«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2004-11-25 | #212, 2004-11-26 | #213, 2004-11-27


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽԱԲՈ՞ՒՄ Է

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ գալիք շաբաթվա վերջին կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված եւ վերահաստատված տարբերակի վերաբերյալ: Կմասնակցեն կառավարության, «Արմենտելի», IP հեռախոսակապ տրամադրող ընկերությունների ներկայացուցիչները: Քննարկվելիք խնդիրը լինելու է ոչ միայն ինտերնետ հեռախոսակապ տրամադրող ընկերությունների 3000 աշխատողներին սպառնացող գործազրկությունը: Քննարկվելու է նաեւ «Արմենտելին» տրամադրված մենաշնորհային ժամկետի հարցը:

Բանն այն է, որ հեռուստատեսությամբ ու մամուլով արդարադատության նախարարը կանխավ հայտարարել էր, որ 3,5 տարով կրճատվել է «Արմենտելին» տրվող մենաշնորհի ժամանակը: Լիցենզիայի սրբագրված տարբերակում ժամկետային որեւէ փոփոխություն չի նշվում:

«Արդյոք նախարարը անտեղյակ է լիցենզիայի մանրամասներին» հարցին Պետաիրավական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը նախարարը պետք է տա: Լիցենզիայում նման կետ չկա, դարձյալ նույն 15 տարին է»:

Խորհրդարանական լսումների ժամանակ քննարկվելու է նաեւ «Արմենտելին» զիջումներ անելու համար լիցենզիայում կատարված փոփոխությունը: Խոսքը վերաբերում է 50-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերի թվայնացմանն ու հեռախոսակապի տրամադրմանը: Արտոնագրի նախկին տարբերակում «Արմենտելը» պարտավոր է հեռախոսաֆիկացնել նաեւ մինչեւ 50 բնակիչ ունեցող գյուղերը:

«Ազգի» հարցին, թե ինչ կտան խորհրդարանական լսումների դիտողություններն ու առաջարկները, հնարավո՞ր է, որ արտոնագրի մեջ նոր խմբագրում լինի, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց. «Մենք իրավունք ունենք խորհրդարանական լսումների արդյունքում օրինագիծ պատրաստելու եւ մտցնելու եռօրյա նիստերի օրակարգ: Եթե ԱԺ-ն համապատասխան օրենք ընդունի, կառավարությունը պարտավոր է վերախմբագրել լիցենզիան»:

Արշակ Սադոյանը խոստացել է խելոք մնալ

Եվ մի հետաքրքրական նրբերանգ եւս գալիք խորհրդարանական լսումների մասին. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ինքը խնդրել է Սադոյանին լսումների ժամանակ կոռեկտ լինել եւ շատ աղմուկ չհանել: Թե չէ` դուրս կհրավիրեն: Սադոյանը խոստացել է, թեեւ իր մեկնաբանությամբ` դժվար է ձայնը չբարձրացնել եւ ասել, թե սուտ է, երբ ապատեղեկատվություն է լսում: Բայց այս անգամ ինքը հույս ունի, որ ձայնը բարձրացնելու անհրաժեշտություն չի լինի:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4