«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2004-11-24 | #211, 2004-11-25 | #212, 2004-11-26


«ՍՈՑՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ 15-20 ՏՈԿՈՍ ԱՃ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՆԿԱԼԵԼ»

Հույս հայտնեց հարկային ծառայության պետի տեղակալը

Կառավարությունը երեկ հաստատել է սոցիալական վճարների գանձումները սոցիալական հիմնադրամից հարկային ծառայությանը փոխանցելու որոշումը, որի մանրամասները ներկայացրեց հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Հիշեցնենք, որ կառավարության կողմից առաջիկա մի քանի օրվա ընթացքում ընդունվելիք այդ որոշման մասին «Ազգն» արդեն տեղեկություն հաղորդել էր («Սոցվճարների հավաքումը կհանձնվի հարկային ծառայությանը», 17 նոյեմբերի, 2004 թ.) եւ անդրադարձել մանրամասներին («Սոցիալական վճարներըՙ հարկային ծառայությանը», 18 նոյեմբերի,. 2004 թ.): Չկրկնելու համար ներկայացնենք Արմեն Ալավերդյանիՙ կառավարության նիստին հաջորդած ասուլիսի միայն որոշ հատվածները:

Հարկային ծառայության պետի տեղակալը մասնավորապես հայտնեց, որ կառավարությունը այս որոշման իրականացումը համարել է անհետաձգելի եւ հանձնարարել անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել մինչեւ տարեվերջ մի շարք օրենքներում այդ նպատակով փոփոխություններ կատարելու համար: Խոսքը «Հարկերի մասին», «Պարզեցված հարկի մասին», «Սոցվճարների մասին» եւ այլ օրենքների մասին է: Նախատեսվում է, որ սոցվճարների հավաքման գործառությունը սոցիալական հիմնադրամից հարկային ծառայությանը կանցնի 2005 թ. հունվարի 1-ից: Առաջին եռամսյակը կլինի այդ գործընթացի անցումային շրջանը:

«Ազգի» հարցին, թե սոցվճարների գծով որքա՞ն աճ կարելի է ակնկալել, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ ամեն ինչ կարվի ապահովելու համար սոցվճարների հավաքման աճ, այնպես, ինչպես դա տեղի է ունենում հարկերի հավաքման ցուցանիշների հետ: Եթե հարկային եկամուտների աճը կազմել է 15-20 տոկոս, ապա, ըստ հարկային ծառայության պետի տեղակալի, նույնքան աճ էլ կարելի է սպասել սոցվճարների գծով: Ելույթ ունեցողի կարծիքով, հարկային ծառայությունը սոցիալական վճարներն արդյունավետ հավաքելու ավելի մեծ հնարավորություններ ունի: Իսկ սոցիալական հիմնադրամը պետք է դառնա կենսաթոշակների կուտակային հիմնադրամ, ինչը նրա գլխավոր նշանակությունն է:

Կառավարության վերոնշյալ որոշումը Արմեն Ալավերդյանը կարեւոր համարեց նաեւ եկամտահարկի հավաքման արդյունավետությունը բարձրացնելու առումով, քանի որ հաշվարկման բազան նույնն է: Իսկ սոցվճարների առումով լուծման կարիք ունեցող երկու էական խնդիր կաՙ աշխատակիցների թվի եւ աշխատավարձի չափի հետ կապված: Հայտնի է, որ գործատուները իրենց ոչ բոլոր աշխատակիցներին են հայտարարագրում եւ ճիշտ չեն նշում հայտարարագրվածների աշխատավարձերի իրական չափերը: Այդ երեւույթը տարածված է հատկապես սպասարկման, մանրածախ առեւտրի ոլորտներում: Հակառակ դրան, աշխատավարձերի իրական չափերը ներկայացնում են բանկերը, միջազգային կազմակերպությունները, արդեն հեղինակավոր ընկերությունները:

Տնտեսվարողների համար այս որոշման առավելություններն ակնհայտ են: Նրանք վարչարարության կենթարկվեն երկուսի փոխարեն մեկ մարմնի կողմից, հաշվետվություններ կներկայացնեն նույնպես մեկ մարմնի:

Սոցիալական հիմնադրամի ավելի քան 400 աշխատակիցներն էլ դուրս չեն մնա աշխատանքից: Նրանք, առանց քաղծառայության մրցույթի, աշխատանքի կանցնեն հարկային ծառայությունում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4