«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2004-11-25 | #212, 2004-11-26 | #213, 2004-11-27


ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Հնդկաստանի Կոչին քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնության վերջին երկու տուրերում Տիգրան Պետրոսյանը վաստակելով ընդամենը կես միավոր, զիջեց առաջատարի իր դիրքը: 10-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով ոչ-ոքի ավարտեց պարտիան ուզբեկստանցի Թիմուր Գարեեւի հետ: 7 միավորով Տիգրանը շնորհիվ լրացուցիչ գործակիցների զբաղեցնում է 4-րդ տեղը: Նույնքան միավոր ունեն Պերես Քվեզադան, Քրիստիան Ջիանուն, Յուրի Դրոզդովսկին եւ Յան Սմեցը:

Աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան: Վերջին տուրերում նա մրցակիցների հետ խաղաղ դաշն է կնքում: Այս անգամ Հարիկրիշնան միավորը կիսեց Պերես Քվեզադայի հետ մրցախաղում: Առաջատարի հաշվին գրանցված է 8 միավոր: Նրանից կեսական միավորով հետ են մնում չին Չժաո Յունը եւ հնդիկ շախմատիստ Սենգուրթա Դեպը: Յունը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Յուրի Դրոզդովսկու հետ, իսկ Դեպը հաղթեց ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւին: 7-ական միավոր վաստակած Ջիանուն ու Սմեցը համապատասխանաբար պարտության մատնեցին Էրվին Էմիին եւ Սրինիվաս Սաին:

11-րդ տուրում Պետրոսյանը կմրցի ռումինացի Քրիստիան Ջիանու հետ: Մեդալների համար պայքարում կարեւոր նշանակություն ունեն նաեւ Հարիկրիշնա-Սմեց, Յուն-Դեպ, Դրոզդովսկի-Քվեզադա, Ալեքսեեւ-Գարեեւ պարտիաները:

Աղջիկների մրցաշարում եռիշխանությունը վերածվեց երկիշխանության: Առաջատարներից երկուսըՙ Էլիզաբեթ Պյոտցը եւ Եկատերինա Կորբուտը հաղթեցին համապատասխանաբար Տանյա Սաշդեւին ու Կարավադե Եշային եւ վաստակեցին 8-ական միավոր: Իսկ ահա Աննա Ուշենինան ոչ-ոքի խաղաց Վինուտնայի հետ եւ առաջատարներից հետ մնաց կես միավորով: Երեք շախմատիստուհիներ վաստակել են 6,5-ական միավոր:

Այսպիսով, աշխարհի առաջնության ավարտին մնաց 3 տուր: Հենց ավարտական տուրերն էլ կանվանեն մրցանակակիրներին: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 1-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4