Դպրոցներին հասցեագրված գումարն աննախադեպ է
Երեկ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ընդլայնված նիստ էր գումարել, որի քննարկման առարկան «2005 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված պետական ինվեստիցիոն ծրագրերի եւ բյուջետային վարկավորման հարցերն էին:
«Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի 80 տոկոսից ավելին ներկայացնում է մասնավոր հատվածը: Պետության խնդիրն այդ մասնավոր հատվածի համար պայմաններ ստեղծելն է, այսինքն, իբրեւ գերակայություն, ենթակառուցվածքների զարգացումը», երեկ լրագրողներին ասաց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Այդ ենթակառուցվածքների մեջ առաջնային տեղ կունենան ճանապարհները:
Պետբյուջեն ծախսերի զգալի աճ է նախատեսել ճանապարհների պահպանման ու նորոգման համար: Նախորդ տարվա 5 մլրդ 378 մլն դրամի փոխարեն գալիք տարում հատկացվելու է 11,4 մլրդ դրամ, այսինքն, գրեթե կրկնակի ավելացում է նախատեսվում:
Շինարարական առաջնահերթությունների մեջ այս տարի ներառվել են նաեւ կամուրջները, որոնց նորոգումների համար երկար տարիներ գումարներ չեն տրամադրվել:
Ճանապարհների նորոգումների համար մրցույթներում հաղթած կազմակերպությունները կպարտավորվեն 2-3 տարի հոգալ նաեւ իրենց նորոգած ճանապարհների պահպանության հոգսը: Նախագիծը ներկայացնող ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի համոզմամբ, միայն միջպետական ճանապարհների պահպանության համար տարեկան անհրաժեշտ է նվազագույնը 16 մլն դոլար: Եթե նկատի առնենք նաեւ համայնքային, հանրապետական, մարզային ճանապարհները, ապա նախատեսվող գումարը նույնիսկ շատ քիչ է:
Հաջորդ բնագավառը, որի վրա կառավարությունը սրելու է ուշադրությունը, գյուղատնտեսությունն է: Հեռահար նպատակը ոլորտը «մաքսիմալ մրցունակ դարձնելն է ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ ողջ աշխարհում»: Այսօր արդեն մեր գյուղատնտեսական արտադրանքն արտահանվում է ե՛ւ Եվրոմիության, ե՛ւ ամերիկյան երկրներ: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը տեղեկացրեց, որ եկող տարվանից ավելացված արժեքի հարկը կիրառվելու է նաեւ գյուղատնտեսական առաջնային ապրանքների նկատմամբ:
Էներգետիկայի ասպարեզում նոր ծրագիր է ֆինանսավորվելու: Դա ատոմակայանի միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցման ծրագիրն է: Դրա կառուցման արժեքը հաշվարկվել է 1 մլրդ 705 մլն դրամ:
Դպրոցների հիմնանորոգման համար նախատեսված գումարն աննախադեպ է` 4,5 մլրդ դրամ: Այդպիսի թիվ երբեք չի եղել: Համեմատության համար ասենք, որ այս տարի նույն նպատակին հասցեագրվել էր 766 մլն դրամ: Այս անգամ խոստացվում է այդ գումարները ծախսել ոչ թե կոսմետիկ նորոգումների, այլ ջեռուցման համակարգերի ու սպորտդահլիճների խնդիրները կարգավորելու համար: Միայն նախագծային աշխատանքների համար ծախսվելու է 1 մլրդ դրամ:
Եվ վերջապես, պետբյուջեում առաջին անգամ գումարներ են առանձնացվել ստանդարտացման, չափագիտական համակարգերի, վերահսկողության ոլորտի համար, որ նախկինում երբեւէ չեն եղել:
Պետբյուջեն շեշտադրումներ է արել նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա` ֆիզիկա, կենսատեխնոլոգիա, ռադիոֆիզիկա, գիտական տեխնոպարկերի ստեղծում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ