«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2004-11-25 | #212, 2004-11-26 | #213, 2004-11-27


ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ՖՈՐՈՒՄԸ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստան ժամանած Կորեայի դեսպան Չանգ Թայ-իքին ուղեկցող գործարարների պատվիրակությունը երեկ մասնակցեց հայ-կորեական բիզնես-ֆորումին: Դեսպանի խոսքերով, կառավարություն-կառավարություն հարաբերությունները տնտեսական աճը խթանելու համար բավարար չեն: Գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումները կարող են բերել համագործակցության, որի արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր: Նման ֆորումի կազմակերպումը, ըստ դեսպանի, լավ հնարավորություն էր ճանաչելու Հայաստանի տնտեսական քաղաքականությունը Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններում: Բիզնես-ֆորումին մասնակցում էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, գործարարներ, դիվանագետներ:

Զարգացման հայկական գործարարության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը կորեացի գործարարներին ներկայացրեց ներդրումային մթնոլորտը Հայաստանում: Պրն Մովսիսյանը ներկայացրեց տնտեսական ցուցանիշներ, տնտեսության ազատությանը վերաբերող տվյալներ: Բավականին ընդլայնված ներկայացրեց նաեւ Հայաստանի ունեցած ռեսուրսները տարբեր ոլորտներում, որոնք կարող էին հետաքրքրել կորեացի գործարարներին:

Առեւտրի եւ տնտեսական նախարարության փոխնախարար Տիգրան Դավթյանը խոսեց Հայաստանի եւ Կորեայի առեւտրատնտեսական հարաբերությունների վիճակի եւ դրանց զարգացման հեռանկարների մասին: Փոխնախարարը ներկայացրեց ներկայումս գրանցված տնտեսական ցուցանիշները Հայաստանում: Տիգրան Դավթյանը Հայաստան-Կորեա ապրանքաշրջանառության առումով նշեց, որ այդ ցուցանիշը չի կարող բավարարել կողմերին, եթե հաշվի առնվի չօգտագործվող հսկայական ներուժը: Փոխնախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ որոշ ապրանքատեսակների առումով Հայաստանը եւ Կորեան անմիջապես առեւտրով չեն զբաղվում, այլ, օրինակ, կորեական որոշ արտադրանքներ Հայաստան են մուտք գործում երրորդ երկրից: Որպես կառավարության ներկայացուցիչ, Տիգրան Դավթյանը կարեւոր համարեց երկու երկրների ոչ միայն առեւտրային հարաբերությունները, այլեւ ներդրումային համագործակցությունը: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց այդ համագործակցությանն աջակցելու:

Նշենք, որ ներկայումս թեեւ հայկական շուկայում կան որոշ կորեական ապրանքներ, բայց Հայաստանում գործում է միայն մեկ հայ-կորական ձեռնարկությունՙ «Եվրոթերմը»: Ըստ ներկաների, համագործակցության այլ ոլորտներ կարող են լինել: Իսկ մինչ այժմ եթե կորեական ապրանքատեսակներից Հայաստան են մուտք գործում հիմնականում աուդիո, վիդեո սարքավորումներ, ապա Կորեա են արտահանվում հայկական արտադրության տրանզիստորներ, որոշ դետալներ բարձր տեխնոլոգիաների համար, նաեւ ալյումին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4