԺ կանոնակարգի, պատգամավորները նիստի վերջում հանդես եկան տարբեր բնագավառների վերաբերող հայտարարություններով, շեշտադրելով դրանց կապակցությամբ իրենց դիտարկումներն ու մտահոգությունները:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4