«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2004-11-24 | #211, 2004-11-25 | #212, 2004-11-26


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ

Կարծում են խորհրդարանականները

Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների առանցքում, ինչպես եւ սպասվում էր, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, առիթը` երկարատեւ լռության անսպասելի խախտումը նրա կողմից: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո անմիջապես, օդանավակայանում նա հարցազրույց էր տվել մի քանի լրագրողների:

ԱԺ խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները եւս երկարատեւ դադարից հետո Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական անձի ու նրա անհավանական վերադարձը քննարկելու հնարավորություն ունեցան:

Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր խորհրդարանականները, տեղ-տեղ զգուշավորության նոտաներով, հիմնականում համակրանք արտահայտեցին հանրապետության առաջին նախագահի հանդեպ: Մասնավորապես ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռատես եւ լայն աշխարհըմբռնմամբ օժտված գործիչ է, եւ նրա բոլոր վերլուծություններն ու գնահատականները խիստ կարեւոր են եղել»: Անդրադառնալով նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հայտնի հոդվածին, Գուրգեն Արսենյանն ասաց, որ համամիտ է դրանում արտահայտված բոլոր տեսակետներին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը վաղաժամ համարեց Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին խոսակցությունները: «Արդարություն» խմբակցության կարծիքով` Լ. Տեր-Պետրոսյանին պետք է հանգիստ թողնել, «քանի որ նա այն անձն է, որը հորդորանքի ու խորհուրդների կարիք չունի, եւ ինքը կարող է որոշել` վերադառնա՞լ, թե ոչ, կամ երբ վերադառնալ»:

Գնահատելով 1997 թվականից հետո ԼՂՀ հարցի շուրջ առաջացած իրավիճակը, Հայաստանի առաջին նախագահն ասել է, որ «Ղարաբաղի հարցում հիմա ոչ միայն որեւէ առաջընթաց չկա, այլեւ տեսնում եմ տխուր հետեւանքներ: Ավելի խորանում, ավելի բարդանում է մեզ համար հարցի լուծումը»: Այս գնահատականին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արձագանքը սառն էր. «Ես կարծում եմ, որ մեր հանրապետության առաջին նախագահը իր մուտքը հենց այդտեղից չպետք է սկսեր: Թույլ տվեք չհամաձայնել նրա հետ: Ղարաբաղի հարցում մենք մեր դիրքորոշումներից չենք նահանջել»:

Անհամեմատ կոշտ էր «Ազգային միաբանության» արձագանքը: Ալեքսան Կարապետյանը ասաց. «Մեր ժողովուրդը հիշողության կորուստ չունի: Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող, ինքն էլ չի տեսնում իր վերադարձը: Եթե վերադառնալու միտք ունենային, պիտի կանգնեին մեր (ընդդիմության) կողքին: Բայց նրանք ասում են` իշխանությունները լավը չեն, բայց ընդդիմությունն էլ մի բան չէ, իրենց համար տեղ են անում:

Մի գիրք գրել է, երկրորդի վրա է աշխատում, թող գրի, ավելի լավ չէ՞»:

Ուկրաինայում մեր սցենարի կրկնությունն է

Անցնող շաբաթվա ամենակարեւոր իրադարձությանը` Ուկրաինայում անցկացվող ընտրությունների վերաբերյալ խորհրդարանականների արձագանքները բազմազան էին: Դարձյալ ինքնատիպությամբ առանձնացավ Ալեքսան Կարապետյանը` ուկրաինական ընտրությունները համեմատելով 2003 թվականի փետրվարին Հայաստանում տեղի ունեցածի հետ:

«Ուկրաինայում տեղի ունեցածը չէր լինի, եթե չլիներ այն, ինչ եղավ մեզ մոտ` փետրվարին»: Նա կանխատեսում է, որ Կիեւում հնարավոր է նաեւ մեր ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: Եվ դա, ի վերջո, կարող է հանգել անջատողական տրամադրությունների զարգացմանն ու խորացմանը նաեւ Ուկրաինայում:

Անսպասելի էր նաեւ ՄԱԿ-ի ղեկավարի կտրուկ հայտարարությունը «իրենց կարծիքով հաղթած նախագահ Վիկտոր Յուշչենկոյին եւ ուկրաինական ժողովրդին անվերապահ աջակցություն արտահայտելու» վերաբերյալ:

Վիկտոր Դալլաքյանը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ընտրությունների արդյունքները դեռ չհրապարակած, Պուտինը հապշտապ շնորհավորեց Յանուկովիչին, Իսկ ԱՄՆ-ը, հակառակը, խիստ գնահատական տվեց ընտրությունների արդյունքներին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ Ուկրաինայում կհաղթեն ռուսական ազդեցության ուժերը, եւ «դա Հայաստանի համար լավ կլինի»:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4