«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2004-11-25 | #212, 2004-11-26 | #213, 2004-11-27


ՏԱՏՐՅԱՆՆ ՈՒ ՖԱՅՆՍԹԱՅՆՆ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՏՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂՆԵՐԻՆ

Նամակը տպագրվել է «Թայմս»-ի գրական հավելվածում

Կանադայի «Զորյան» ինստիտուտից ստացված մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հեղինակավոր «Թայմս լիթրըրի Սափլիմենտ» պարբերականի խմբագրին ուղղված նամակով Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների ճանաչված գիտնականներ Վահագն Տատրյանը (Կանադայի Զորյան ինստիտուտից) ու Սթիվն Ֆայնսթայնը (Մինեսոտայի համալսարանից, ԱՄՆ) արժանի հակահարված են տվել եւ անվիճելի փաստարկներով հակադարձել են Անկարայի Բիլկենտ համալսարանից Նորման Սթոունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հերքումներին, որոնք նամակի ձեւով լույս են տեսել վերոնշյալ պարբերականում հոկտեմբերի 15-ին եւ նոյեմբերի 5-ին: Տատրյանի եւ Ֆայնսթայնի պատասխանը հրատարակվել է նոյեմբերի 19-ին: Գտնելով, որ պատմության նենգափոխման սթոունյան համառ ջանքերը սարսափեցնող ու վհատեցնող են, նրանք մեկ առ մեկ պատասխանել են նրա սխալ աղբյուրներից քաղած «հիմնավորումներին»: Այսպես, Արդահանի, Կարսի եւ Բաթումի նահանգների Թուրքիային չպատկանելու Սթոունի պնդումներին Տատրյանն ու Ֆայնսթայնը մեջբերել են Ջեյն Դեգրասի խմբագրությամբ «Խորհրդային փաստաթղթեր արտաքին քաղաքականության վերաբերյալ» գրքի առաջին հատորից (1951 թ., էջ 53) այն տողերը, որտեղ հստակ նշվում է, թե Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չորրորդ հոդվածում (երրորդ պարբերություն) ամրագրված է «Ռուսաստանը իր կարելին կանի արեւելյան Անատոլիայի նահագներից իր շուտափույթ նահանջը ապահովելու համար: Արդահանի, Կարսի եւ Բաթումի շրջաններն անհապաղ կպարպվեն ռուսական զորքերից»:

Ապա անդրադառնալով գերմանական դատական գործի գրառումներին, որոնք Սթոունը քննադատել է, ասելով, որ Նաիմ-Անտոնյան փաստաթղթերը «դուրս են շպրտված» այնտեղից, նրանք Սթոունի ուշադրությունն են հրավիրել «դուրս շպրտված լինելու» եւ «գիտակցական որոշումով չընդգրկված լինելու» միջեւ գոյություն ունեցող հսկայական տարբերության վրա, նշելով օրինակներ Թեսա Հոֆմանի 1985 թվի գրքից, ինչպես նաեւ Ռոբերտ Կեմպների (հայտնի գերմանացի իրավաբան, որը ներկա է եղել Թալեաթ փաշայի դատավարությանը Բեռլինում) վկայություններից, որոնք տպագրվել են «60 տարի առաջ: Գերմանական մի դատավարություն: Հայերի ցեղասպանությունը»: (հատոր 3, էջ 167), 1980 թվին հրատարակված գերմաներեն գրքում:

Սթոունը նաեւ կասկածով է վերաբերվել Հիտլերի «Ո՞վ է հիշում հայերի բնաջնջումն այսօր» հայտնի խոսքերին: Դրան Տատրյանն ու Ֆայնսթայնը հակադրել են Էդուարդ Կալիքի մանրամասն ուսումնասիրություններով հաստատված փաստը, որը Հիտլերը 1939-ից առաջ էլ 2 անգամ նույն ոճով արտահայտվել է Հայոց ցեղասպանության մասին: Կալիքը դրա մասին գրել է իր «Դիմակազերծված երկու գաղտնի հարցազրույց Հիտլերի հետ» գրքում:

Սթոունի այլ հերքումներին եւս պատասխանելով, նրանք խորհուրդ են տվել նրան ընթերցել «Նյու Յորք թայմսի» 2000 թ. հունիսի 8-ի եւ հետագայում «Ջերուսալեմ փոստի» էջերում տպագրված այն հայտարարությունը, որ «Հայոց ցեղասպանությունն անվիճարկելի պատմական փաստ է»:

Դա ստորագրել են Ֆիլադելֆիայում կայացած «Ցեղասպանության եւ եկեղեցիների կոնֆերանսի» 30-րդ տարեդարձի մասնակից 126 գիտնականներ, որոնց թվում նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4